ԻՆՉՈՒ  ԵՆ ՄԵԾ ՎԱԽԻ ԱՉՔԵՐԸ

info-kayk-2

Ասում են՝ կողքի աչքով ինքդ քեզ նայելն  իմաստուն որոշում է: Նկատում ես սխալներդ ու սկսում քեզ ավելի օբյեկտիվ գնահատել։ Իրականում, սա միայն մարդկանց չէ, որ վերաբերում է։ Կարելի է երկրի մասին էլ կարծիք կազմել՝ սեփականիդ այլոց աչքերով նայելու միջոցով։

Համաշխարհային բանկի «Doing Business» տարեկան հաշվետվության համաձայն՝ Հայաստանն ընկրկել է՝ զիջելով իր դիրքերը: Անմիջապես բողոքելու փոխարեն, ինչը մենք սիրում ենք անել, եկեք ավելի շրջահայաց լինենք ու խնդիրը դիտարկենք  մեկ այլ տեսանկյունից:

Մենք Իտալիայի և Հունգարիայի կողքին ենք՝ եվրոպական երկրների, որոնք շուկայական տնտեսության են անցել Հայաստանից դեռ շատ տարիներ առաջ: Մինչդեռ մենք հազիվ 25 տարվա տնտեսություն ունենք, ինչը տնտեսական կայունության հասնելու համար չափազանց չնչին ժամանակահատված է: Երկարաժամկետ վերլուծության և գլոբալ դիտարկման տեսանկյունից մենք կհամոզվենք, որ Հայաստանն այնտեղ է, որտեղ և պետք է լիներ: Համաշխարհային բանկի նույն հաշվետվության տվյալներով մենք արդեն որերորդ տարին է՝ զգալիորեն գերազանցում ենք Ադրբեջանին: Մենք դա անում ենք՝ ունենալով հարևան երկրի ռեսուրսների համեմատ չնչին  հնարավորություններ:             Այս հաշվետվությունն օգնում է հասկանալ, թե որ բարեփոխումներն են արդյունավետ և որոնք՝ ոչ, որ ոլորտներն են ավելի լավ աշխատում և որոնք ունեն բարեփոխումների կարիք: Ոչ մի լավ բան մեկ գիշերվա ընթացքում չի լինում, ամեն բան դեպի լավը կգնա՝ դանդաղ, բայց հաստատուն կերպով:

Եվ դրական տեղաշարժն արդեն իսկ կա: Առաջին անգամ ես Հայաստանը տեսա 2007 թվականի մայիսին, երբ 2 շաբաթով այցելեցի երկիր: Այս 10 տարիների ընթացքում ես դարձել եմ  զգալի դրական փոփոխությունների ականատեսը:

Համենայն դեպս, սոցիալ-տնտեսական իրողությունից ելնելով, մենք հաճախ ենք բողոքի ալիք բարձրացնում, քաջ գիտակցելով անգամ, որ որոշ հարցերի շտկման համար  իսկապես ժամանակ է պահանջվում: Մի քանի շաբաթ առաջ մենք խոսեցինք ապրանքների գների և աշխատավարձերի, և գների ու աշխատավարձերի աճի թվացյալ անհամաչափության մասին: Բողոքում էին՝ առանց հաշվի առնելու, որ մինչև 2014 թվականը անվանական աշխատավարձերն աճում էին ավելի մեծ չափով, քան գները: Եվ 2013 թվականից սկսած ԿԲ-ն ձգտում է պահպանել  գնաճի նվազագույն հնարավոր մակարդակն ու քաղաքացիների գնողունակությունը: Մարդիկ,սակայն, հաշվի չեն առնում, որ Հայաստանը նույնպես բաց տնտեսություն է, և արտաքին ազդակները մեզ վրա էլ են ազդում, միջազգային միտումները մեզ մոտ նույնպես  իրենց դրսևորումն են ունենում: Հարկավ, կան փաստեր, որոնք բողոքելու տեղիք են տալիս, արդարացված են ու տեղին: Սակայն մենք պետք է մշտապես հիշենք, որ Հայաստանն ինչ-որ  առումով այլընտրանք չունի: Համենայն դեպս՝ գոնե այս պահին։ Փոփոխությունների ու ավելի լավ երկիր կառուցելու ճանապարհը սա է՝ քարքարոտ, տատասկաշատ ու դժվարանցանելի: Մենք բնական ռեսուրսներով հարուստ  երկիր չենք և խիստ սահմանափակ բյուջե ունենք: Ինչ է սա նշանակում: Սա նշանակում է որդեգրել արտահանման խրախուսման քաղաքականություն և կենտրոնանալ տնտեսական աճ ապահովող այլ գործոնների վրա. աշխատանքային ռեսուրսների արտադրողականության աճ, նորարարություն, մրցակցություն և այլն: Սրա ընկալումն օգնում է հասկանալ կառավարության օրակարգը և բյուջեն: Մեր բյուջեի նախագիծն արդեն հաստատված է և կառավարությունը հաշվետու է հատկացումների ծախսման արդյունավետության համար: Հուսով եմ, որ հատկացումների ոլորտներն ընտրելիս նրանք կկենտրոնանան տնտեսական աճ ապահովող լծակների վրա, մասնավորապես այն ոլորտներում, որտեղ նորարարություններն ու հանրայինի ու մասնավորի համագործակցությունը հնարավոր կլինի: Դա կլինի նորարարությունների միջոցով  տնտեսական արտադրողականության աճի խթանման նպատակին հասնելու լավագույն եղանակը: Սա բավականին բարդ առաջադրանք է, սակայն վերջնական նպատակը միանշանակ է՝ աճ: Եթե երկիրը երկարաժամկետ, կայուն աճ ու մրցակցության բարձր մակարդակ է ցանկանում ապահովել, ուրեմն կարճաժամկետ հատվածում և խիստ սահմանափակ ռեսուրսների պարագայում պետք է կարողանա որոշակի զիջումների գնալ: Ահա թե ինչու մեզ այդքան էլ չպետք է անհանգստացնի «Doing Business»-ի դասակարգման մեջ  արձանագրված դիրքային որոշակի զիջումը: Եվ ահա թե ինչու է կարևոր ինքդ քեզ «կողքի աչքով» նայելը, բայց և ինքդ քեզ օբյեկտիվ գնահատելը։

Սիրով՝ ձեր  Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register