ՀԱՅՐԵՆԻՔԵՍ ՀԵՌԱՑԵԼ ԵՄ…

paxa

Փոփոխությունները կյանքում անխուսափելի են, երբեմն սպասված, երբեմն էլ՝ հարկադիր: Միշտ չէ, որ դրանք մեր ընտրության արդյունքն են, սակայն մեր անելիքը դրանց հետ ուզած թե չուզած առերեսվելն է: Ինտելեկտի դար հայտարարված քսանմեկերորդ հարյուրամյակն իրականում նոր ու ծավալվող պատերազմների սկիզբ դարձավ և պատճառ, որ հարյուր հազարավոր  մարդիկ լքեն իրենց հարազատ բնակավայրերն ու փախստականի կարգավիճակով դեպի անորոշություն գնան: Մեր ժողովրդի համար գաղթականի ու փախստականի կյանքը, ցավոք սրտի, նորություն չի դարերով, սակայն վերջին քսան-քսանհինգ տարում մեր վերքերը վերստին թարմացել են:

Իննսունականների սկզբին մոտ հինգ հարյուր հազար հայ Ադրբեջանից բռնագաղթեց Հայաստան, որտեղից էլ նրանց զգալի մասը արտերկիր մեկնեց: Ադրբեջանական ագրեսիան հայերին պատուհասեց նաև մեր բնօրրան Արցախում և բռնազավթված տասնյակ գյուղերից հազարավոր մեր հայրենակիցներ ևս ապաստանեցին մայր հայրենիքում:

Հայ փախստականների վերջին ալիքը Հայաստան եկավ Սիրիայից, որտեղ տարիներ շարունակ երկիրն արյունաքամ է լինում ահաբեկչական պատերազմից: Ստացվում է, որ փոքրիկ ու հիմնականում հայերով բնակեցված Հայաստանում փախստական հայրենակիցների երեք հոսք է ապաստանել: Սեփական տանն ու ծննդավայրում ապրող մարդուն թերևս դժվար է ամբողջությամբ գիտակցել այն դժվարություններն ու փորձությունները, որոնց միջով անցնում է փախստականը՝ կորցրած տունուտեղ, զրկված նյութական միջոցներից ու վաստակելու հնարավորությունից: Երբեմն այդ դժվարությունները դառնում են ամբողջ կյանքի ուղեկիցը, իսկ եզակիների համար՝ լինում ցավոտ խթան, նոր ու ավելի հուսալի կյանք կառուցելու համար: Ինչպես հայտնի բանաստեղծն է ասում,  նմաններին ցավն է հաճախ առաջ մղում:

  • Երրորդ տարին է Հայաստանում կբնակվիմ: Երբ Սուրիայում կռիվները թեժացան, ալ աչքներուս մեր ինչքն ու տունը չերևցան: Կողպեցանք ու հոս եկանք: Ձեռքներիս դրամը շատ արագ հատավ, իսկ աստեղ աշխատանք գտնելը տեղացիին համար անգամ դյուրին չի: Չնայած կրթություն ու արհեստ ունիմ, չեմ կարողանում մշտական գործ գտնել, դժվար է շատ, հույս ունենք մի օր ետ երթալ…»,- ասում է Հակոբը, որն իր հինգ հոգանոց ընտանիքով վարձով է ապրում:

Բաքվից հեռավոր 90-ականներին Հայաստան բռնագաղթած տիկին Վարյան այսօր էլ խոսքի մեծ մասը ռուսերենով  է կառուցում, ասում է՝ փայլուն գիտի իր արցախյան բարբառը, բայց Հայաստանի հայերենն էդպես էլ չսովորեց, ժամանակին մոտ չթողեցին իրենց, երկրում պատերազմ էր, էդպես էլ ադրբեջանահայերով մի տեսակ մեկուսացած մնացին: Բաքվի կենտրոնում են ապրել, լավ տունուտեղ ունեցել, իսկ Հայաստան գալով, հազիվ կարողացել են Արտաշատի գյուղերից մեկում մի խարխուլ տուն գտնել: Քաղաքային կյանքից հետո շատ դժվար էր, սակայն քիչ-քիչ սովորել են հող մշակել ու գլուխներն արդեն պահում են:  Թոռներն, ի տարբերություն մեծերի, շատ արագ լեզուն են սովորել, հայկական կրթություն ստացել ու երկրի լիարժեք քաղաքացի դարձել՝ թեկուզ գյուղում: Այսօր նրանք զարմանում են, թե ինչպես կարող էին իրենց  ծնողներն ու տատիկ-պապիկն ապրել օտար քաղաքում, այն էլ՝ թուրքերի մեջ:

Ինչպես հայկական առածն է ասում, վերքը տիրոջն է ցավ  տալիս. կորուստների, զրկանքների միջով անցած մարդիկ տասնամյակներ, տարիներ անց էլ չեն կարողանում մոռանալ իրենց ապրումները: Սակայն երբևէ մտածե՞լ ենք, թե մենք՝ ոչ փախստականներս, ինչով ու ինչպես կարող ենք օգտակար լինել այդ մարդկանց, մեղմել նրանց ցավը: Միշտ չէ, որ այդ օգնությունը նյութական պետք է լինի: Դա հնարավորության հարց է, սակայն շատ դառնություն տեսած մարդուն հաճախ տարրական ուշադրությունն ու հոգածությունն էլ բավարար են՝ մխիթարելու, ուժ տալու համար: Երիտասարդներն առավել կարիք ունեն լեզվական խոչընդոտներն արագ հաղթահարելու և ինտեգրվելու համար: Անուշ արևմտահայերենով նրանց խոսվածքը շոյում է մեր ականջը, իրենք էլ սիրով են ունկնդրում հայրենիքի խոսվածքը, բայց կարիք ունեն անգամ կենցաղային մակարդակով շատ նոր բառերի իմացության: Միայն շփումը կարող է արագ վերացնել լեզվական անջրպետը: Գուցե, ի դեպ, սփյուռքահայերի հետ շփումն էլ ստիպի մեզ մեր կենցաղային բառապաշարից վանել թուրքական ու ռուսական մնացորդները: Տեսեք, որ մենք էլ օգնության կարիք ունենք և դիմացինին ձեռք մեկնելով՝ նաև ինքներս մեզ կօգնենք:

2001 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելան հունիսի 20-ը հռչակել է Փախստականների միջազգային օր: Աշխարհով մեկ հարազատ վայրերից զրկված մարդիկ պատերազմի զոհեր են: Անիծյալ պատերազմի, որ իր հետ արյուն, ավեր ու տեղահանություն է բերում: Ինտելեկտի դար հռչակված մեր բարդ ժամանակաշրջանում մարդու միտքը պետք է Լույսին ու Զարգացմանը ծառայի և ոչ՝ բռնությանը: Քանի դեռ աշխարհում անտարբեր մարդիկ կլինեն, Չարն իր գործը կանի: Մեզ մնում է օգնական լինել մեր փախստական հայրենակիցներին՝ ինչքանով որ հնարավոր է ու թույլ չտալ, որ այդ կարգավիճակը խարան մնա ամբողջ կյանքի համար. Հայաստանը բոլոր հայերի տունն է:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register