ՀՂԻՆԵՐԻ ՅՈԳԱՆ…

6

Սվետլանա Ավագյանը հղիների վերականգնողական յոգայի մասնագետ է:  Արդեն 4 տարի է ինչ նա հղի կանանց սովորեցնում է ճիշտ շնչել-արտաշնչելու, մկանները ձգելու ու ծննդաբերությանը գրագետ պատրաստվելու արվեստը: Յոգայի մասնագետի հետ մեր զրույցը հղիների յոգայի առանձնահատկությունների մասին է:

Ես Աննան եմ, 27 տարեկան, հղիության 4-րդ ամսում եմ գտնվում: Բժիշկներն ասել են՝ տղա է:

– Ես Մարինեն եմ, 32 տարեկան, առաջին հղիությունս է: Խանութի աշխատողներն ասել են աղջիկ է:

– Ես Նարինեն եմ, 43 տարեկան, 5-րդ երեխայիս եմ սպասում: 3 աղջիկ, մի տղա ունեմ: Ասել են՝ այս մեկն էլ է աղջիկ…

Մինչ ես կհասկանամ, որ ինչ-որ բան այն չէ, հերթն ինձ է հասնում: Հավաքելով ցաքուցրիվ  մտքերս արձագանքում եմ.

– Ես Տաթևն եմ, ես հղի չեմ: Բայց ձեզ տեսնելով…

Բոլորը ծիծաղում են, իսկ ես հասկանում եմ, որ եկել եմ ոչ թե յոգայի, այլ հղիների յոգայի դասի («Լավ է գոնե յոգան ճիշտ է»,- մխիթարում եմ ինքս ինձ):

Հղիների յոգան Հայաստանում այնքան էլ տարածում չունի: Ու դա ունի իր «հիմնավոր» պատճառները: Հայերս շատ զգուշորեն ենք վերաբերվում այս հարցին՝ հաճախ խուսափելով հղիության ընթացքում տարրական ֆիզիկական ծանրաբեռնվածությունից անգամ: Մինչդեռ փորձը վկայում է, որ չափավոր ֆիզիկական ակտիվությունն ու ճիշտ շնչառությունը միայն նպաստում են հղի կնոջ և պտղի դրական ինքնազգացողությանը:

– Սվետլանա, ի՞նչ է իրենից ներկայացնում հղիների յոգան: – Իր բոլոր խնդիրներով հանդերձ, հղիությունը  դրական երևույթ է, քանի որ այդ շրջանում կնոջ մոտ մեծ քանակությամբ երջանկության հորմոններ են արտադրվում: Այդ հորմոնների գերակտիվության պատճառով  էլ հղիության ընթացքում կանայք շատ հուզական են դառնում: Հատկապես Հայաստանում, որտեղ դեռատի օրիորդը միանգամից այդքան խնդրի առաջ է կանգնում, նրա ուղեղն ու մարմինը միանգամից չէ, որ ընդունում են այդ փոփոխությունները: Դա ևս կարող է հղիության ծանր ընթացքի պատճառ հանդիսանալ: Յոգան շատ լավ միջոց է, որ կինն իր մարմնի հետ ծանոթանա, հասկանա,թե իր հետ ինչ երևույթներ են իր հետ կատարվում և ինչպես  պետք է վերաբերվի  հուզականությամբ ուղեկցվող  փոփոխություններին:

2-րդ: Հղիության ընթացքում կինը ոչ միայն իր, այլև երեխայի կյանքի համար է պատասխանատվություն կրում, ուստի կրկնակի կարևոր է, թե ինչպիսի ապրելակերպ է վարում նա: Այստեղ ոչ միայն կարևոր է այն, թե ինչ է ուտում կինը, այլև այն, թե ինչպես է նա քայլում, քնում, ինչպես է նա շնչում, ինչպիսին է նրա կեցվածքը:  Շատ կարևոր է, որ թթվածնի անբավարարություն չլինի ո՛չ կնոջ, ո՛չ  էլ պտղի մոտ: Յոգայի բոլոր վարժությունների հիմքում  շնչառությունն է: Կանայք սովորում են առավելագույնս գիտակցված շնչել ու արտաշնչել: Այդ կերպ է լուծվում թթվածնի մատակարարման հարցը:

3-րդ: Երբ ֆիզիկական վարժությունների միջոցով մկանների ձգում է կատարվում, թթվածնով հարուստ արյունը սննդարար նյութեր է հասցնում է թե՛ մորը, թե՛ պտղին: Հղիների յոգայի հիմնական ուղղվածությունն այն է, որ կինն աստիճանաբար սովորի դիմանալ ցավին: Վարժությունների մի մասն  նպաստում է կոնքի խոռոչի բոլոր օրգանների աշխատանքի լավացմանը:  Ապացուցված է, որ յոգայով զբաղվող կանայք ավելի քիչ են տառապում ծննդաբերությունից հետո ի հայտղ խնդիրներով՝ բարձր ճնշում, վարիկոզներ, օրգանների իջեցում և այլն:

