«ՀԱՅԵՑԻ» ՀԵՌԱԽՈՍԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

1

«Technology and Science Dynamics» (TSD) ընկերությունը հունիսին ներկայացրեց «ArmPhone» հեռախոսի առաջին հինգ մոդելները՝ «ArmPhone 0502», «ArmPhone 0505»,« ArmPhone 0508», «ArmPhone 0509» և «ArmPhone 0520»:  Վերջիններս ունեն հայկական ռինգթոններ, 32 գիգաբայթ հիշողություն,  մատնահետքի ճանաչման հաղորդիչներ և  աշխատում են Android օպերացիոն համակարգով: Բջջային սարքերի ծրագրային ապահովումը և դիզայնը ստեղծվել են Հայաստանում, հավաքումն արվել է ԱՄՆ-ում և Հոնկոնգում:

Ամիսներ առաջ, երբ «Ճամփորդի» լրագրողները հյուրընկալվել էին TSD ընկերությանն ու հարցազրույց վարել, մեզ վստահեցրել էին, որ որոշ սմարթֆոններից ավելի էժան այս սարքերը ոչնչով չեն զիջելու դաշտում եղածներին: Արդեն  երկար ժամանակ է անցել, և մենք փորձել ենք պարզել՝ իրեն արդարացրե՞ց արդյոք  «Արմֆոնը»:

Սմարթֆոնն  օգտագործելուց հետո երեք ամիս անց Արման Հայրապետյանը  մանրամասն ներկայացնում է  իր կարծիքը. «Արմֆոն TSD Quadra A0509P» մոդելի օգտագործման եռամսյա ընթացքը նկարագրելիս կփորձեմ լինել հնարավորինս օբյեկտիվ՝ հաշվի առնելով սմարթֆոնի գնային տիրույթը: Ամենամեծ առավելությունն իհարկե այն է, որ արտադրվում, ավելի ճիշտ՝ հավաքվում է Հայաստանում, ինչը նշանակում է, որ աշխատատեղեր է ապահովում: Արտադրված լինելով Հայաստանում, որևէ մասի կոտրվելու, փչանալու դեպքում, ավելի հեշտ կլինի դրա փոխարինումը: Երկու քարտանի է, երկու բնիկներն էլ անխափան աշխատում են: Ունի չորս միջուկային պրոցեսոր և երկու գիգաբայթ օպերատիվ հիշողություն, ինչն ապահովում է բավականին արագ ու նաև անխափան աշխատանք: Օգտագործման երեք ամիսների ընթացքում գեթ մեկ անգամ չի կախվել, եթե չհաշվենք ֆեյսբուքը, որն,ըստ իս, ուղղակի «էփլիքեյշնի» խնդիր էր: Ներքին հիշողության ծավալն այնքան մեծ է, որ կարիք չկա անհանգստանալու հիշողության քարտ ավելացնելու կամ սմարթֆոնում եղած տեսանյութերը և լուսանկարները ջնջելու՝ նորերն անելու համար: Ունի գեղեցիկ և հաճելի դիզայն, որի վրա հաճելիորեն պատկերված է «Ա» տառը: Մատնահետքի սենսորի տեղը շատ հարմար է:

Սարքը զերծ չէ նաև թերություններից: Մարտկոցը շատ շուտ է նստում, շատ: Ամբողջովին լիցքավորված մարտկոցը հեռախոսի ինտենսիվ օգտագործման դեպքում պահում է 4-5 ժամ: Մարտկոցն էլ «կորպուսից» հանել չի լինում: Երեք ամիս օգտագործելուց հետո մարտկոցը սկսել է նստել ավելի արագ և 15 տոկոսի հասնելու դեպքում, չես հասկանում՝ երբ քանի տոկոս դարձավ ու ինչպես անջատվեց: Ֆոտոխցիկը չնայած 13 մեգապիքսել է, բայց զիջում է այլ 13 մեգապիքսելանոց ֆոտոխցիկներին: «Կորպուսը» շատ նուրբ է, անգամ կես մետր բարձրությունից հողածածկ գետնին ընկնելու դեպքում ճաքն ապահոված է (սա վերաբերվում է միայն իմ մոդելին, մյուս մոդելներն այլ կորպուս ունեն):

