Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՍԵՊՏԵՄԲԵՐԸ

september

Եվս երկու օր և մենք հրաժեշտ կտանք ամռանն ու կմտնենք ոսկե աշուն: Ամռան հանգստին  ու հարաբերական  տեղատվությանը կփոխարինի եռուզեռը՝ հատկապես այն ընտանիքներում, որտեղ դպրոցական կամ ուսանող կա: Անչափ հաճելի է սեպտեմբերի մեկին ոտք դնել դպրոց կամ համալսարան, անգամ եթե  դա առաջին անգամը չէ: Այդ օրը շարունակում է մնալ նաև նորի, գեղեցիկի ու թարմության խորհրդանիշ:

Իսկ ինչ է իրականում թաքնվում  այդ օրվա գեղեցիկ ժպիտների ու հանդիսավորության ետևում, որ ծնողները «խնամքով»  թաքցնում են: Դե իհարկե ծախսը, գեղեցիկ օրվա պարտադիր ծախսը, որ տարբեր է տարբեր ընտանիքներում: Փորձենք դիտարկել սեպտեմբերի մեկի գինը՝ միջին հայկական պատկերացումներով:

Առաջին դասարանցին գրված ու չգրված ընտանեկան օրենքներով դպրոց է գնում ոտից գլուխ նոր հագած-կապած: Սպիտակ վերնաշապիկի գինը աղջիկ-տղա հարաբերակցությամբ սկսվում է հինգ հազար դրամից, անգամ այն մոդելները, որ սեպտեմբերից դուրս երեք հազարով էլ էին առաջարկվում: Տաբատը կամ կիսաշրջազգեստը՝ գրեթե նույնքան: Կոշիկները՝ նույնպես: Նոր պայուսակը շուկայում շատ է, գներն էլ բազմազան: Փորձը ցույց է տալիս՝ ամենաէժանը տարվա կեսին անգամ չհասած՝ «շունչը փչում» է: Ուրեմն պետք է հինգ հազարի վերևներում փնտրել: Մի քանի հազար գնում է արդուզարդի վրա՝ աղջիկներին հերակալ, ժապավեն,  տղաներին՝ փողկապ կամ թիթեռնիկ:

Պայուսակի պարունակությունը անգամ առաջին դասարանցու համար հազարներ արժե, չնայած որ հիմնական դասագրքերը պետությունն  է տալիս: Թանկ են որակյալ տետրերն ու գրիչները, օժանդակ պարագաները: Կամ էլ՝ ծնողների եկամուտներն են սակավ:

Առաջին զանգի հետ որոշ դպրոցներում՝ կամավոր-պարտադիրի սկզբունքով նաև դրամահավաքներ են մեկնարկում: Ծնողն ակամա նաև դրա տակ է մտնում:

Ցանկացած ծնող երազում է այդ օրն իր զավակին տոն պարգևելու մասին, սակայն անգամ նվազագույն ծախսը շատերի համար մթագնում է օրվա խորհուրդը: Ցավոք, քսանմեկերորդ դարում նաև Հայաստանում կան ընտանիքներ, որոնց երեխաները դպրոց չեն կարողանում գնալ՝ շոր կամ կոշիկ չունենալու պատճառով…

Երբ ընտանիքներում երկու կամ երեք դպրոցական կա, տեսեք թե ինչքան են մեծանում ծախսերը և շոշափելի դառնում՝ աշխատանք կամ կայուն եկամուտ չունեցող ընտանիքում:

Հաճախ սեպտեմբերի մեկն առիթ է դառնում որոշ վայ-բարերարների համար, որոնք ցուցադրաբար առաջին դասարանցիներին, ասենք, պայուսակ ու մի քանի տետր են տալիս ու աշխարհով մեկ անում, ծախսից բազմակի ավելին տրամադրելով փիար ռեպորտաժներին: Էլ չենք ասում հեռավոր մարզերում անապահով ընտանիքներ կատարած նրանց նվաստացուցիչ այցերը, երբ ի ցույց է դրվում մարդկային ամբողջ թշվառությունն ու  այդ ֆոնին՝ ոմանց հավաքած միավորները:

Եվ այսպես, ամենահամեստ հաշվարկներով ու մանրակրկիտ փնտրտուքով, շուրջ հիսուն հազար դրամ է պետք՝ մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար: Դպրոցական համազգեստի վերացումը նաև դպրոցում է շատ ցցուն դարձրել խավերի բևեռացումը, երբ հասակակիցների մեջ մեկի միայն կոշիկը կարող է հիսուն հազար դրամ արժենալ:

Շերտավորումն անխուսափելիորեն դպրոց է մտել ու դուրս կգա միայն հասարակության առողջանալուն զուգահեռ: Չէ որ երեխաներն իրենց առաջին քայլերից են բախվում հարուստ-աղքատ տարբերակումներին, սեփական ունեցած կամ չունեցած  խաղալիքների օրինակով:

Երբ սեպտեմբերն է գալիս, ահա նաև այսպիսի խոհեր են այցելում մեզ, հուսով, որ ուսանողները գոնե կարողանում են աշխատել ու ինչ-որ չափով հոգալ իրենց ծախսերը: Բայց ամեն ինչից զատ, հուսով ենք, որ ուսումնական տարին գիտելիք բերող կլինի՝  անկախ կոշիկի ու պայուսակի գնից: Ավելի լավ է խելացիությամբ փայլել, հետո նոր  կենտրոնանալ լավ տեսքի վրա:

 

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register