ՀԻՇԱՏԱԿԻ ՏՈՒՐՔ

1

Շոտլանդացի Յան Պորտերֆիլդը Հայաստանում աշխատած օտարերկացի ամենասիրված մարզիչն է: Ֆուտբոլի հավաքականի բաց մարզումների ժամանակ հայ երկրպագուները վանկարկում էին նրա անունը, անվանում ՊորտերֆիլդՅան: Վերջին խաղից (Հայաստան-Պորտուգալիա` 1:1, օգոստոս 22, 2007 թվական) առաջ մարդիկ արտասվում էին. գիտեին, թե ինչ ծանր վիճակում է… ամիսներ շարունակ նա պայքարում էր քաղցկեղի դեմ: Պորտուգալացիների հետ խաղին Պորտերֆիլդն արդեն մահամերձ էր և Լոնդոնից Երևան էր ժամանել` անտեսելով բժիշկների արգելքը: Պորտերֆիլդը մահացավ 2007 թվականի սեպտեմբերի 11-ին` լինելով հավաքականի գործող մարզիչ: Իր տեսակի մեջ բացառիկ այդ շոտլանդացու ղեկավարությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց 10 հանդիպում(2 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 4 պարտություն): Թեև առաջին 5 հանդիպումներն արդյունքի տեսանկյունից հուսադրող չէին, այնուհանդերձ հավաքականի ցուցադրած խաղը որակային աճ էր գրանցում, իսկ 2007 թվականի ամառը հայկական ֆուտբոլի համար կարելի է պատմական համարել:

2007-ի հունիսի 2-ին ազգային հավաքականը արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթանակ տարավ Ղազախստանի հավաքականի նկատմամբ, իսկ հունիսի 6-ին մերոնք Համլետ Մխիթարյանի խփած շքեղ գոլի շնորհիվ Վազգեն Սարգսյանի անվան  «Հանրապետական» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեցին Լեհաստանի հավաքականին (որն էլ առաջին տեղը գրավեց Եվրոպայի առաջնության  ընտրական խմբում` առաջ անցնելով Պորտուգալիայ ընտրանուց): 2002 թվականին Բրազիլիային աշխարհի չեմպիոն դարձրած մարզիչ Լուիս Ֆիլիպե Սկոլարիի ղեկավարությամբ Պորտուգալիան Հայաստան էր ժամանել առաջին մեծության աստղերով` Դեկու, Կրիշտիանու Ռոնալդու, Սիմաո… բայց մերոնք իսկական «ճակատամարտ» տվեցին խաղադաշտում` կռվելով Հայաստանի, Պորտերֆիլդի համար:Մինչ այժմ էլ երկրպագուները մեծ սիրով են հիշում Յան Պորտերֆիլդին: Վերջերս էլ հայտնի դարձավ, որ շոտլանդացու մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու համար մեկնարկում է դրամահավաք: Պահանջվող գումարն(4000 դոլար) անհրաժեշտ է նկարահանող խմբի` Մեծ Բրիտանիա գործուղման համար: «Ճամփորդը» զրուցել է նախաձեռնության հեղինակներից Վահան Ղարիբյանի հետ, ով սպորտային լրագրող է, «Լիվերպուլի» համալսարանում ֆուտբոլային մենեջմենթ է ուսանել, այժմ Հանրային հեռուստաընկերության սպորտային հաղորդումների պրոդյուսերն է:

«Կան մարդիկ, որոնց կյանքում  հավելյալ դրամայի կարիք չի լինում: Իրենց կյանքն ինքնին հետաքրքիր է: Կարծում եմ, Յան Պորտերֆիլդն այդպիսի մարդ էր: Անասելի ուշագրավ է նրա  անցած ուղին` որպես ֆուտբոլիստ, մարզիչ: Միգուցե շատերին հայտնի չէ, բայց անգլիական «Սանդերլենդի» երկրպագուների համար նա կուռք է: Գլխավոր պատճառը 1973 թվականի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչում խփած հաղթական գնդակն է: Յան Պորտերֆիլդն այն եզակի անձնավորություններից է, որին անխտիր բոլորը սիրել են: Ինչպես ասացի` նրա կյանքը շատ հագեցած է եղել և կարելի է ստանալ այնպիսի դոկումենտալ ֆիլմ, որը հետաքրքիր կլինի ոչ միայն ֆուտբոլային աշխարհի մարդկանց համար: Ուզում ենք նկարահանել բարձրորակ ֆիլմ և չենք ուզում սահմանափակվել Հայաստանով, որովհետև շատ կարևոր է ցույց տալ նրա կյանքը հարազատ քաղաքում` Դանֆերմլիում, Սանդերլենդում… Եթե չզրուցենք այնտեղի մարդկանց հետ, մենք երբեք չենք կարողանա ամբողջական պատկեր ստանալ»,- խոստովանում է Վահան Ղարիբյանը:

