ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

137

Հայաստանում  ապրիլի 2-ին անցկացված ընտրությունները  կարևոր  էին մինչ այս աննախադեպ՝ նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու պատճառով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուն պես, Հայաստանում որոշումներ կայացնելու լիազորությունները փոխանցվելու են Ազգային ժողովին:                                                                                                                         Դեռ նախընտրական շրջանում, շատ էր խոսվում այն մասին, որ առջևում անչափ լարված օրեր են սպասվում: Հատկապես հետընտրական շրջանի վերաբերյալ կանխատեսումները, մեղմ ասած, լավատեսական չէին: Սպասվում էր, որ խորհրդարան չանցած ուժերը բողոքի ցույցեր են կազմակերպելու՝ սակարկելով ընտրություններում գրանցված արդյունքների արդարությունը: Սակայն ի հեճուկս հոռետեսների և ի տարբերություն անցած 18 տարիների, Հայաստանում առաջին անգամ՝ համապետական նշանակության խոշոր ընտրություններից հետո բողոքի ցույցեր  այդպես էլ տեղի չունեցան: Քաղաքագետներից ոմանք այս հանգամանքը պայմանավորեցին ընդդիմության դիրքերից հանդես եկող «Ելք» դաշինքի հաջողությամբ և մնացած ընդդիմադիր ուժերի խոշոր ձախողմամբ: Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հանրության կողմից իրենց կարևորությամբ  մշտապես երկրորդ տեղում են եղել: Հանրության կողմից առավել կարևորվել են նախագահական ընտրությունները: Ասել է թե` մարդկանց կողմից ավելի հեշտ է ընտրել և կողմնորոշվել 2 կամ 3 թեկնածուի միջև` վերլուծելով նրանց գործունեությունը, քան թե հարյուրավոր թեկնածուներ ունեցող 8-9 քաղաքական ուժերի միջև:

Ընտրություններից հետո դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունները հանդես եկան տարբեր հայտարարություններով: Օրինակ` ԱՊՀ դիտորդները համոզմունք հայտնեցին, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները եղել են ազատ, արդար ու թափանցիկ և համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին:  ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության տված գնահատականը այնքան էլ միանշանակ չէ: Առաքելության  կողմից տարածված հայտարարության համաձայն՝ «Ընտրությունները լավ էին կազմակերպված և նախորդների համեմատ կազմակերպչական  առումով բարելավում էին արձանագրել: Սակայն  շարունակում է մտահոգիչ մնալ՝ ընտրական գործընթացի հանդեպ  հասարակության վստահությունը»:

«Քաղաքացի դիտորդ»-ի տեղեկացմամբ՝ դիտարկված 200 ընտրատեղամասերի  52 տոկոսում գրանցվել են դեպքեր, երբ տեղի է ունեցել վերահսկվող քվեարկություն: Այսինքն՝ այլ անձինք նայել են, թե մարդն ում է քվեարկում, արձանագրվել են այլ խախտումներ ևս:

Այժմ իմի բերենք քաղաքական ուժերի հետընտրական հայտարարությունները: Որքանո՞վ են ընդունելի համարում անցած ընտրությունների արդյունքները այդպես էլ  խորհրդարան չանցած ուժերը: Հետագա պայքարի ի՞նչ տարբերակներ են նրանք տեսնում:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն ընտրության իրավունք ունեցող 2588590 մարդուց քվեարկությանը մասնակցել է 1577323-ը, այլ կերպ՝ բնակչության մոտ 61 տոկոսը: Առավելագույն ձայներ է հավաքել ՀՀԿ-ն` 770718 (49.15%), որին հետևում են «Ծառուկյան դաշինք»-ը` 429992 (27.35%), «Ելք» դաշինքը` 121997(7.78%), ՀՅԴ-ն` 103.148(6.58%): Սրանք այն ուժերն են, որոնք հաղթահարելով նախանշված նվազագույն շեմը՝ ներկայացված են լինելու խորհրդարանում: Նվազագույն շեմը չեն կարողացել հաղթահարել քաղաքական ուժերից  5-ը ` «Հայկական վերածնունդ» կուսակցությունը` 58274 (3.72%), «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը` 32487(2.07%), «Կոնգրես-ՀԺԿ դաշինք»-ը` 25973(1.66%) և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը` 11.742(0.75%):

