ՀԻՆ ՏՂԵՐՔԸ
Ապրիլյան պատերազմի հենց առաջին օրը` ժամկետային զինծառայողների և սպաների կողքին Արցախից և Հայաստանից բազմաթիվ կամավորներ մեկնեցին առաջնագիծ՝ լինելու: Դիրքերում անձնակազմի ավելացման, փորձառու մարդկանց գալով ակնհայտորեն բարձրացել է զինվորների տրամադրվածությունը և վստահությունը սեփական ուժերի հանդեպ:
Մեր այցելած առաջին դիրքում մեզ դիմավորեցին արցախյան ազատամարտի վետերաններ Պավել Աբրահամյանը և Նիվո Ավագյանը: Պավելը խանդավառ, մեծ էներգիայի տեր մարդ է: Ե՛վ կատակասեր է, և՛ ռազմատենչ: Նիվոն ավելի քչախոս է: Վետերանները կատակում են, որ դիրքը նրանց անվամբ է, մուտքի մոտ փակցված են ռուսերեն «П,Н» տառերը: Պավելն ասում է, որ դա նրա և Նիվոյի անվան առաջին տառերն են:
Նիվոն գիշերները ընդհանրապես չի քնում: Ցուցադրում է ճանապարհին կանգած ավտոմեքենան, որը յուրատեսակ հանգստի սենյակ է ծառայում: Դիրքում ուզում է մեծ հյուրասիրություն կազմակերպել մեզ համար, հազիվ ենք համոզում, որ մենք ավելի շատ շփման, զրույցի կարիք ունենք: Պավելը և Նիվոն մեկ բան են ուզում, որ հրաման լինի և պատժիչ գործողություններ իրականացնեն: «Մենք այստեղ ենք, որ թեկուզ արյան գնով մեր հողը պաշտպանենք: Եթե հրաման լինի, կոտորենք: Միայն թե լինի, տես ինչ ենք անում: Ապրիլի առաջին օրերից հետո մենք պատժել ենք հակառակորդին, բայց բավականաչափ չենք պատժել: Հարցը բաց է մնում, 12-ամյա երեխայի մահվան, ծնողների պատասխանը պիտի տան: Քնած, ծեր մարդու խոշտանգման, 92 տարեկան կնոջը սպանելու պատասխանը պիտի տան: Մենք պահանջում ենք, պահանջում ենք ոչ թե զրուցելով, այլ սրանով(ձեռքով հարվածում է ավտոմատին,-խմբ.): Մեզ հրաման է հարկավոր: Ովքեր են հրետակոծում դպրոցը, երեխային սպանում: Գիտեք թե մենք դիրքում աղոթո՞ւմ ենք, որ չգան: Աղոթում ենք, որ գան: Խնդրում եմ, դիվերսիա իրականացրեք մեր դիրքի ուղղությամբ: Այդ միայն ես չեմ ասում, մեր դիրքի անձնակազմի անունից եմ ասում: Բոլորն էլ մարտական են տրամադրված:
Իսկ եթե վերևները մտածում են հող տան, թող գան ու փորձեն տալ, ես ինքս չեմ թողնելու: Հակառակը, պետք է մտածենք ավելացնելու մասին: Հարցը անհրաժեշտ է լուծել ռազմական ճանապարհով ու վերջնական: Մենք նույն տղերքն ենք, որ 94-ին կռվել ենք, ավելի կատարելագործված, համախմբված ենք այժմ: Մենք չենք գնում հայրենիքի համար զոհվելու, գնում ենք կոտորելու:
Մենք ընտանիքներ ունենք թիկունքում: Նիվոյի տղայի 5-ամյակն էր օրերս, չի գնացել: Զանգել շնորհավորել է ու վերջ: Երբ պետք լինի, այդ ժամանակ կանենք ծնունդը կամ օրինակ՝ Կուրից ձուկ կբռնենք, խնջույք կանենք: Մեր նպատակը դա է, հասնել Մինգեչաուր(բնակչության քանակով Ադրբեջանի 4-րդ քաղաքը, որ Կուր գետի երկու կողմում է,-խմբ. ): Մի խոսքով մենք անհամբեր հրամանի ենք սպասում, որ առաջ գնանք: Մեզ հաց, ջուր, կոնֆետ, քաղցրավենիք ոչ մի բան պետք չէ, ամեն ինչ ունենք, մեզ միայն զենք, զինամթերք է անհրաժեշտ, այն էլ ունենք: Կա գիշերային տեսանելիություն ապահովող սարքի և ջերմային տեսախցիկների(тепловизор) կարիք»:
Կոնկրետ այս դիրքի և հակառակորդի մոտակա դիրքի հեռավորությունը 150-200 մետր է: Հարցնում ենք՝ եղե՞լ է, որ հակառակորդի հետ զրուցեք: Պավելն ասում է՝ նրանց համար միայն հայոյանք: Պավելը, Նիվոն և մյուս կամավորները դիրքեր բարձրացել են ապրիլի 2-ին: Իրենց խոսքով՝ դիրքում տեսել են «դուխով» կանգնած զինվորների:
Մենք որ եկանք դիրքի զինվորները ավելի ոգևորվեցին: Հիմա հազիվ ենք պահում, որ խրամատներից չթռնեն, գնան այնտեղ ավիրեն: Այս ամսվա ընթացքում փորձել են դիվերսիա իրականացրել, չեն էլ կարողացել դիրք հասնել: Դիրքը խաղալիք չէ, «չուպաչուպս» չէ, թխվածքաբլիթ չէ, որ գան հասնեն, բլիթից օգտվեն»:
Երկրորդ դիրքում կամավորներից հաջողվում է զրուցել 39-ամյա Նելսոն Բաբայանի հետ, նա ծնունդով Մարտունի քաղաքից է: Ծառայել է Արցախի բանակում 94-97 թվականներին: Եղել է դպրոցի տնօրեն, շրջանի կրթության բաժնի պատասխանատու: Ամուսնացած է, ունի 11 տարեկան որդի: Նշում է, որ ընտանիքը հարգանքով ու սիրով է ընդունել նրա՝ առաջնագիծ գնալու որոշումը:
Ծառայել եմ երեք տարի, այժմ էլ ուրախ եմ, որ զինվորի կողքին եմ: Յուրաքանչյուր արցախցու համար առաջնահերթ պետք է լինի զինվորին աջակցելը, կողքը գտնվելը: Պետք է կարողանանք համախմբած լինել ու պաշտպանել մեզ, մեր ընտանիքները:
Տղաները հարյուրավոր կիլոմետրեր հեռու են ապրում, եկել են մեր հողը պաշտպանում են, մենք էլ 7-10 կմ հեռու ենք ապրում, ինչպես կարող ենք չլինել նրանց կողքին: Մենք պատրաստ են որքան անհրաժեշտ է լինել 18-20 տարեկան զինվորների հետ:
Թուրքը չի պահելու հրադադարը, ինչպես չի պահե 94 թվականից ի վեր: Աստված տա խաղաղություն լինի, Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչվի, դա կարող է լինել վերջնական հրադադար»:
Դիրքերում զինվորների աչքերից երևում է, որ այժմ ավելի վստահ են: Ավագ ընկերների հետ մեծ փորձառություն են ձեռք բերել: Շփվում, ընկերանում, սովորում են նրանցից: Զինվորականները և նրանց կողքը կանգնած կամավորներնը իրենց գործը լավ են անում, մնում է, որ մենք՝ թիկունքում գտնվողներս էլ, մեր աշխատանքը լավ կատարենք:
Գարեգին Ալեքսանյան