Ի՞նչ է հիպոթերապիան ու ինչո՞վ է օգտակար

38071389_1663612890434359_806973154613264384_n

Հիպոթերապիան, կամ, տնական լեզվով ասած, ձիաբուժությունն ամբողջ աշխարհում արագ տեմպերով տարածվում է։ Հատկապես վերջին տասը տարիներին մեծ հետաքրքրություն կա թերապիաների այս շարքի նկատմամբ, և բնական է, որ Հայաստանը ևս անմասն չի մնացել այս հետաքրքիր մեթոդից։ Այն և՛ հաճելի է, և՛, իսկապես, օգտակար։

Մեթոդը կիրառում են «Փայտե ձի» անունը կրող կենտրոնում, որտեղի կամավորներից Նորիկ Բեգլարյանն էլ «Ճամփորդին» պատմեց, թե ինչ է իրենից ներկայցնում հիպոթերապիան, ում է ցուցված, և ինչ դրական արդյունքների է բերում։

 

«Փայտե ձի» հիպոթերապիայի կենտրոնը ստեղծվել է 2013 թվականին, գտնվում է Խարբերդի մասնագիտացված մանկատան տարածքում, ձիարշավարանը կառուցվել է «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության և SOAR Armenia կազմակերպության կողմից։ Հայ օգնության ֆոնդի «Ayo» հարթակի հետ համատեղ բարեգործական գործունեության շրջանակներում ձեռք ենք բերել կառք։

38128703_1663612817101033_1748403339919360000_n

Նորիկ Բեգլարյան

Հիպոթերապիան ցուցված է այն մարդկանց, ովքեր ունեն աուտիզմ, Դաունի համախտանիշ, մանկական ուղեղային կաթված, ողնաշարային տարբեր խնդիրներ, և այլն։ Հակացուցված է հաճախակի ցնցումներ ունեցող, սուր ալերգիա կամ փխրուն ոսկորների սինդրոմ ունեցող անձանց։

Հիպոթերապիայի ձիու վրա նստելիս երեխային պետք է ճիշտ դիրքավորել, քայլքի ժամանակ երեխային է փոխանցվում ձիու եռաչափ շարժումները (վերև-ներքև, աջ և ձախ, առաջ-հետ)։ Ձիու ջերմաստիճանը 1-1.5 աստիճանով ավել է մարդու մարմնի ջերմաստիճանից, որի շնորհիվ հեծյալի ոտքի մկանները ստանում են ջերմային մերսում։ Հիպոթերապիայի ընթացքում հեծյալը նստում է ձիու վրա առանց թամբի։

38027310_1663612737101041_5236909600321568768_n 38071711_1663612730434375_3199376127256690688_n

Երեխայի հետ նաև աշխատում են հոգեբան, ֆիզիոթերապիստ, լոգոպետ և հիպոթերապիստ։  Մեր մասնագետները վերապատրաստում են անցել Վրաստանում և Շվեցարիայում, և ակտիվ համագործակցում են աշխարհի տարբեր երկրների հիպոթերապիայի և ձիավարության կենտրոնների հետ։

Հիպոթերապիան իր բնույթով միակ վերականգնողական թերապիան է, որն անց է կացվում ձիու միջոցով, և որի երեսուն րոպե պարապմունքը համարժեք է մարզասրահի հինգ ժամվա պարապմունքի հետ։ Պարապմունքի ընթացքում մարդու արյան շրջանառությունը մի քանի անգամով արագանում է, կարգավորվում է մարմնի բալանսը։ Դրական փոփոխությունները շատ անհատական են՝ կախված երեխայի խնդրից և ընդունակություններից։ Այս կարճ ժամանակահատվածում գրանցել ենք մի շարք հաջողություններ՝ լեզվական հապավում ունեցողի մոտ արձանագրել ենք խոսք, ՄՈւԿ-ի խնդրով երեխաների մոտ՝դրական տեղաշարժ՝ տեղում կանգնել առանց օգնության, որոշ դեպքերում նաև քայլելու դեպքեր, գերակտիվ և աուտիզմով երեխաների մոտ նկատվել է վարքի բարելավում։

38238181_1663612747101040_6004018457631260672_n

Ձիարշավարանում անցկացնում ենք ինչպես հիպոթերապիայի, այնպես էլ ձիավարության պարապմունքներ։ Այն ձիերը, որոնք վերապատրաստված են ձիաբուժության պարապմունքների համար, տարբերվում են իրենց քայլքով և հանգիստ բնավորությամբ։ Նրանց հետ կատարվում են ամենօրյա դաստիարակչական աշխատանքներ։

Մեր նպատակն է խնդիր ունեցող երեխաներին տալ հնարավորություն ստանալ անվճար բուժում։ Քանի որ նման խնդրով երեխաների մոտավոր 90 տոկոսը ապրում է սոցիալապես ոչ ապահով ընտանիքներում, փորձում ենք ներառել այլ վճարունակ խմբեր, որոնք կհաճախեն ձիավարության, որից ստացված ողջ հասույթը կծառայի կենտրոնի զարգացմանը և ձիերի խնամքին՝ հնարավորություն տալով երեխաներին անվճար օգտվել ձիաբուժությունից։ Քանի որ ամբողջ թիմը աշխատում է կամավորական սկզբունքով, կամավորների և  հովանավորների աջակցության կարիք կա։

Հայաստանում հիպոթերապիան դեռ նոր է և շատ մարդիկ դեռևս չգիտեն նրա օգտակարության մասին, նույնիսկ անծանոթ է անունը։ Տեսնելով զարգացած երկրների փորձը՝ հավատում ենք, որ Հայաստանում հիպոթերապիան լայն տարածում կգտնի՝ ո՛չ միայն խնդիր ունեցողների շրջանում, այլ նաև առողջ ապրելակերպի և բնության սիրահարների մեջ։

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register