Առաջին համարով ընտրություններին մասնակցած «Ելք» դաշինքի տարածած հայտարարության համաձայն՝ նրանք մի կողմից ընդունում են ընտրության արդյունքները, սակայն մյուս կողմից էլ փաստում են, որ վերջին շրջանում քաղաքացիները ենթարկվել են տարատեսակ ճնշումների:

Ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում և «ԵԼՔ» դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե:

Թե՛ նախընտրական քարոզչության ընթացքում, թե՛ քվեարկության օրը քաղաքացիների ընտրական կամքը ենթարկվել է վարչական և ֆինանսական ապօրինի ճնշումների, որոնց վերաբերյալ կան բազաթիվ ահազանգեր:

«ԵԼՔ» դաշինքը խորհրդարանական գործունեության ընթացքում և ընդհանրապես՝ միջոցներ է ձեռնարկելու 2017 թվականի ԱԺ ընտրությունների ընթացքում տեղ գտած ապօրինի երևույթների պատշաճ քննության իրականացմանը հասնելու համար, հետևողական և սկզբունքային պայքար է մղելու այդ երևույթների դեմ»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը զերծ է մնացել անցած ընտրություններին գնահատականտալուց: Կուսակցության տարածած պաշտոնական հաղորդագրությունում նշվում է. «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը վստահեցնում է, որ շարունակելու է ամենօրյա ռեժիմով աշխատել հանուն ՀՀ քաղաքացու բարօրության, հանուն մեր այն տեսլականների, որոնց շնորհիվ ունենալու ենք զարգացած ու ժողովրդավար պետություն, որտեղ արժեք չեն ունենալու ընտրակաշառքն ու անօրինական լծակների կիրառումը։

Մենք կարող ենք և պայքարելու ենք հանուն ՀՀ քաղաքացու գիտակցված ընտրության և իրավատեր հասարակության ձևավորման։

«Հավատացած եղե՛ք, որ մենք միշտ առաջ ենք տանելու այն քաղաքական օրակարգը, որը մեզ համար աներկբա է և որի իրագործմամբ է հնարավոր տեսնել ՀՀ զարգացումն ու առաջընթացը»:

Վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ ՕԵԿ-ը (այժմ` «Հայկական վերածնունդ») չանցավ խորհրդարան: Չնայած կուսակցությունը բազմիցս հայտարարել էր, որ հարյուր հազարից ավել անդամ ունի, սակայն ընտրությունների ընթացքում ստացել է ընդամենը 58 հազար ձայն: «Հայկական վերածնունդ»-ի  տարածած հետընտրական հայտարարության մեջ նշվում է, որ տեղի է ունեցել վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործում, թաղային հեղինակությունների և օլիգարխիկ խմբավորումների ակտիվ ներգրավում ընտրական գործընթացում, ընտրակաշառքի բաժանման բազմաթիվ դեպքեր: Այնուհանդերձ, «Հայկական վերածնունդը» ընտրությունների արդյունքները չի վիճարկելու:

Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով ընտրություններին մասնակցած «Կոնգրես-ՀԺԿ դաշինք»-ի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրությունների ավարտից հետո հանդես եկավ նախնական արձագանքով.

Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ:Անկախ ընտրությունների արդյունքից, սակայն, անհրաժեշտ եմ համարում կատարել հետևյալ երկու անառարկելի արձանագրումները. առաջին՝ Հայ Ազգային Կոնգրեսին հաջողվեց Ղարաբաղյան կարգավորման խնդիրը դարձնել Հայաստանի քաղաքական օրակարգի հրատապ հարց, ինչը մեր հակառակորդներն անգամ չեն ժխտում. երկրորդ՝ կարճ ժամանակում ստեղծվեց «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշանաբանի շուրջ ձևավորված, թեկուզ առայժմ ոչ զանգվածային, հասարակական շարժում, որի հետագա ծավալմանը ես ամենևին չեմ կասկածում։Դա հավատավորների շարժում է, որը Հայաստանին և Ղարաբաղին սպառնացող վերահաս աղետը կանխելուց բացի, այլ նպատակ չի հետապնդում։ Եթե Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերն ի զորու են այդ աղետը կանխել Ղարաբաղի գոյության պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու ճանապարհով, մենք միայն երախտապարտ կլինենք նրանց»:

