ՀԱՅՈւՀԻՆԵՐԻ ՖԵՆՈՄԵՆԸ

ari

Երբ Հայաստան եկա, ինձ ամենաշատ հուզող հարցերից մեկը կանանց էր վերաբերում. մտածում էի, թե ինչպիսին են հայուհիները, կկարողանա՞մ  արդյոք  ինտեգրվել  նրանց միջավայրում: Որովհետև երկրին  ինտեգրվելու  գործի կեսը հենց  այդտեղից է սկսվում: Ինչպես ասում են՝ եկա, տեսա, սիրեցի: Տարիներ հետո, հրապարակային խոստովանության պես, ներկայացնեմ դիտարկումներս:

Հայաստանում ապրելով, ինձ  համար բացահայտեցի հայ կնոջ՝ իսկապես ֆենոմենալ տեսակը: Հայուհին ընտանիքի առանցքն է, որ աներկբա իր ուսերին է վերցնում երեխաների դաստիարակության հիմնական բեռը,տնային  տնտեսություն վարելու  գրեթե բոլոր պարտականությունները: Բնական է, որ հատկապես անչափահաս տարիքում հիմնականում մայրն է զբաղվում   երեխաների դաստիարակությամբ, սակայն Հայաստանում ես դա տեսա  բոլորովին այլ որակով, ակնհայտ  գերազանցած իմ սպասելիքը:Մայրերն  իրենց երեխաներին նաև  մանկապարտեզ ու դպրոց են տանում-բերում, պարտադիր  հոգում, որ զավակներն  անպայման  հաճախեն անձնային աճին   նպաստող խմբակներ ու դասընթացներ: Երաժշտություն, պար, նկարչություն,  օտար լեզուներ, սպորտ. շատ ընտանիքներում երեխաները երեք տարեկանից   սկսած արդեն այս ուղղություններից առնվազն  մեկով զբաղվում են: Ընդ որում,  մայրերը  հաճախ ժամանակ ու միջոց չեն ունենում սեփական  հետաքրքրությունների բավարարման համար, սակայն  երեխաների համար միշտ ձգտում են առավելագույնին, հստակ պատկերացնելով, որ   բազմակողմանի  զարգացած երեխան հետագայում ավելի հեշտ կգտնի իր տեղն ու դերը կյանքում:

Օրինաչափ է նաև, որ հայ կնոջ տունը փայլում է մաքրությունից. անկախ բարեկեցության աստիճանից, տունը կոկիկ հարդարված է միշտ, տան անդամների հագուկապը  միշտ լվացված- արդուկած: Դե, իսկ խոհանոցը առանցքային է բոլոր  ընտանիքներում. ավանդական  ճաշատեսակները միշտ կան, սառնարանում  հաճախ պատրաստի ուտելիք  կա,  իսկ  հյուր ընդունելիս, կարելի է կարծել, թե տվյալ տան եկամուտներն ամսական մի քանի հազար դոլարից են սկսվում: Զարմանալի ունակությամբ՝ հայ կինը   կարողանում է ամենահասարակ  մթերքից համեղագույն կերակուրներ պատրաստել: Մի՞թե սա  հիացմունքի արժանի չէ:

Տանը և  հատկապես տնից դուրս հայուհիները շատ ներկայացուցչական են հագնվում, հարդարվում  հավուր պատշաճի: Երբեմն  նույնիսկ մտածում եմ, թե  տոնական   միջոցառումների են շտապում, սակայն պարզվում է, առօրեական ոճի  մեջ են: Իսկ  ինչքան անմիջական են  շփման մեջ, անկեղծ, ջերմ ու պատրաստակամ: Հայուհիների պես աշխարհում ոչ ոք չի կարողանում մեկ գավաթ սուրճը տոնի ու արարողակարգի վերածել: Անգամ բաժակ նայելու փոքրիկ խորամանկությանն եմ ծանոթ, որ ավելի մտերմիկ է դարձնում կանացի հավաքույթները:

Այս ամենից հետո չեմ կարող լռել  հայ կնոջ կամային  մեկ այլ, ըստ իս,անչափ կարևոր գծի մասին: Հայ կանայք ստեղծարար ու ձգտող են այն աստիճանի, որ հաճախ չեն   բավարարվում միայն պատասխանատու տնային տնտեսուհու դերով: Նրանք տղամարդկանցից ավելի ճկուն են, ինչպես և ամբողջ աշխարհում, և կարողանում են  համատարած գործազրկության պայմաններում աշխատանք     գտնել և այն հաջողությամբ զուգորդել  հիմնական  պարտականությունների հետ: Ընդ որում, գնալով ավելանում է տուն պահող կանանց թիվը,քանի որ կանայք միշտ ավելիին են ձգտում և աշխատում են իրենց վրա, որպեսզի նոր հմտությունների տիրապետեն, ընդ որում՝ բուհական  կրթությունից հետո: Անվերջ  կարելի է  թվարկել  գեղեցիկ  հայուհիների հիասքանչ  կողմերի մասին,   սակայն  այսօր կանգ  առնեմ ու  անկեղծ ասեմ, սիրելի  հայ կանայք, դուք հրաշք եք, արժանի՝ լավագույնին:

Սիրով՝ ձեր Արիանա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register