Սմարթֆոնն ունի հայերեն ստեղնաշար, բայց այդ ստեղնաշարը շատ անհարմար է և, օրինակ, ստորակետի համար պետք է հայերենից անցնել անգլերենի, իսկ հայկական հարցական նշանն ու այլ սիմվոլները ընդհանրապես բացակայում են:

Մոդելների անվանումները չհիշվող են, երբ ամեն մոդել կարող էր իր հայկական անվանումն ունենալ, ինչն ավելի կշեշտեր իր հայկական լինելը: Ապառիկով գնելու դեպքում գինն անհասկանալի պատճառով թանկանում է: Չինական համարժեք պարամետրեր ունեցող սմարթֆոնների հետ գնով մրցունակ չի»:

Ցավոք, հայկական սմարթֆոնային հեքիաթը լավ ավարտ չունեցավ. մոտ մեկ ամիս առաջ Արմանը հայտարարեց, որ հեռախոսն էլ պիտանի չէ օգտագործման համար: Սկզբում հեռախոսի ձայնը շատ վատ էր լսում, հետո առհասարակ դադարեց լսել, հիմա այլևս չի կարողանում այն օգտագործել: Ստացվում է՝ տվյալ մոդելի «Արմֆոնը» երկար չծառայեց տիրոջը:

Նշված սմարթֆոնները խիստ սահմանափակ քանակով և դեռևս փորձնական են արտադրվել: Զրուցեցինք «Արմֆոնի» մեկ այլ օգտագործողի հետ ևս:  Լևոն Խաչատրյանը հայկական սմարթֆոնը գնել է առաջին իսկ օրերին: Դեկտեմբերին ահա այսպիսի կարծիք ունի. «Մոդելը՝ «ArmPhone 0520 TSD Octa A0520P»: Անկեղծ ասած, որ որակի հետ կապված շատ մեծ հույսեր նախքան առնելն էլ չեմ ունեցել.  պարզ էր, որ այս չափի էկրանի համար 2300-անոց մարտկոցը շատ թույլ է: Գնել եմ ուղղակի որպես հայրենասիրական ակցիա: Բայց որոշ հատկանիշներից հաճելիորեն զարմացած եմ, մասնավորապես՝ հեռախոսը երբեք չի «կախում», աշխատում է արագ, մենյուն՝ պարզ է, մեղեդիները՝ յուրահատուկ և ազգային։ Դիզայնի մասին չեմ խոսում . ճաշակի հարց է:

Կոնկրետ իմ հեռախոսն ունի 2 լուրջ թերություն՝ լիցքավորման ու բարձրախոսի: Իմ  խոսքը զրուցակիցս լավ չի լսում՝  թե՛ բարձրախոսով, թե՛ սովորական ռեժիմում։ Իհարկե լավ կլինի, որ լավորակ լինի, թերություններ չունենա, ավելի սրտանց կգնենք։ Բայց մեկ է՝ հաջորդ հեռախոսն էլ եմ հայկականից առնելու։ Որ մեր արտադրողին օգնենք, որակը կլավացնեն, ես հավատում եմ»:

Ստացվում է, որ երկու հեռախոսների մոտ հիմնականում նույն խնդիրներ են եղել: Սրանք փոքր դիտարկումներ են, որոնք գուցե իսկապես օգնեն «Արմֆոնին» ավելի լավը դառնալ: «Ճամփորդի» թիմով նույնպես հավատում ենք հայկական սմարթֆոնների ապագային ու հուսով ենք, որ մոտ ապագայում ամբողջ Հայաստանն իրար հայերեն ռինգթոններով կզանգի:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register