ՀԵՔԻԱԹՆ  ԱՎԱՐՏՎԵՑ

Klaudio

Վերջին օրերի Ֆուտբոլային նորությունների ոսկե տասնյակը գլխավորում է՝ Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզիչ՝ Կլաուդիո Ռանիերիի պաշտոնանկության մասին լուրը: Շատերի համար այն անսպասելի էր, քանի որ ընթացիկ առաջնությունում «Լեսթերն» այնքան էլ անհուսալի իրավիճակում չէր և նույնիսկ իր պատմության ընթացքում առաջին անգամ թիմը հայտնվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում և հաջորդ փուլ դուրս գալու շանսեր է պահպանում: Հիմնական խնդիրը «Լեսթերի»՝ Պրեմիեր լիգայում ունեցած դժգույն խաղն ու վտանգավոր գոտում հայտնվելն է,ինչը սկսել է լրջորեն անհանգստացնել թիմի սեփականատերերին: «Լեսթերին» պաշարել է «գոլային երաշտը»: Մինչ Ռանիերիի պաշտոնազրկումը  ԱՊԼ-ում թիմը 5 խաղ անընդմեջ պարտություն է կրել, ընհանուր՝ 0: 12 հաշվով:

Անկասկած, «Լեսթերն» այս մրցաշրջանում մոտավոր նմանություն իսկ չունի անցած տարի միջակ համարվող թիմերի շուրջ ձևավորված բոլոր կարծրատիպերը կոտրած  ֆենոմենին: Կլաուդիո Ռանիերին «Լեսթերը» ղեկը ստանձնել էր 2015 թվականի հուլիսից: Մինչ այդ  «աղվեսները»  հրաշքով էին փրկվել Պրեմիեր լիգայից դուրս մնալուց: Ֆուտբոլային լայն շրջանակներին անհայտ խաղացողներով համալրված թիմից իտալացի մասնագետը քաղեց առավելագույնը: Իր հաջողակ ու վառ խաղով թիմը բոլորի համար անսպասելիորեն 2015 թվականի ավարտին  սկսեց  գլխավորել մրցաշարային աղյուսակը, որից հետո էլ ցուցադրած վստահ ու կայուն խաղով կարողացավ իր դիրքերը պահել մինչև առաջնության ավարտը: 1884 թվականին հիմնադրված ակումբն իր պատմության ընթացքում առաջին անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը: Ճակատագրի հեգնանքով Կլաուդիո Ռանիերին նույնպես ներքին ասպարեզում (հիմնական առաջնություններում) իր առաջին չեմպիոնական մեդալը նվաճեց: Հեղինակավոր մարզիչը երկար տարիներ ղեկավարել էր անվանի թիմեր՝ «Չելսին»(2000-2004թթ.), «Յուվենտուսը»(2007-2009թթ.), «Ինտերը»(2011-2012թթ.), «Մոնակոն»(2012-2014թթ.):  Մամուլը «կծում» էր Ռանիերիին՝ նրան պիտակելով «մշտապես երկրորդը»: «Լեսթերի» չեմպիոնական տիտղոսը նվաճելը քսանմեկերորդ դարի գլխավոր ֆուտբոլային հեքիաթը դարձավ:

Հատկապես Անգլիայում անչափ դժվար է «սասանել» գրանդ ակումբների գերիշխանությունը: Առավել դժվար է այդ պատնեշը ճեղքելով՝ տեղ ապահովել ֆուտբոլային Պառնասում: Օրինակի համար՝ Իսպանիայում վերջին տարիներին չեմպիոնության համար պայքարում են 3 թիմ, Իտալիայում՝ նույնպես, Ֆրանսիայում՝ 2-3, Գերմանիայում՝ 1-2, իսկ Անգլիայում մրցաշրջանի մեկնարկից առաջ «Լիվերպուլի», «Արսենալի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» և «Տոտենհեմի» երկրպագուները և ղեկավարները հենց իրենց թիմին են տեսնում  առաջատարի գահին: Ու ահա, հենց Ռանիերիի գլխավորած «Լեսթերը» հանդգնեց միջամտել այս հսկաների ծրագրերին:

2016 թվականի սեպտեմբերին Ռանիերի թիմն առաջին անգամ ելույթ ունեցավ Չեմպիոնների լիգայում: Հակառակ Անգլիայի ընթացիկ առաջնությունում ցուցադրած անվստահ խաղին, Չեմպիոնների լիգայում թիմն ասես կերպարանափոխվում էր և տոնում հաղթանակներ: Խմբային փուլի G խմբում «Լեսթերը» վաստակեց 13 միավոր և, առաջ անցնելով  «Պորտուից», «Կոպենհագենից» և «Բրյուգեից», գրավեց առաջին հորիզոնականը: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում Անգլիայի չեմպիոնին բաժին է ընկել «Սևիլիան»: Իսպանիայում կայացած առաջին խաղում «Լեսթերը» թեպետ պարտվեց 1:2 հաշվով, սակայն գրանցված հաշիվը «Լեսթերին» հաջորդ փուլ դուրս գալու  հույսեր է թողնում: Այնուամենայնիվ, հենց  «Սևիլիայի» հետ խաղից հետո «Լեսթերի» ղեկավարները հայտարարեցին Ռանիերիի պաշտոնաթողության մասին:

Առաջատար մի շարք մարզիչներ իրենց աջակցությունն են հայտնել Ռանիերիին՝ ևս մեկ անգամ հիշատակելով նրա  գրանցած ֆանտաստիկ հաջողությունը: Մասնավորապես Ռանիերիի վաղեմի մրցակից Ժոզե Մոուրինյոն նշել է, որ իտալացի մարզչի չեմպիոնական տիտղոսն ավելի մեծ նշանակություն ունի, քան «Չելսիի» հետ նվաճած իր տիտղոսները՝ միասին վերցրած:

Ռանիերին չեմպիոնական տիտղոսից հետո ճանաչվել է Անգլիայի տարվա լավագույն մարզիչ, ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզիչ: Բոլորն էլ այն համոզմանն են, որ 65-ամյա մասնագետը դժվար թե երկար ժամանակ մնա առանց աշխատանքի:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register