ՀԱՅԿԱԿԱՆ «ԵՐԵՔՆՈՒԿԸ»  ՁԵՐ  ՊԱՅՈՒՍԱԿՈՒՄ

33

Նկարազարդ բնական կաշի, մետաղ, ապակի, կավ, փայտ. հենց այս հումքից են ստացվում հայկական «Երեքնուկ» ապրանքանիշի խիստ ինքնատիպ  պայուսակներն ու դրամապանակները, ակնոցների ու հեռախոսի պատյանները, վզնոցներն ու նկարազարդված ապակե հուշանվերները :

8 տարի առաջ միայն կանանց ու հատկապես երիտասարդների համար նախատեսված աշխատանքների կողքին տարիների ընթացքում հայտնվում են նաև «Երեքնուկի»՝ տղամարդկանց համար նախատեսված պարագաները:

Առաջին ամիսներին փնտրտուքի մեջ էինք, մտածում էինք՝ ինչ ձեռագործ աշխատանքով զբաղվենք, որ տարածված չլինի ոչ միայն Հայաստանում, այլև տարբեր երկրներում: Ի վերջո մեր ընտրությունը կանգ առավ կաշվե նկարազարդ աքսեսուարների վրա»,- ասում է Աննա Նասիբյանը, ով «Երեքնուկի» հիմնադիրներից է:

Սահմանամերձ Կողբ համայնքի գեղարվեստի դպրոցի ուսուցիչներ Աննա Նասիբյանը, Սաթենիկ Ղուլիջանյանն ու Արուսյակ Փաշիկյանը ուղիղ 8 տարի առաջ են որոշել ստեղծել ձեռքի աշխատանքների իրենց ապրանքանիշը: Հիմնադիր անդամների թվին համապատասխան՝ նորաստեղծ բրենդը կոչվում է «Երեքնուկ»:

  • Ստեղծվող արտասովոր ու չկրկնվող ձեռագործ աշխատանքների հիմքում նկարչությունն է»,- «Երեքնուկի» հաջողություններն այսպես են բացատրում հիմնադիրները:
  • Սկզբում մեր ընկերները, ծանոթներն էին գնում, հետո բազմաթիվ ցուցահանդեսների մասնակցեցինք, մարդիկ սկսեցին ճանաչել մեզ ու մեր աշխատանքները, ու պատվերներն ավելացան»,- պատմում է Աննան:

Սաթենիկը կաշվի վրա նկարազարդումներ է անում, դիզայնով զբաղվում է Աննան, դրանից հետո արդեն՝ կարող-ձևարարն  է անցնում գործի, ու ծնվում են «Երեքնուկին» բնորոշ վառ գունային երանգներով պայուսակներն ու դրամապանակները: Ինչ վերաբերում է մանրանկարչությանը, ապա այն վստահված է Արուսյակին:

Վերջին տարիներին «Երեքնուկի» կազմը համալրվել է. Արա Ղուլիջանյանը սկսել է զբաղվել մետաղյա զարդերի պատրաստմամբ: Բարձրագույն կրթությունն ավարտելուց հետո նա վերադարձել է ծննդավայր Կողբ՝ համայնքի զարգացման գործում իր մասնակցությունն ունենալու համար:  Լատուն, պղինձ, արծաթ՝ «Երեքնուկի» օրիգինալ զարդերը պատրաստվում են հենց այս մետաղներից:

Մենք փորձում ենք մեր գործով օրինակ դառնալ մեր գեղարվեստի դպրոցի ուսանողների համար, որպեսզի Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններն ավարտելուց հետո նրանք նույնպես վերադառնան իրենց ծննդավայր, սկսեն իրենց սեփական գործը, աշխատեն և ստեղծեն աշխատատեղեր»,- ասում է Աննան:

Ձեռագործ աշխատանքների վաճառքից ստացված գումարի մի մասն օգտագործվում է Կողբի գեղարվեստի դպրոցի խնդիրները հոգալու նպատակով: Դրանց պատրաստման գործում ներգրավված են ինչպես գեղարվեստի դպրոցն ավարտած սաները, այնպես էլ ուսուցիչների մի մասը՝ ինչպես Կողբից, այնպես էլ հարակից շրջաններից: Հիմնադիրների ցանկությունը մեկն է՝ ընդլայնել գործունեության շառավիղն այնքան, որ ապահով ապագայի տեսլականը տարածաշրջանի բնակիչներին ոչ թե հեռացնի իրենց համայնքներից, այլ բերի, համախմբի «Երեքնուկի» շուրջ:

 

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register