ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈւՂՈւՄ՝ ԿՈւՍՏՈւՐԻՑԱՅԻ ՍՑԵՆԱՐՈՎ. ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Մայրաքաղաքում այնքան շատ են հարսանյաց տները, գեղեցկության սրահներն ու սգո ծառայություններ առաջարկող ընկերությունը, որ սկսել ենք նմանվել «12 աթոռ» ֆիլմի գավառական N քաղաքին. մարդիկ ծնվում են, որպեսզի ամուսնանան, գեղեցկության սրահներում իրենց կարգի բերեն և, առանց ժամանակ կորցնելու, մահանան:
«Մատուռ», «Եդեմ» «Ռեքվիեմ», «Բաքոս», «Մայրամուտ»… Լիրիկական տրամադրություններ արթնացնող անվանումներով սգո սրահները, կարելի է ասել, քաղաքակրթական կորեկցիայի են ենթարկել հոգեհանգստի, ապա և թաղման արարողությունները, որոնք նախկինում տեղի էին ունենում հանգուցյալի բնակարանում: Այսպիսով՝ տեղի է ունեցել թաղման կարգի ապածիսականացումը, երբ հանգուցյալի հարազատներից վշտի հատուկ ցուցադրություն էր ակնկալվում: Ամեն դեպքում, մինչև վերջերս ինձ այդպես էր թվում: Քանի դեռ չէի մասնակցել հոգեհանգստի ծեսի գյուղերից մեկում:
Գյուղի անունը չեմ կարող նշել, քանի որ գրածս գուցե ծաղր համարվի հանգուցյալի հարազատների հանդեպ: Թեև վստահեցնում եմ, այն, ինչ կնկարագրեմ, բացարձակ ճշմարտություն է՝ առանց չափազանցության կամ ծաղրի նոտայի:
Սկսենք նրանից, որ գյուղերում դիահերձարաններ չկան: Դիահերձումը կատարվում է հանգուցյալի տանը: Դիահերձողը, որպես կանոն, գյուղի տարեց բուժքույրն է, որին հիշում են անգամ հնաբնակները՝ դեռևս իրենց մանկությունից: Իր ծառայությունը բուժքույրը կատարում է 30 000 դրամով:
Գյուղերում կյանքը աշխույժ չես համարի: Կա երկու իրադարձություն, որը կարող է շարժել գյուղացիների հետաքրքրությունը` գյուղում տեղի ունեցող հարսանեկան արարողությունն ու թաղման ծեսը: Մա՞րդ է մահանում. հավաքվում է ողջ գյուղը, անգամ, եթե մահացողն 92-ամյա տատիկ է: Հանգուցյալի տան բակում տղամարդիկ ծխում են, զրուցում դեսից-դենից: Իսկ կանայք ներսում, առանց իրենց խնայելու, ողբում են:
Հասկանալի է, որ հարազատի կորուստը չափազանց ծանր հարված է մերձավորների համար: Եվ վատ տոն է անգամ ուշադրություն դարձնել՝ ով ինչպես է սգում: Բայց չնկատելն էլ անհնար է: Թվում էր` հանգուցյալին ուղղված բազմաթիվ հարցերի , այն աշխարհ ճանապարհելուց առաջ մահացածին վերջին ցուցումներ տալու, հանգուցյալի կյանքի առավել հետաքրքիր դրվագները լաց լինելով պատմելու «դարաշրջանն» ավարտվել է: Ո՛չ: Չի ավարտվել:
«Տեսնո՞ւմ ես` ինչքան մարդ ա եկել: Ասա՛, տեսնո՞ւմ ես: Դու սիրում էիր հյուրեր ընդունել, մարդկանց հյուրասիրել: Դե՛, վեր կաց, բոլորին դիմավորի՛ր, հյուրասիրի՛ր»,- հանգուցյալին է դիմում դուստրը: Հանգուցյալը, ինչպես և ակնկալվում էր, որևէ կերպ չի արձագանքում տեղից վեր կենալու դստեր կոչերին: Խոսելու էստաֆետը վերցնում է մոտ ազգականուհիներից հաջորդը. «Էնտեղ միայն լավ լուրերը կասես, վատ խաբարը չտանես»: Հաջորդ կարգադրությունը՝ կբարևես այսինչին ու այնինչին:
Կարևոր հանգամանք է, որ հանկարծ լռություն չտիրի: Հակառակ դեպքում կստացվի, որ հանգուցյալի արժանիքներն այնքան շատ չեն, որ պաուզայի ժամանակ է մնում: Խոսող կնոջ շունչ քաշելու դադարից անմիջապես ՙօգտվում՚ է հաջորդը. տարեց կանանցից մեկը հանգուցյալի աղջկանից կամացուկ հետաքրքրվում է` բոլո՞ր ցանկացողներն են արտահայտվել, թե՞ էլի կան խոսք ասողներ: Հաստատական նշան ստանալով, թե տվյալ պահին ասելիք ունեցող չկա, մոտենում է հանգուցյալին և… երգելով սկսում թվարկել վերջինիս արժանիքները, որոնք, դատելով երգի տևողությունից, քիչ չէին: Նրանից հետո խոսեց ևս մեկը, որն արդեն ներկայացնում էր մահացածի աշխատանքային հաջողությունները. երբեք չէր թերակշռում, շատ գնորդների «նիսյան» ջնջում էր, քանի որ չափազանց խղճով էր և այլն… Ապա բարձրաձայն լաց լինելով` խոսք վերցրեց մահացածի դուստրը` ներկայացնելով արդեն իրենց` զավակների բազում առաքինությունները. մինչև վերջին շունչն իրենց ծնողին միայնակ, անխնամ չեն թողել: Իսկ «անխիղճը» բռնեց ու մահացավ: Ազգականուհիներից մյուսը ընկուզենու երկար ճյուղով համբերատար քշում էր հավաքված ճանճերին, որոնք անվերջ պտտվում էին հռետորների շուրջը:
Ստուգելու համար` արդյո՞ք զավակներն ինչպես հարկն է սիրում էին իրենց ծնողին, թե՞ նրանց ողբը դատարկ զնգոց է, տարեց կանանցից մեկը զգուշորեն ստուգեց` նո՞ր են հանգուցյալի կոշիկները, թե՞ հագցրել են` ինչ պատահի: Ներկաների հարցական հայացքներն ակնթարթորեն ուղղվեցին նրան. տարեց կինը գլխով հաստատական նշան արեց. կոշիկները նոր էին: Դե , իսկ «Շատ է փոխվել», «Հե՜չ իրեն նման չի» արտահայտություներն ունիվերսալ են. հավաքվածներից գրեթե բոլորն իրենց պարտքն են համարում արձանագրել այդ անուրախ փաստը:
Երբ իմ տպավորությունները պատմեցի մեր ճանաչված ազգագրագետներից մեկին, ասաց, թե այդ ամենը մեր ազգային ավանդույթների տրամաբանության մեջ է: « Լավ է, որ պահպանվել է գոնե այս սովորությունը, երբ մարդիկ ի սրտե ցավում են իրենց հարազատի կորստի համար` թող որ երգելով, արտասանելով, խոսելով: Սա մեր ֆոլկլորն է, մեր հարստությունը»:
Լիլիթ Ավագյան