«ՀԻՄԱ ԿԳԱՄ. Ջ. Թ.»

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետական ազգային թանգարան–ինստիտուտում բացվել է Ջիմ Թորոսյանի 90–ամյակին նվիրված «Հիմա կգամ. Ջիմ Թորոսյան և արվեստանոց խորագրով» ցուցահանդեսը: Ցուցահանդեսի խորագիրը Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանի խոսքով, ընտրել են այն բանից հետո, երբ ճարտարապետի արխիվում գտել են «Հիմա կգամ. Ջ. Թ.» գրությամբ մի թուղթ: Թե ում համար է Ջիմ Թորոսյանը այն գրել, մտերիմները չգիտեն, բայց գրությունը գեղեցիկ խորգիր է դարձել: Անուշ Տեր-Մինասյանի խոսքով, այս ցուցահանդեսը առիթ է ծանոթանալ կամ ևս մեկ անգամ տեսնել այն հսկայական ժառանգությունը, որ թողել է անվանի ճարտարապետը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Ջիմ Թորոսյանի դուստրը՝ Անահիտ Փափազյանը: Նա ասաց, որ տխրում է ՝ տեսնելով, թե ինչ ճարտարապետական փոփոխությունների է ենթարկվում մեր մայրաքաղաքը և կարծում է, որ Ջիմ Թորոսյանին ևս դուր չէր գա այն ամենը, ինչ կառուցվում է Երևանում և աղավաղում քաղաքի ճարտարապետական դիմագիծը:
Ջիմ Թորոսյանը ժամանակին եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը, նրա աշխատանքներից են Երևանի քաղաքապետարանի նախկին շենքը, Երևանի քաղաքապետարանի ներկայիս շենքը, մայրաքաղաքի պատմության թանգարանը, Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը, Սպիտակի կենտրոնական հրապարակի համալիրը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մուտքը և այլն:
Անվանի ճարտարապետի աշխատանքները դիտելու հնարավորություն կա մինչև 20-ը: