ԻՄ ԴԱՍԵՐԸ

ari

Հայաստան գալուց առաջ ես գաղափար անգամ չունեի Մարտի 8-ի կամ կանանց «միամսյակի» մասին. Ավստրալիայում երբևէ նմանատիպ ոչինչ չի նշվում: Եվ հիմա, կանանց տոնի առիթն օգտագործելով, ես ուզում եմ խոսել մի շարք շատ կարևոր բաների մասին, որոնք սովորել եմ հայ կանանցից: Նախ ասեմ, որ գրեթե բոլոր այդ դասերը տարօրինակ ձևով «երկհարկանի» են: Երկու շերտ կա ամեն դասի մեջ, երկու բովանդակություն, որոնք երբեմն հակասական կարող են թվալ, բայց իրականում փոխկապակցված են ներքին հզոր կապով:

Առաջինը ԱՆՎԵՐԱՊԱՀ սերն է: Հայ կնոջ սերը մանավանդ՝ մայրերինը, երկկողմանի փողոց չէ՝ «ես սիրում եմ քեզ, որովհետև դու էլ ինձ ես սիրում», կամ «պարտավոր ես սիրել ինձ, քնի որ ես  էլ սիրում եմ քեզ»: Հայ կնոջ սերը ձևակերպվում է՝ «ես սիրում եմ քեզ, որովհետև սիրում եմ, և մնացած ոչինչը կարևոր չէ»:

Մինչև Հայաստան գալս ես համոզված էի, որ այդպես սիրելու ընդունակ միակ մարդն աշխարհում իմ մայրն է: Համենայն դեպս՝ ուրիշ որևէ մեկի մոտ չէի տեսել դա: Հայաստանում այդ տեսակ սիրո հանդիպում ես ամեն քայլափոխիդ: Եվ այդուամենայնիվ՝ այս անվերապահ սերը մի վերապահություն ունի. ակնկալվում է, որ մոր ու զավակի հարաբերությունը բոլորովին առանձնահատուկ բնույթ պիտի ունենա: Որևէ այլ մարդ, որևէ այլ հարաբերություն չի կարող անգամ համեմատվել դրա հետ: Թվում է՝ հակասություն կա սիրո անվերապահության և այս վերապահումի մեջ, բայց իրականում հենց սա է այդ սիրո ուժի աղբյուրը:

Երկրորդը հպարտությունն է:Հայուհիները աներևակայելի հպարտ կանայք են: Հպարտ՝ իրենց ժառանգությամբ, իրենց երկրի ապագայի կերտման գործում մասնակցությամբ: Նրանք խելացի են, աշխատասեր ու նպատակասլաց:Ես այնքան շատ բան եմ սովորում ինձ հետ աշխատող երիտասարդ աղջիկներից, ես հիանում եմ նրանց հաստատակամությամբ: Նրանք համաձայն չեն լռելյայն ընդունելու իրենց համար կանխորոշված ապագան: Նրանք պատրաստ են ծանր աշխատանքի՝ այդ ապագան իրենց ուզածով կերտելու համար: Միևնույն ժամանակ՝ նրանք զարմանալիորեն խոնարհ են ու համեստ, և դրա մեջ դույզն ինչ կեղծություն չկա: Այդ «մարտիկները» կանացի են աներևակայելիորեն, նրանք զուսպ են, զիջող և արժանապատիվ: Եվ ամեն վայրկյան պատրաստ են ենթարկվելու իրենց հոր կամ տղամարդու նույնիսկ անխոս արտահայտված կարծիքին. և սրա մեջ էլ հակասություն սոսկ թվացյալ է. խա ավելի շուտ իմաստնության դրսևորում է:

Երրորդը ուժն է:Հայ կանայք ոչ միայն աներևակայելի ուժեղ են, այլև իրենց սիրելիներին պաշտպանելիս պատրաստ են անցնել բոլոր սահմանները: Հայ մայրերը վտանգի պարագայում պատրաստ են անգամ սպանության: Նրանց անվերապահ սիրո և ֆանտաստիկ ուժի պայմաններում դա լրիվ բնական է. ցանկացած վտանգ պետք է չեզոքացվի ցանկացած մեթոդով: Դուք ուշադրություն դարձրե՞լ եք, թե ինչպես են գնումներ կատարում հայ մայրերը: Նրանց թեթև բեռը կշռում է առնվազը հիսուն կիլոգրամ: Առավոտվա նրանց պատրաստած նախաճաշը մի ամբողջ բանակ կերակրելու համար է: Ծոհանոցի դանակը գործածվում է Շաոլինի վանականի վարպետությամբ: Հայ մայրերը, բոլորը, առանց բացառության, Մոնումենտի Մայր Հայաստանի արձաններն են, թրի փոխարեն՝ ձեռքերին խոհանոցի դանակ:

Ես ուզում եմ շնորհավորել բոլորին՝ հիանալի, անկրկնելի հայ կանանց. անվերարապահ սիրող, հպարտ, խելացի և անկոտրում: Աշխարհի պատասխանատվությունն իրենց ուսերին առած և դա տանելու չափ ուժեղ: Ձեզ՝ երջանկություն:

Սիրով՝ ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register