ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈւՆՆԵՐԻ ՊԵՐՃԱՆՔՆ Ու ԹՇՎԱՌՈւԹՅՈւՆԸ

4

 Հարյուր  տարվա մենության  պես մեր  օրեր է հասել աշխարհի ամենամասշտաբային հեղափոխության  մեկդարյա  հոբելյանը, թե՞ տարելիցը… Հարյուր տարի առաջ Ցարական  Ռուսաստանում  բոլշևիկյան հեղափոխություն իրականացվեց, որի արդյունքում կոմունիստները գալով իշխանության, ոտքից  գլուխ փոխեցին  հասարակարգը, սոցիալիզմ հաստատեցին ու սկսեցին այն՝ որպես քաղաքական բրենդ, արտահանել աշխարհով մեկ: Բայց  մինչ այդ, սովետները  նախ գրավեցին աշխարհի մեկ վեցերորդ մասը ու  հիմնեցին  միասնական պետություն, որի մի մասն էլ, որպես գերտերության  բաղադրիչ՝ Հայաստանը դարձավ:

Բարեբախտաբար, ԽՍՀՄ փլուզմամբ կոմունիստական արշավանքը կասեցվեց, և անհասկանալի հասարակարգին փոխարինելու եկան անկախ պետությունները՝ իրենց շուկայական  տնտեսություններով, այո, նաև՝ վայրի կապիտալիզմով, որը , սակայն, վաղ թե ուշ կնահանջի առողջ տնտեսության ճնշման տակ, համաշխարհային ազդակներից ելնելով:Հայաստանն այսօր զարգացող երկրների  ցանկում է, մեր երկիրը դժվարությամբ է առաջ գնում, շատ են ներքին ու արտաքին խոչընդոտները: Նորանկախ երկիրը հասցրել է ծանր պատերազմ անցնել ու հաղթել, հընթացս բանակ կառուցել, որն անընդհատ զինվում և արդիականացվում է: Ներքին ու արտաքին մարտահրավերների պակաս չկա, սոցիալական լուրջ խնդիրներ են կուտակվել երկրում, ինչն էլ ըննդդիմությանը հաճախ է ստիպում մտածել հեղափոխությամբ իշխանափոխություն իրականացնելու մասին:

Սակայն երբ հեղափոխության թեժ կոչեր են հնչում, առաջնորդները մոռանում են խոստումներից այն կողմ կոնկրետ  քայլեր նշել, թե ինչպես, ինչ միջոցներով ու ռեսուրսներով են այս կամ այն խնդիրը լուծելու: Թերևս դրանից է, որ Հայաստանում այդպես էլ ծանրակշիռ ընդդիմություն չի ձևավորվում: Մյուս  կողմից, ինչքանով են հեղափոխությունները  դրական փոփոխությունների  երաշխավորը: Սովետի կազմավորման, ապա և փլուզման հեղափոխությունները ցույց տվեցին, որ երկուսի դեպքում էլ եղածը  քանդվեց  և կառուցվեց  անասելի դժվարությամբ, այդպես էլ չհասնելով ցանկալի արդյունքի:

«Ամեն հեղափոխություն իր ետևից տիղմ է բերում». չգիտեմ  ում միտքն է,սակայն լավ  է ասված, սա՝ լավագույն դեպքում: Մեծ հեղափոխություններն իրենց  ետևից արյուն են բերում, անխուսափելի արյուն, քաղաքացիական բախումներ, որոնց  հետևանքները  դժվար հաղթահարելի  են: Ու որպես կանոն, հեղափոխությունների  լիդերներն իրենց  մերձավորներով  երբեք  զոհերի մեջ չեն լինում: Տուժողները հասարակ  մահկանացուներն են, որոնք ավելի ծանր բեռի տակ են հայտնվում:

Լավ, եթե հեղափոխությունն իրական փոփոխությունների ճանապարհը չէ, այդ դեպքում ինչպես երկրում  իրավիճակ փոխել, ինչպես ստիպել իշխանություններին  ռեալ բարեփոխումներ  իրականացնել: Իհարկե, ստիպելով, պահանջելով ու պահանջատեր լինելով: Վերջին  տարիներին մեր հասարակությունը, երիտասարդության առաջնորդությամբ մի քանի փայլուն  օրինակներով  ցույց  տվեց, որ միասնականության շնորհիվ  կարող  են թեկուզև փոքր հարցեր առաջ քաշել ու հետամուտ լինել լուծմանը: Իբրև ասվածի հավաստում, հիշենք  ուղեվճարի թանկացման դեմ իրականացված ցույցերը, երբ երիտասարդներն իսկապես  փայլուն  հաղթանակ  գրանցեցին: Նույնը նաև՝ «Էլեկտրիկ Երևանի» դեպքում, երբ դժգոհության  մեծ ալիքն ու շարունակական ցույցերը իշխանություններին հարկադրեցին ՝ ետ  կանգնել էլեկտրականության վարձը թանկացնելու մտադրությունից: Պատահական  չէ, որ հասարակության շարժիչ ուժը ուսանողությունն է: Նույնը 88-ին էր: Երբ հասարակությանն առաջնորդում են երիտասարդ, ուսյալ մարդիկ, անպայման արդյունք է լինում: Կարծում եմ՝ մեր երիտասարդներն այսօր էլ կարող են պահանջել և ստանալ որակյալ ուսման, սոցիալական  բարելավման, արդարության հաստատման իրական երաշխիքներ: Կրթված երիտասարդությունն  է, որ վաղը տեղ է գտնելու  կառավարման համակարգում  ու սահուն սերնդափոխության շնորհիվ  կառավարման որակ է փոխելու, հասարակական հոգեբանություն է փոխելու:

Խելքի ու մտքի հեղափոխությունն՝ ամենաերկարատևն է։

Սյունե Սևադա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register