4-րդ: Երբ դու ավելի գիտակցված ես մոտենում հղիությանն ու  ծննդաբերությանը, շատ ավելի գիտակցված ես գնում դրան, հասկանում ես՝ որ պահին ճչաս, շնչես կամ արտաշնչես, երեխայի ծնունդն ավելի բնական է ստացվում:

– Կա՞ն խնդիրներ, որոնց դեպքում արգելվում է հղիներին յոգայով զբաղվել:– Կան խնդիրներ, որոնց առկայության դեպքում ֆիզիկական վարժություններ կատարելն ընդհանրապես արգելվում է: Շնչառական վարժությունները, սակայն, նման դեպքերում հակացուցված չեն, քանի որ թթվածնի կարիք բոլորը ունեն: Հղիությունը  ծանր տանող կանանց յոգան շատ ավելի է պետք: Երբ կնոջը կենտրոնացման վարժություն ես տալիս, նա կարող է գնալ ներս, բուժել և՛ իրեն, և՛ երեխային:

-Հղիության ո՞ր փուլերում՝ ի՞նչ վարժություններ են կիրառվում:– Առաջին 3 ամսում վարժությունները հիմնականում հանգստացնող են՝ մեջքի վրա պառկած, հատակին նստած: Քանի որ կինն այդ շրջանում շատ է փսխում, ճնշումը բարձրանում է, մեր հիմնական նպատակն է դառնում հնարավորինս հանգստացնել որովայնի շրջանը: Հղիության վերջին շրջանում արդեն աշխատում ենք մկանների ամրացման վրա: Սովորեցնում ենք հնարավորինս ճիշտ կքանստել:

– Ծննդաբերությունից հետո ե՞րբ կարելի է վերսկսել յոգայով զբաղվել:– Հետծննդաբերության շրջանը ևս բաժանվում  է 3 շրջանի: «Քառասունք» կոչված 1-ին շրջանում ցանկալի է, որ կինը ոչ մի ֆիզիկական ծանրաբեռնվածություն չունենա: Այդ փուլում առավելագույն թույլատրելին՝  թեթև ձգումներն են և կոնքի հատակի որոշ վարժությունները:

Կանայք, որոնք կեսարյան հատումով են երեխա ունեցել, պետք է 2.5 ամիս սպասեն, նոր սկսեն ինչ-որ ֆիզիկական վարժություններ կատարել: Միանգամից չի կարելի կքանիստեր անել, ընդհակառակը, դա կարող է ավելի իջեցնել արգանդը ներքև: Շատ աղջիկներ մինչև երկրորդ երեխան արդեն ունենում են արգանդի իջեցում. դա սխալ ապրելաձևի հետեւանք է: Ծննդաբերությունից հետո առաջին 3 օրը պետք է առավելագույնս հանգիստ լինել:

Հետծննդյան 7-րդ ամսում, երբ կաթնարտադրությունը, երեխայի սնունդը կարգավորվում են,  կինը կարող է սկսել աշխատել որովայնի մկանների ամրացման ուղղությամբ: 10-րդ ամսից հետո գրեթե ամեն ինչ կարելի է: Չի կարելի ծննդաբերությունից անմիջապես հետո գոտիներ կապել կամ վարժություններ անել, որ որովայնը նստի: 9 ամիս է պահանջվել, որ որովայնը մեծանա: Ինչպես աստիճանաբար մեծացել է, այնպես էլ պետք է ժամանակի ընթացքւոմ վերադառնա իր նախկին չափսին:

– Հայաստանում որքանո՞վ է տարածված հղիների յոգան:– Այնքան էլ մեծ տարածում չունի:Հայերը մտածում են՝ «Վերջապես հղիացել եմ, ո՞նց կարող եմ ֆիզիկական վարժություն անել, բա որ պտղիս ինչ-որ բան լինի»: Նրանց թվում է, որ եթե ձեռքը բարձրացնեն, կամ ոտքերը  փոքր-ինչ լայն բացեն, կարող են երեխային վնասել: Մինչդեռ մեր անգիտակից վարքը, կրծքավանդակն ու ստոծանին փակելով հեռեւստացույցի առջև նստելը շատ ավելի է վնասում պտղին, քան ճիշտ վարժություններ կատարելը  և ազդրի մկաններն ամրացնելը: Շատ կանայք ասում են՝ «Ես տոնուս ունեմ, բժիշկս ասել է,որ ինձ չի կարելի յոգայով զբաղվել»: Մինչդեռ բժիշկներն էլ պետք է հասկանան՝ ինչ է հղիության յոգան, որպեսզի հղիությունն ու ծննդաբերությունը շատ ավելի գիտակցված և անհետևանք լինեն:

Զրուցեց՝ Տաթևիկ Սարգսյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register