ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՐԸ

dddddd

«Դաղստան դաղ եմ արել,

Ջիգյարս վառ եմ պահել,

Դոստ ու դուշմանիս միջին, բալա ջան,

Լացս ծիծաղ եմ արել:

Դոստ ու դուշմանիս միջին, բալա ջան,

Լացս ծիծաղ եմ ար ել…»:

Մայրս երգում է ջահել օրերի երգն ու ծնկներով տարուբերում ինձ: Ես՝ հազիվ 5 տարեկան՝ դեռ փոքր, բայց արդեն մանդարինի լավն ու վատը տարբերող ձեռքերով կլպում եմ ձեռքս ընկած ամենահյութեղ մանդարինն ու ծափ տալիս… Առաջին ծափի հետ մանդարինը գլորվում է գետին, ամեն ծափի հետ՝մանդարինի բույրն ավելի է տարածվում սենյակով ու օդը լցնում երջանկությամբ…

Մանկությունս մանդարինի բույրն ունի: Ու ափսեի տակ մնացած գլազուրի համը: Ափսեի տակ մնացած գլազուրն ինձ միշտ քչություն էր անում: Չգիտեմ՝ ինչու: Միգուցե պատճառն այն էր, որ ես, եղբայրս ու երեք քույրերս անհամբեր սպասում էինք՝ ինչ է մնալու թխվածքը գլազուրապատելուց հետո, որ ամեն մեկս մի-մի գդալ առած՝ հավաքվեինք կախարդական ափսեի շուրջ ու ձեռքից ձեռք խլելով՝ վայելենք վերջին մնացորդները…Գլազուրն ինձ այսօր էլ քչություն է անում, թեպետ գդալներով ափսեի վրա «հարձակվելու» ավանդույթը վաղուց մոռացվել է ու գլազուրի ափսեի մոնոպոլիան անցել ինձ…

Մանկությունս տանիքից կախված սառցալուլաների համն ունի, տանիք բարձրանալիս սրտխփոցիս ձայնն ունի ու հալվող սառցալուլայի թշշոցը՝ տաք վառարանի վրա…Փայտի վառարանի ճտճտոցի ձայնն ունի ու առաջին կարմրած պլեճի համի ուրախությունը… 25 դրամանոց կոզինախի համն ունի ու «Lovis» ծամոնի «դրոշմը»՝ մեր դեմքի վրա, տատիկիս պատրաստած հալվայի համն ունի ու ամանորյա խաղալիքների փայլը, առաջին լուսանկարիս պատմությունն ունի ու հացատնից տարածվող հացի բույրը…

«-Ասա՝ պապ ջան:

-Պապ ջա՜ն:

-Ես քո բալեն եմ:

-Ես քո՜բալեն եմ…»:

Մանկությունս հորս ուսերին նստած տնով շրջելու գլխապտույտն ունի ու գլխապտույտով ընկնելու համարձակությունս:

ՏաթևիկՍարգսյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register