Պորտերֆիլդը մեկ տարի աշխատեց հավաքականի հետ: Մինչ այդ, Հայաստանի ազգային ընտրանու հետ աշխատել էին 4 դրսեկ մասնագետներ` արգենտինացի Օսկար Լոպեսը(2002թ.), ռումինացի Միխայ Ստոյկիցան(2003-2004թթ.), ֆրանսիացի Բերնար Կազնոնին (2004-2005թթ.) և հոլանդացի Հենկ Վիսմանը (2005-2006թթ.): Այս մասնագետներից որևէ մեկը մեծ հաջողությունների չհասավ, իսկ Վիսմանը՝ ում փոխարինեց Պորտերֆիլդը, բացահայտ ձախողվեց. «Վիսմանը վերաբերվում էր գործին ընդամենը որպես փող աշխատելու միջոց, ոչ ավել»,- համոզված է Վահան Ղարիբյանը: Իսկ ո՞րն էր Պորտերֆիլդի և մյուս մարզիչների հիմնական տարբերությունը.«Պորտերֆիլդը, լինելով շոտլանդացի, մեզ շատ մոտ էր իր մենթալիտետով: Նա կարողացավ հասկանալ հայերին, ինչը շատ կարևոր է, մարզչական կրթության մի հատված է: Նա ուներ հոգեբանի և առաջատարի  եզակի որակներ, կարողանում էր ոգեշնչել խաղացողներին: Պորտուգալիայի հետ խաղից առաջ վերջին պարապմունքի ժամանակ (որը փաստացի դարձավ նրա վերջին մարզումը), Պորտերֆիլդը և ֆուտբոլիստները ձեռքերը բռնած շրջան կազմեցին, նա ինչ-որ բան էր ասում, միասին ձեռքերը բարձրացնում- իջեցնում էին: Այդպիսի մարզում երբեք չեմ տեսել(ժպտում է,-խմբ.): Փոքրիկ գաղտնիք բացեմ` Պորտուգալիայի հետ խաղի ընդմիջմանը, նրան նույնիսկ «սիստեմա» են միացրել: Անընդհատ նայում ենք հոգեբանական տեսանկյունից, բայց Պորտերֆիլդը նաև տակտիկապես էր գրագետ: Օրինակ` Լեհաստանի հետ պատմական խաղում մենք առաջին րոպեներից խաղում էինք առանց հարձակվող: Հագեցած էր կիսապաշտպանական գիծը, ինչը արդյունք տվեց: Խաղավերջում կարող էինք ևս երեք գնդակ խփել»,- անցյալն է հիշում զրուցակիցս:

Նկարահանող խումբը (ռեժիսոր, օպերատոր, պրոդյուսեր, նախագծի ղեկավար) պատրաստվում է Մեծ Բրիտանիայում 3-4 քաղաք այցելել, զրուցել Պորտերֆիլդի կնոջ, աղջկա, հավաքականում նրա օգնականի` Թոմ Ջոնսի և այլ մարդկանց հետ: Ծրագրում են ստանալ 40 րոպեից մինչ 1 ժամանոց ֆիլմ, զրուցել 10-13 մարդու հետ` Հայաստանում և Մեծ Բրիտանիայում: Ֆիլմի ռեժիսորը` Հանրային հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Հարություն Սեմերջյանն է: Գործադիր պրոդյուսերը՝ Էրիկ Սաիյանը: Թիմը գումարը փորձելու է հայթայթել 2 ամսվա ընթացքում: Դրամահավաքի բոլոր մասնակիցների անունները նշվելու են ֆիլմում:«Մեզ համար կարևոր է, որ ոչ թե ինչ-որ մեկը մեծ հանգանակություն անի(թեև չէինք հրաժարվի), այլ շատ մարդիկ նպաստեին նախագծի իրականացմանը: Կարծում եմ, որ շատ ավելի սիրուն կլինի, եթե ոչ թե մեկ հովանավոր ունենանք, այլ, ասենք՝ 4000 կամ 3000 (ժպտում է,-խմբ.), ինչը նաև յուրահատուկ հարգանքի տուրք կլիներ Պորտերֆիլդին, որ այսքան մարդ կա նրան հիշող»,- հույսով նշում է Վահան Ղարիբյանը:

Զրույցը գրի առավ՝

Գարեգին Ալեքսանյանը 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register