Վեցերորդ համարով հանդես էր գալիս իշխող՝ Հանրապետական կուսակցությունը, որն այս անգամ էլ ամենաշատ ձայները ստացավ: Ներկայացնում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից մեկ հատված.

Մենք այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ կոնսոլիդացիա: Քաղաքական համակարգում, ըստ էության, չկար որևէ ազդեցիկ քաղաքական ուժ, որը դուրս մնացած լիներ ընտրապայքարից: Դա ևս վկայությունն էր նրա, որ Սահմանադրությամբ կանխորոշված՝ մեր քաղաքական համակարգի շինարարությունն ընթանում է ճիշտ ճանապարհով:

Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքական ուժերին՝ ակտիվ ու ընդհանուր առմամբ կոռեկտ քաղաքական մրցակցության համար։ Սա գեղեցիկ պայքար էր, որի նպատակը մեր երկրի զարգացման հարցում կարծիքների և դիրքորոշումների բախումն ու համադրումն էր։ Այն հիմնականում ստացվեց։

Շնորհակալ եմ մեր ընդդիմությանը, հասարակական հատվածի ներկայացուցիչներին և միջազգային մեր գործընկերներին ընտրությունների նախապատրաստման և անցկացման հարցում՝ քաղաքական կոնսենսուսի կայացման, ընտրական գործընթացն ամենաժամանակակից տեխնիկական միջոցներով անցկացմանն օժանդակելու համար։ Մենք նորովի կազմակերպեցինք ընտրական գործընթացը, որն ուղղակի անցյալում թողեց նախկինում ընտրական գործընթացներում դիտարկվող ամենակոպիտ խախտումների էական մասը։ Մենք մեծ քայլ արեցինք առաջ, մեծ քայլ դեպի ապագա»:

Նախկին նախարարների առաջնորդած«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որը քարոզարշավի ընթացքում ամենախիստն էր քննադատում իշխանությանը, ընտրությունների ավարտից հետո հայտարարեց, որ բողոքի ցույցեր կանի միայն այն դեպքում, երբ ժողովրդի կողմից լինի նման պահանջ, որն այս պահին չկա:

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով Հայաստանը ևս մեկ մեծ ետքայլ արձանագրեց: Սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առևտուր և իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն»,- ասված է դաշինքի տարածած հայտարարությունում։

ՀՅԴ Գերագույն մարմնի  ղեկավար Աղվան Վարդանյանն էլ նշել է, որ ընտրության  արդյունքները  թեպետ գոհացնում են, սակայն կուսակցությունն ավելին էր ակնկալում: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ  քաղաքական համակարգի կայացման առումով գնահատելի էր դերակատար ուժերի ազատ մրցակցությունը և հիմնականում քաղաքակիրթ ընտրապայքարը։

Հատուկ քննության կարիք ունի ընտրողների անսպասելի բարձր մասնակցությունը, ինչը մի կողմից քաղաքացիական ակտիվության գնահատելի դրսևորում էր, մյուս կողմից՝ ֆինանսական ու վարչական ռեսուրսի օգտագործման արատավոր երևույթի հետևանք։ Փաստ է, որ սոցիալական դժվար կացության մեջ հայտնված հասարակության զգալի մասը, որը չունի անհրաժեշտ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում, դեռևս ի վիճակի չէ ազատ ու գիտակցված ընտրություն կատարել։ Հանրության քաղաքական, հոգևոր-մշակութային արժեհամակարգի արմատական փոփոխությունը կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, ազգային-պետական ընտրախավի լրջագույն մարտահրավերն է»։

Հետընտրական արձագանքն իմի բերեց

 

Գարեգին Ալեքսանյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register