ԻՄ ՄՈՐ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈւՄ Է

ariii

Մեր ծնողները մեզ միշտ ուժ են տալիս բարձունքներ հաղթահարելու ու անգամ թվացյալ անհնարինին հասնելու համար: Օգնում են սարեր շուռ տալ, ծերպեր հաղթահարել, անընդհատ վերև բարձրանալ՝  ճանապարհին մշտապես մեզ հետ լինելով:

Իմ մայրը, հոգևոր սարեր նվաճելուց զատ, ինձ հետ է եղել նաև  հայկական սարեր բարձրանալիս. մենք միասին Արագածի գագաթ ենք հասել: Ու թեև դրանից բացի ես Արագած եմ բարձրացել ևս երկու անգամ, մորս հետինն՝ ինձ համար ամենատպավորիչն էր:

Մայրս սիրում է իմ տունը, որովհետև ես այստեղ երջանիկ եմ, իսկ ծնողների համար կարևորը երեխաների երջանկությունն է: Մայրս սիրեց Արցախը, որովհետև տեսավ լայն փռված հայկական  բարեբեր հողի՝ ոչ պակաս լայն բացված մեծ սիրտը, որը նույն սիրով է բաբախում անգամ արտասահմանցի հյուրերի համար: Մայրս սիրեց կապուտակ Սևանը, որի՝ հայերի բնավորության նման ամուր  ու տաք քարերը խուտուտ էին տալիս մեր ոտքերը, արևն էլ ստիպում էր մի լավ վառվել: Սա չափուձև չճանաչող երկիր է, ծայրահեղություններից ծայրահեղություն, բայց՝ ապրեցնող, զգացնել տվող: Ինչպե՞ս կարող ես չհիանալ:

Մորս գրկելու առիթ  ես հաճախ չէ, որ ունենում եմ: Համակարգչի էկրանին՝ ինտերնետային կապի շնորհիվ քեզ ժպտացող ու քեզ համար անհանգստացող ծնողին  համբուրելով հագենալն էլ փոքր-ինչ դժվար է: Հենց դրա համար մեր՝ թեկուզ կարճատև հանդիպումներն ինձ համար անփոխարինելի են: Հայաստանում ծնողը ընտանիքում մեծ դեր ունի, և ինձ հիացնում է որդիների՝ առ ծնողներ ունեցած սերը: Այս առումով էլ՝ ես իսկական հայ եմ. մայրս իմ լավագույն ընկերն ու խորհրդատուն է, մարդ, որն ինձ ամենալավն է ճանաչում… Տիպիկ «հայավարի» սեր է: Մարդ, ում համար ես ոչ թե մի քանի լուրջ նախագծերի վրա աշխատող, գրոսմայստեր ու տնտեսագետ երիտասարդ կին եմ, այլ աղջնակ, որն անընդհատ մոռանում է քամուն ժակետ հագնել,  կարգին սնվել, ու  մոռանալով մրսելու մասին, հաճախ ոտաբոբիկ է քայլում, ինչպիսի՛ հանդգնություն… Նման հարցերը սաստիկ լրջորեն քննարկելու համար անգամ հազարավոր կիլոմետրերը չեն կարող խոչընդոտ համարվել: Եթե մայրիկը որոշել է, որ դու վատ տեսք ունես ու նիհարել ես, ուրեմն ոչինչ նրան չի կարող ետ պահել՝  երբեմն մեկ ժամից ավելի տևող դաստիարակչական աշխատանքներ տանելուց՝ ինչքան էլ հիշեցնես, որ արդեն հասուն կին ես:

Մեր  հիմնադրամի մեկնարկի ու ասուլիսի օրերին նա այստեղ էր, ու մայրական հոգատարությունն ու  դիտողությունները շատ ավելի իրական էի զգում: Անգամ ծնողների հետ անհամաձայնություններն են հաճելի, որովհետև ի վերջո հասկանում ես, որ ամեն բան քեզ համար է արվում: Ու նաև ներքուստ խոստովանում, որ ունենք այդ կախարդական ջերմության ու հոգածության կարիքը, միշտ և ամենուր, ցանկացած տարիքում դա մեզ թույլ է տալիս մի քիչ երեխա մնալ ու չարաճճի լինել:

Մենք սարերը ավելի վստահ կհաղթահարենք՝ եթե ծնողներին մեր կողքին տեսնենք: Նրանք առաջինն են քարերով արնոտում իրենց ձեռքերը՝ համոզվելու համար՝ բարդ չէ արդյո՞ք տվյալ դժվարությունը: Զոհաբերում են իրենց՝ մեզնից պահանջելով միայն մի փոքր, բայց շատ պատասխանատու բան.  առողջ, երջանիկ ու ինքնաբավ լինել:    Հուսամ՝ ինձ հաջողվում է սերս ու ջերմությունս փոխանցել մորս: Կարծում եմ՝ մի օր կրկին միասին Արագածը բարձրանալու ու հաղթանակի քաղցրությունը միասին վայելելու  առիթ կլինի:  Ու գուցե այդժամ ես կես-կատակ, կես-լուրջ զայրանամ՝ մտահոգությամբ, որ թեթև է հագնված: Այդժամ անմեղ կժպտա ու լեռների բարձունքից կհասկանա, որ իմ սերն անգամ այս սարերից էլ բարձր ու ամուր է:

Սիրով՝  ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register