ՀՀ-ՈՒՄ ԴԻՏՎՈՒՄ Է ԷՆՏԵՐՈՎԻՐՈՒՍՆԵՐԻ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ՆՎԱԶԵՑՆԵԼ ՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՌԻՍԿԵՐԸ

cover

Առողջապահության նախարարության դիտարկումները շարունակվում են՝ հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների տարածվածությունը:  Ըստ այդմ` ներկայումս հանրապետությունում դիտվում է էնտերովիրուսների աշխուժացում: Իրականացված լաբորատոր հետազոտությունների 16,3%-ը կազմում են էնտերովիրուսները։ Նման աշխուժացում է նկատվում նաև Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ տարածում են գտել էնտերովիրուսի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են` ECHO 6, Կոկսակի A6 և այլն:
Ամռան ամիսներին մեծանում է էնտերովիրուսային վարակիչ հիվանդությունների տարածումը (enterovirus infection)։ Դրանք տարածված են տարբեր երկրներում և վտանգավոր են հատկապես երեխաների համար:

Էնտերովիրուսային վարակները փոխանցվում են կղանքաբերանային մեխանիզմներով (ջրային, սննդային, կենցաղ-կոնտակտային) և աէրոզոլային (օդակաթիլային և փոշու միջոցով): Ամեն ոք կարող է վարակվել հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման հետեւանքով:
Էնտերովիրուսային վարակներին բնորոշ ախտանշաններն են թուլությունը, ուժեղ գլխացավը, լորձաթաղանթների բորբոքումը, ջերմության ալիքաձև բարձրացումը, որովայնի ցավերը, սրտխառնոցը, փսխումը: Կարող են դիտվել նաև մրսածության ախտանշաններ:

Վիրուսները, մասնավորապես, Կոկսակի Բ ենթատիպը, կարող են ախտահարել սիրտը, թոքամիզը, լյարդը և ենթաստամոքսային գեղձը՝ առաջացնելով միոկարդիտ, պերիկարդիտ, պլևրիտ, հեպատիտ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ ծանր դեպքերում հանգեցնելով անգամ մահվան:

Հիվանդանում են հիմնականում մինչև 10 տարեկան երեխաները, հիվանդությունն ընթանում է կլինիկորեն ծանր և միջին ծանրության ընթացքով, առավել ծանր՝ մինչև 1 տարեկանների մոտ: Ցավոք, առողջական քրոնիկ խնդիրներ ունեցողների մոտ որոշ դեպքերում գրանցվում է անբարեհաջող ելք: Ուստի առողջապահության նախարարությունը հորդորում է տենդի, հազի, որովայնի շրջանի, կոկորդի ցավի, մաշկի ցանավորման, գլխացավի, ջրիկ կղանքի առկայության դեպքում ՉԶԲԱՂՎԵ՛Լ ինքնաբուժմամբ և անմիջապես դիմել բժշկական օգնության:

ԻՆՉՊԵՍ ՆՎԱԶԵՑՆԵԼ ԷՆՏԵՐՈՎՐՈՒՍՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՌԻՍԿԵՐԸ

Ներքոհիշյալ կանոնների պահպանումը կօգնի նվազեցնել էնտերովիրուսներով հիվանդանալու ռիսկերը`
• օճառով լվանալ ձեռքերն ուտելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո,
• մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով,
• խմելու համար հնարավորինս օգտագործել շշալցված ջուր կամ ջուրը եռացնել օգտագործելուց առաջ,
• խուսափել վարակիչ, մասնավորապես, աղիքային հիվանդությունների կլինիկական նշաններ ունեցող մարդկանց հետ շփումից,
• լողալ միայն թույլատրված լողավազաններում, որտեղ իրականացվում են ախտահանման և ջրի որակի հսկողության աշխատանքներ,
• լողալիս հնարավորության սահմաններում բացառել ջրի կուլ տալը, հատկապես՝ երեխաների դեպքում,
• պաշտպանել սնունդը ճանճերից և այլ միջատներից:

Վարակման ռիսկը մեծանում է`

• կեղտոտ ձեռքերով սննդից օգտվելիս, աչքերին, քթին կամ դեմքին ձեռք տալիս,
• հում, չստուգված ջուր խմելու դեպքում կամ այդ ջրից պատրաստված սառույցն օգտագործելիս,
• փողոցային առևտրի կետերից գնված սննդամթերք և խմիչք օգտագործելիս,
• սննդամթերքի պահպանման սանիտարահիգիենիկ կանոնները չպահպանելու դեպքում,
• ջերմամշակման չենթարկված սնունդ օգտագործելիս,
• մրգերը, բանջարեղենը և կանաչին հում ջրով լվանալիս,
• երեխաների հետ բազմամարդ վայրեր այցելելիս,
• լողավազաններում լողանալու դեպքում, որտեղ ջուրը չի ենթարկվում պարբերական ախտահանման և որակի հսկողության, լողափի չմշակված հատվածներում լողանալիս: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register