ՀՈւՇԱՐՁԱՆ՝ ԿՏՐՎԱԾ ԾԱՌԵՐԻՆ

Ճաղատ մի մարդ ծառերը համեմատում էր մարդու մազերի հետ: Նշում էր, որ ծառերն էլ երկիր մոլորակի մազերն են: Իր ճաղատ գլուխը շոյելով, ասում էր. «Երբ լողանում եմ, մեկ րոպե անց արդեն գլուխս չոր է, իսկ երբ մազեր ունեի, երկար ժամանակ խոնավությունը պահպանվում էր»: Նույնն էլ երկրի տարածքում է. հողի թարմությունը անանտառ տարածքներում չի պահպանվում:
90-ականների էներգետիկ ճգնաժամի, սոցիալական դժվար վիճակի պատճառով Հայաստանի անտառներն այնպիսի սպանդի ենթարկվեցին, որ մինչ օրս էլ ուշքի չեն գալիս: Հիշյալ ժամանակահատվածում ապօրինի անտառահատումները սոսկալի տեմպերի էին հասել: Առողջության համար անգնահատելի, մաքուր օդ պարգևող ծառերը այդ դժնդակ օրերին նետվեցին անհատակ վառարանները՝ տաքացնելով մի ամբողջ ազգի:
Երևանում այժմ էլ դժվար է շնչելը: Ավտոմեքենաների «գլխաքանակը» թույլատրելիի սահմանից վաղուց է անցել, ծառերի քանակը ընդհակառակը՝ նվազել է: Տարեց մարդիկ պատմում են, թե նախկինում ինչ կանաչ տարածքներ կային մայրաքաղաքում: Նրանցից մեկը հիշում է, որ անկախության առաջին տարիներին փայտ հայթայթողների երկու տեսակ է ֆիքսել: Առաջինները՝ խղճովներն էին, որոնք մերկացնում էին ծառը՝ կտրելով ճյուղերը, բայց պահպանելով առանցքը, թողնելով, որ աճելու հնարավորություն ունենա: Երկրորդները կտրում էին ստորին հատվածից: Դժվար է ասել՝ արդյոք ծառահատումներ իրականացրած մարդիկ հետագա տարիներին՝ իբրև չնչին փոխհատուցում գեթ մեկ ծառ տնկել, մշակել են:
Ամեն դեպքում Երևանում կա ծառերի հիշատակին կանգնեցված փոքրիկ հուշարձան, որը գտնվում է Երևանի կամերային թատրոնի շենքի հարակից հատվածում: Արտաքին պատի մեջ «աճել» է մետաղական ծառ, որի կողքի հուշատախտակին գրված է.
«Հիշատակ ծառերին, որոնք այրվեցին՝ ջերմացնելով հայ օջախները: Ձմեռ 1993»: Հուշարձանի հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն է: Հատկանշական է, որ գազատար խողովակն անցնում է հենց հուշարձանի գլխավերևով:
Հ.Գ. Երևանից դեպի Չարենցավան տանող հատվածում մի շենք է կառուցված, որի տանիքը հարթ է, կարծես ուղղաթիռի համար հատկացված տարածք լինի: Շենքի տանիքին կանաչ «մազեր» են բուսնել. երևում են մեծ զամբյուղների մեջ տնկած ծառերը: Հողից վերցրած գուցև ամայի տարածքում շինարարություն արած մարդը բնությանը վերադարձնում է նույնչափ կանաչ տարածք:
Լուսանկարները՝ Ռուբեն Մանգասարյանի