ՀՈԳՈՒ ՀԱՅԵԼԻՆ… ԴԵՄՔԻ «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆ» Է

Առաջարկում եմ մեր թերթին զուգահեռ «կարդալ» ձեր տնեցիների, ընկերների դիմագծերը: Եթե մեզ ընթերցում եք ավտոբուսում կամ մետրոյում, լավ տարբերակ է նաև ձեր դիմացի ուղևորին տնտղելը. հետաքրքիր բացահայտումներ կունենաք:
Հենց այդ նպատակով էլ այս անգամ իմ սյունակը որոշել եմ նվիրել «դիմախոսությանը»՝ ֆիզիոգնոմիկային, կփորձեմ ներկայացնել հիմնական դրույթները: Հիշեցնեմ, որ սրանք ընդունված մոտեցումներ են, բայց չմոռանանք, որ ցանկացած օրենք՝ բացառություններն ապացուցելու համար է միայն: Վերաբերվեք ժպիտով. մենք էլ, աստղերի պես՝ հուշում, բայց չենք պարտադրում: Համենայն դեպս՝ հաշվի առեք, միգուցե հետագայում իրոք պետք գա: Հոգին միայն աչքերում չի արտացոլվում, իսկ մարդու տեսակը ժամանակի ընթացքում վերածվում է դեմքի՝ իր դիմախաղային առանձնահատկություններով: Այնպես որ՝ առաջարկում եմ մարդկանց նաև «աչքերով լսել»:
Աշխարհին հայտնի ենք Ազնավուրով, դուդուկով, ծիրանով ու մեր քթով. Էլ ի՜նչ հայ, որ մանկուց մեքենայի փող հավաքելուն զուգահեռ նաև քթի պլաստիկ վիրահատման գումար չտնտեսի: Սակայն պարզվում է, որ մեծ քիթը դրական կողմեր ունի: «Խոպաններում» անձնագրից ավելի լավ է փաստում, որ հայ ենք, իսկ այ մեր բնավորության մասին պատմում է, որ քաջ ենք ու բարի: Իսկ եթե քիթն ունի սապատ, ապա տվյալ անձը կարեկցող է, չի կարող անտարբեր լինել դիմացինի ցավի նկատմամբ:
Նեղ շուրթերն ունեն երկու տարածված բացատրություն. կամ տվյալ անձնավորությունը նենգ է, կամ էլ խոր վերլուծական ձիրք ունի: Շփումը ցույց կտա՝ որ տարբերակն է ավելի ճիշտ: Համենայն դեպս զգուշացեք, եթե երկու «վերծանումն» էլ տեղին լինի, ապա վերլուծության ու շատ լավ մշակված ծրագրի օգնությամբ բարակ շուրթեր ունեցողը կարող է նենգ քայլ կատարել ձեր դեմ:
Հաստ շուրթերն էլ խոսում են կենսասիրության մասին: Նման մարդիկ հաճախ են կյանքին սեր խոստովանում ու հիմնականում ինքնաբավ են:
Եթե ձեր հոնքերը թավ են ու կարճ, ապա դա խոսում է համառության ու անզիջողականության մասին: Իրար կպած հոնքերը վկայում են բարություն ու նվիրվածություն (ափսոսում եմ, որ Բրեժնևը հնարավորություն չունի այս գրառումն ընթերցելու): Երկար, աչքերից փոքր-ինչ ավելի բարձր տեղակայված կանոնավոր հոնքերը հարուստ ներաշխարհի ու խաղաղ բնավորության ապացույցն են: Իսկ եթե հոնքերի ոսկորն աչքերից մի քիչ առաջ է ու ըստ դրա նաև թեք ճակատ ունեք, պարզվում է, որ արվեստի ու ինտելեկտի մարդ եք: Ճիշտ է, ցածր տեղակայված հոնքերով մարդիկ էլ սիրում են խորհել:
Եթե կզակի վրա փոսիկ կա, ապա տվյալ անձնավորության զգայական աշխարհը կանոնավոր է կառուցված: Նման մարդիկ սիրում են զգացմունքներով առաջնորդվել: Սակայն էլի զգուշացում կա. եթե փոսիկը շատ խորն է, ապա էմոցիոնալ ֆոնի վրա կարող է նաև ագրեսիա լինել, պոռթկուն բնավորությունն արժե կառավարել:
Հիմնականում ներկայացրի դեմքի դրական կողմերը: Սակայն ինչպես շախմատում, այնպես էլ ֆիզիոգնոմիկայում դեմքի կառուցվածքի հազար ու մի կոմբինացիա կա, որոնց լավ տիրապետելու համար տարիներ են պետք՝ շախմատի պես (տվյալ նախադասությունը հատուկ մեր շախմատիստ խմբագրի՝ Արիանայի համար եմ գրել): Բացի այդ, ինչպես քիրոմանտներն են սիրում նշել, կամքի ուժը կարող է փոխել անգամ ափի գծերն ու ճակատագիրը: Այնպես որ, միշտ էլ կարելի է դեմ գնալ «արտաքին գործոններին»՝ սնելով ներաշխարհը համառությամբ ու աշխատասիրությամբ:
- Դիմախոսությունը» օգտակար բան է. անգամ եթե տվյալ հուշումները չարդարացնեն իրենց, միշտ էլ կարելի է լավ տպավորություն թողնել: Աղջիկների և ինչու չէ՝ տղաների հետ հետաքրքիր ու ինտելեկտուալ զրույց սկսելու լավ թեմա է. զրուցակիցը կգնահատի ձեր օրիգինալ մոտեցումը: Սակայն հորդորում եմ չսկսել մեծ քթին վերաբերող հաճոյախոսություններից, դրանք միգուցե ճիշտ չընկալվեն: «Կներեք, Դուք նե՞նգ եք, թե՞ անալիտիկ» հարցն էլ, չեմ կարծում, թե ջերմ զրույցի հովանավոր դառնա: Արտաքին նշաններից առաջ ու հետո արժե հարցում անել ներքին ձայնին, որը երբեք պլաստիկ վիրահատության չի ենթարկվում:
Սյունե Սևադա