Ի՞ՆՉ ԿՓՈԽԵԻ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ

5

 Փետրվարի 19-ին՝ գրքի օրվան ընդառաջ՝ Թիմ Թայմը կազմակերպել էր ստեղծագործական աշխատանքների մրցույթ՝ «Ի՞նչ կփոխեիք Հայաստանում» խորագրով: Ճամփորդը տպագրում է հաղթող ճանաչված Սաթենիկ Բալաբեկյանի աշխատանքը:

Չեմ ուզում երկար-բարակ հիշեցնել այն մասին, որ փողոցում քայլող ցանկացած մարդ ուզում է փոխել կամ ավելի ճիշտ ոչ թե անձամբ փոխել, այլ մի օր արթանանալ ու փոխված տեսնել Հայաստանը:

Ես ուզում եմ միմիայն այդպիսի մարդկանց փոխել: Ներարկել այն գիտակցությունը, որ զգալի փոփոխությունը կգա միայն սեփական ԵՍ-ի փոխվելուց հետո:
Ինչպե՞ս կարող է փոխվել երկիրը, եթե հենց նոր Դու աղբը նետեցիր գետնին՝ անտեսելով 1մ հեռավորության վրա գտնվող աղբամանը:
Իսկ Դու՞, Դու էլ ուզում ես միայն գնալ աշխատանքի, հետ գալ ու հանգիստ ապրել. չես ուզում դառնալ քո երկրում կայացող գործընթացների մի մասնիկը, խառնվել, եփվել, մեկտեղ դառնալ գունդուկծիկ…. Եվ մի՞թե այդպես կփոխես երկիրը դեպի լավը…

Դու կուրախանաս ու կմտածես, որ նախորդ երկուսը քո մասին չեն, բայց…Դու էլ Քո երեխային անճաշակ երաժշտություն ես պարտադրում լսել դեռ օրորոցից…
Լավ, լավ, Քո մասին էլ կասեմ: Դե հա, նախորդ 3 դեպքը հաստատ Քո մասին չեն, բայց Դու էլ նստում ես մեքենադ ու վստահեցնում, որ ամրագոտին պետք չէ կապել, իսկ ես ամեն դեպքում անտեսում եմ Քո խայթող հայացքն ու կապում: Դու էլ ոչինչ չես փոխի, հավատա…

Եվ ընդհանրապես ՄԵՆՔ բոլորս միայն մեղադրում եք ու պահանջում. հեշտ չէ փոխել երկիրը, բայց կարելի է, երբ այն այնքան փոքր է, որ գրեթե բոլորս միմյանց ճանաչում ենք:
Երկիրը ՎԵՐԵՎՆԵՐՈՒՄ չեն փոխում, երկիրը փոխում են հասարակ քաղաքացիները, երբ իրենց առօրյայով ապացուցում են, որ արժանի են ավելիին, որ կարող են լինել ավելին, քան ցանկացած եվրոպացի կամ ամերիկացի, որ իրենց երկրում էլ կարող են օրենքին ուժ տալ և ապրել օրինավոր: Ոչ մի երկիր ՄԵԿ հոգի չի փոխել, այլ փոխել են հազարավոր ՄԵԿ հոգիներ:
Հիմա կհարցնեք, իսկ Ե՞ս: Ես էլ ունեմ փոխվելու տեղեր, ու հաստատ փոխվելու եմ, որ փոխեմ իմ երեխայի ապագա ՀԱՅԱՍՏԱՆԸ:
Վերջում ավելացնեմ, որ Ես ոչ մեկին չեմ քննադատում, պարզապես ազատություն եմ տալիս մտքերիս… Մի պահ Դուք էլ տվեք…

Սաթենիկ Բալաբեկյան

Լուսանկարը՝ Յուլյա Ստարկովայի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register