ՀԱՅՐԵՆԻՔԻ «ԿՅԱՆՔՆ ՈՒ ԿՌԻՎԸ»

film

Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը գրավել է քաղաքի զրույցների ու քաղաքացիների սրտերի ամեն անկյունը: Այն փոխանցվում է մեկից մյուսին որպես խորհուրդ ու հորդոր՝ գնացեք, տեսեք, մեր կռիվն է, իսկականը: Ինձնից նույնպես ժամանակ պահանջվեց՝ զգացմունքային ֆոնն իջեցնելու ու ֆիլմի մասին որպես լրագրող խոսելու համար: Բայց շատ լուրջ կասկածներ ունեմ, որ դա ինձ  չի հաջողվել՝ ինչպես շատերի դեպքում:

Ֆիլմի սկիզբն արդեն իսկ հետաքրքիր է. գլխավոր հերոսը պայմանական է՝ ցցուն, բոլորից սաստիկ առանձնացող ու հույժ դրական  կերպար չէ: Շատ սովորական, մի քիչ «փափուկ ապրած» տղա, որին պատերազմը դուրս է շպրտում հարմարավետության գոտուց ու նետում դառն իրականության խորքը: Մարդ, որը պայքարում է սեփական վախերի ու բարդույթների դեմ՝ բոլորիս պես: Ֆիլմում չկան պաթետիզմով լեցուն դրվագներ, տղաներից ոչ մեկն ի ծնե չի երազել հերոսանալու կամ նահատակվելու մասին: Սա  հերոսապատումներից ավելի մարդկային է, իսկ մարդկայինը միշտ ավելի գրավիչ է, քանի որ  զգայական առումով հասանելի է:

Երբ ֆիլմն ավարտվեց, սրահում միայն աղմկոտ շնչառություն էր տիրում. արցունքները կուլ տալուց հետո են այդպես շնչում: Դահլիճից դուրս ես գալիս ու թեթևացած շունչ քաշում. վերջապես ունեցանք ֆիլմ, որտեղ հայրենիքը հողեղեն են սիրում՝ զուրկ պաթոսից ու պղպջակներից, փրփուրից ու փուչիկից: «Կյանք ու կռիվ» ֆիլմում հայրենիքը սիրում են առանց խոսքի ու կոչերի, առանց երդում-պատառի: Պատերազմ են գնում տղաներ, որոնք կյանքի այլ ծրագիր ունեին, սակայն գնում են, որովհետև պարզապես չեն կարող իրենց բաժին ընկած սիրուց ու պատասխանատվությունից փախչել:

Այս ֆիլմը առանց մատ թափ տալու սովորեցնում է սիրել հարենիքը, սիրած մարդուն, ծնողին, երեխային, ընդհանրապես՝ մարդուն:

Ինչ է հայրենասիրությունը, որն է երկիրը հայրենիք դարձնող, իրենով անող սերը: Դա չափազանց անհատական է, և յուրաքանչյուրի դեպքում նշանակում է քաղաքացի լինել, լինել պատասխանատու  քայլի ու կամքի համար, կարողանալ ամուր կանգնել մեր բաժին հողին: Մեկի համար դա նշանակում է զինվոր լինել,մեկի համար՝ հացթուխ կամ հողագործ, մյուսի համար՝ ուսուցիչ: Սոցիալական դերերը տարբեր են, բայց դրանք բոլորն էլ ծառայում են այդքան՝ երբեմն անիմաստ վեհ հնչող «հայրենանվեր գործին» ՝  եթե աշխատանքը լավ ենք կատարում, ու ամեն օր փորձում ենք մի քիչ ավելի լավը դառնալ:

Երբ դպրոցում շարադրություն էին հանձնարարում հայրենիքի մասին գրելու, դժվարանում էի, որովհետև ինձ թվում էր, թե երբեք չեմ կարողանա արտահայտել այն ամբողջը, ինչը միայն իմն է: Ինձ համար Հայաստանն իմ տունն ու քաղաքն է, բակն ու շենքը, բայց ամենից շատ՝ ինձ հարազատ ու սիրելի մարդիկ: Ինչպես կարելի է ուրիշ մեկին ապացուցել, որ քո մայրն  ամենալավն է, որ նրա եփած ճաշն ամենահամեղն է, ու նրա կողքին ամենատաքն ու ապահովն է: Չէ՞ որ դա անառարկելի ճիշտ է. հայրենիքի պես ու մեր բաժին սիրո մեջ ամենքս ճիշտ ենք: «Կյանք ու կռվում» էլ հայրենիքը մարդկանցով է հայրենիք դառնում, որովհետև տղաները գնում են կռիվ ոչ թե քարի ու ծառի, այլ սիրելիների համար: Սա զոհվելու միակ բավարար արդարացումն է հավանաբար: Հիշո՞ւմ եք ինչպես էր հայրենիքի մասին խոսում Վարդգես Պետրոսյանը. ահա այդ կրակե շապիկն է, որ պիտի մեզ տաքացնի ու զովացնի, իսկ կրակը մենք պիտի վառենք, կրակի տակն էլ միշտ վառելիք պահենք:

Ֆիլմում մի հատված կա. դիրքերում Տիգրանը, խոսելով քրոջը հավանած երիտասարդի հետ, մոտավորապես ասում է՝ եթե դու քո մեջ այնքան ուժ ես գտնում, որ կռվի մեջ լեզու ես սովորում (ժեստերի լեզվի մասին է խոսքը), ուրեմն փորձիր չզոհվել:  Մենք էլ, ֆիլմից դուրս, մեր մեջ ուժ ենք գտել հաղթելու այս կռիվը, բայց ուժ չենք գտնում բառերից գործ դառնալու: Ուժ ենք գտել գրոշներով ապրելու, բայց ուժ չունենք գրոշին համարժեք մարդկանց թույլ չտալու, որ կառավարեն մեր կյանքը: Մենք պատերազմի միջանկյալ հատվածներում սովորել ենք սիրո լեզուն, բայց պատերազմից դուրս իրար կոկորդ ենք կրծում, եթե որևէ հարցում տարաձայնում ենք:

Բոլորիս էլ ծանոթ են հայրենիքի մասին բարձրագոչ խոսող մարդիկ. գեղեցիկ ու հատընտիր են խոսում, չափած-ձևած ու ձեռքը սեղանին խփելով, սակայն դա վատ սերտած դեր է հիշեցնում, որովհետև կուլիսներոմ ավարտվում է, գործողություն ու քայլ չի դառնում: Այդ խոսքն աղ չունի, պղպջակն էլ համ չի տալիս: Եկեք դերերն ու դերասանները լավ ֆիլմերին թողնենք, մենք Ստանիսլավսկու «չեմ հավատումը» դադարեցնենք կրկնել չինովնիկ-այրերի մասին խոսելիս ու մի պահ փորձենք հասկանալ՝ ինչ կարելի է անել, որ եթե ոչ Ստանիսլավսկին, ապա գոնե մենք մեզ հավատանք:

Պսևդո-հայրենասիրությունը հեշտ գործ է, բայց հեշտ տարբերակով հայրենիք չեն կառուցում: Ինչպես և հազարավոր հեշտ ֆիլմեր ենք տեսնում՝ կռացած որակով, չոքեչոք դերասանական խաղով, կակազող ասելիքով:  Լավ ֆիլմ նկարելն աշխատատար ընթացք է, հայրենիք կառուցելը՝ շատ ավելի, որովհետև ֆիլմերի չափ դուբլների տարբերակ չունենք: Բայց մեր հայրենիքի սցենարը լավն է, և ինչպես «Կյանք ու կռվում», գլխավոր հերոսներ, որպես այդպիսին, չկան: Բոլորն են կարևոր, պետքական: Ու լավն են, ուժեղ են՝ քանի դեռ միասին են:

Սա ֆիլմ է, որի մոտ վերադառնում են, քանի որ  ֆիլմ է այն հայրենիքի մասին, որը կարոտում են:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register