«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈւՅԹ

Հունիսի սկզբին Հայաստանի ալպինիզմի ու լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի կողմից կազմակերպել էր ֆոտոմրցույթ՝ «Իմ Հայաստան» խորագրով: Մրցույթին մասնակցելու հնարավորություն են ունեցել բոլոր նրանք, ովքեր ցանկացել են ներկայացնել Հայաստանի ու Արցախի ուշագրավ վայրերը ներկայացնող իրենց լուսանկարները:
Սահմանված ժամկետում մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել շուրջ 200 մասնակից, որոնցից յուրաքանչյուրը մրցույթին մինչև երեք լուսանկար է ներկայացրել:
Մրցութային երկրորդ փուլ անցել են 63-ը: Եզրափակիչ փուլում մասնագիտական ժյուրին ընտրել էր 40, ապա՝ երեք լավագույն լուսանկարները:
Մրցութային հանձնաժողովի կազմում Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալներից զատ ներգրավված են եղել նաև Իրանի Իսլամական Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները:
Օտարերկրյա մրցավարներն իրենց կողմից հավանության արժանացած լուսանկարներն ընտրելու ու լավագույնների շարքում պարգևատրելու հնարավորություն են ունեցել:
Արդյունքում 193 մասնակիցներից հաղթողի կոչմանն են արժանացել 7-ը. Էդգար Հարությունյանը, Հայկ Բարսեղյանը, Հայկ Հովհաննիսյանը, Նարինե Ճաղարյանը, Վահան Աբրահամյանը, Ներսես Մատինյանը, Սիփան Գրիգորյանը:
Մասնագիտությամբ լրագրող Ներսես Մատինյանը մրցույթին ներկայացրել է Սևանը մայրամուտին, որը հաջողացրել է ֆիքսել 2018-ի ձմռանը: Լրագրողը նշում է՝ ներկայացված գունեղ լուսային համադրությունը կարողացել է ֆիքսել միայն ֆոտոխցիկն արագ գործարկելու շնորհիվ:
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանի խոսքով մրցույթին մասնակցել են ինչպես պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, այնպես էլ սկսնակներ:
Ասում է՝ սեփական լուսանկարները ներկայացնելու հնարավորություն տվել են բոլորին, անկախ պրոֆեսիոնալիզմի աստիճանից ու լուսանկարչական ապարատի պրոֆեսիոնալ հնարավորություններից:
Նման մրցույթ ֆեդերացիան անց է կացնում առաջին անգամ: Ֆեդերացիայում հույս ունեն, որ այն շարունակական կդառնա:
Մրցույթի գլխավոր հովանավորը՝ Camp.am–ն է, աջակիցը՝ Find Armenia–ն:
Տաթև Սարգսյան