ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՓՈՒՉԻԿԸ

ariii

Հայաստանի առնական լեռներն ու խորախորհուրդ  ձորերը բարեհաճ են  գտնվել Հայաստանի ամենամեծ փուչիկի՝ «Skyball» օդապարիկի հանդեպ: Նրա հանդեպ սիրալիր են տրամադրված նաև օդային վերին շերտերը: Եռագույն ներկված օդապարիկն առաջին անգամ օդ է բարձրացել երկու տարի առաջ, Հայաստանի անկախության 23-ամյակի օրը՝ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում։ Հայաստանի միակ օդապարիկի միջոցով  հարյուրավոր մարդիկ մոտիկից  են տեսել «փափլիկ» ամպերը, հազարավոր մետր բարձրությունից հիացել մեր անհարթ ու ծալքերով  հարուստ բնապատկերներով, ջրերով և հեռվից երևացող «փոքրիկ» տներով։ Զբոսաշրջիկներին օդապարիկը հնարավորություն է տվել Հայաստանը բացահայտել միանգամայն նոր դիտանկյունից։ Այս ամենից  զատ, «Skyball» օդապարիկն է ներկայացնում  Հայաստանի օդագնացների սպորտի ֆեդերացիան, հայոց եռագույնով թռիչքներ իրականացնում օտար երկինքներում՝ միջազգային մրցումներում և փառատոներում։ «Ճամփորդը» զրուցել է «Skyball»-ի օդաչու, Հայաստանի օդագնացության սպորտի ֆեդերացիայի նախագահ Նաիրի Բարսեղյանի հետ։

– Որքան ժամանակ է Հայաստանում գործում «Skyball» օդապարիկը:

– Ավելի քան 10 տարի՝ Հայաստանում օդապարիկ ունենալու  և այստեղ թռիչքներ իրականացնելու փորձեր ենք արել: Մշտապես ինչ-որ խոչընդոտներ էին առաջանում: Օրենքները կամ թերի էին կամ ընդհանրապես բացակայում էին, քանի որ նոր ոլորտ էր: Վերջապես 2014 թվականին հաջողվեց հաղթահարել բոլոր դժվարություններն  ու ունենալ առաջին հայկական օդապարիկը՝ մեր ազգային դրոշի գույներով:

 – Օդապարիկի  գրանցումն ինչպե՞ս է իրականացվում :

– Օդապարիկը համարվում է օդանավ: Ունի օդանավին հատուկ համարանիշ, ազգային գրանցում և այլն: Այսինքն՝ գրանցման գործընթացը նույնն է, ինչ սովորական ինքնաթիռի դեպքում է: Օդաչուն պետք է ունենա համապատասխան որակավորում: Ինքս սովորել եմ Ռուսաստանի Դաշնությունում, ստացել եմ միջազգային օդաչուի վկայական, որը նաև գործում է ՀՀ տարածքում:

– Լեռնային Հայաստանը որքանո՞վ է հարմար  օդագնացության համար:

– Քիչ առաջ նշեցի մեզ հանդիպած խոչընդոտների մասին: Երբ դիմում էի մարդկանց, ասում էին՝ Հայաստանը լեռնային երկիր է, այստեղ անհնար է թռիչքներ իրականացնել, ռելեֆային պայմանները չեն համապատասխանում դրան: Երկու տարվա ընթացքում ապացուցեցինք, որ Հայաստանը իդեալական տարածք ունի օդագնացության համար՝ նաև եղանակային պայմանների առումով: Հայաստանը նաև աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ հնարավոր է օդապարիկով պտտվել և վերադառնալ ելակետ. չէ՞ որ օդապարիկը կառավարվում է քամու ուղղությամբ, իսկ օդաչուն կարող է որոշել միայն բարձրության չափը:

 – Հայաստանի ո՞ր վայրերն են լավագույնս համապատասխանում օդանավով թռիչքի համար:

 – Տեսարանների գեղեցկության առումով իմ կարծիքով լավագույնը Գորիս քաղաքն է: Գառնու շրջանի, Ապարանի ջրամբարի տարածքները ևս շատ հարմար են օդանավով թռիչքի համար:

– Մինչ այժմ առավելագույն ի՞նչ բարձրության եք հասել օդապարիկով:

– Հայաստանում 3800 մետր ենք բարձրացել: Իսկ առհասարակ, սովորական թռիչքների ժամանակ չենք գերազանցում 1500 մետրը:

– Տարվա ո՞ր եղանականերին և օրվա ո՞ր ժամերին է հնարավոր օդապարիկով թռիչք իրականացնել:

– Օդապարիկով հնարավոր է թռչել տարվա բոլոր եղանակներին: Սակայն ամռանը հնարավոր միայն վաղ առավոտյան, արևածագից 1-2 ժամ հետո: Ձմռանը հնարավոր է թռիչք իրականացնել ողջ օրվա ընթացքում:  Թռիչքին կարող է խոչընդոտել քամու բարձր արագությունը: Սպորտային թռիչքների ժամանակ մինչև 7 մետր/վայրկյան քամու արագության դեպքում է հնարավոր թռիչք իրականացնել, իսկ ժամանցի, զբոսանքի դեպքում՝ մինչև 4-5 մ/վ:

 – Օդապարիկով թռիչքն անվտա՞նգ է:

  – Վիճակագրության համաձայն օդապարիկը համարվում է փոքր ավիացիայի ամենաանվտանգ օդանավը: Մարդիկ արդեն երեք դար իրականացնում են թռիչքներ: Վերջերս հետաքրքիր վիճակագրության հանդիպեցի: Ըստ հետազոտության՝ այն մեկ ժամը, երբ գտնվում ես ավտոմեքենայի մեջ, մինչ թռիչքի վայր հասնելը, մոտ 120 անգամ ավելի վտանգավոր է, քան օդանավով 1 ժամ սավառնելը: Օդանավի կառուցվածքն էլ շատ պարզ է, փչանալու բան էլ չկա:

 – Արդեն 2 տարի Հայաստանում գործում է օդագնացների սպորտի ֆեդերացիան: Այս ընթացքում միջազգայն մրցումների կամ փառատոների մասնակցե՞լ եք:

– Անցած տարի Ռուսաստանում՝ Վելիկիե Լուկի քաղաքում մասնակցել ենք օդագնացների 20-րդ միջազգային փառատոնին: Այս տարի մեկնելու ենք Ռոստով, որտեղ օգոստոսի 23-29-ը տեղի է ունենալու փառատոն: Ճիշտ է՝ սպորտային մասով մեր փորձը բավական քիչ է, դեռ Հայաստանում զարգացած չէ, բայց ինքներս փորձում ենք ամեն ինչ անել, որ նաև սպորտը զարգանա Հայաստանում:

 – Հնարավո՞ր է, որ մի օր էլ  հենց Հայաստանում միջազգային մրցում կամ փառատոն կազմակերպվի:

  – Ֆեդերացիայի բացման օրից աշխատում ենք այդ ուղղությամբ: Պարզապես նման փառատոն կազմակերպելը բավական մեծ ֆինանսավորման հետ է կապված, քանի որ օդապարիկների տեղափոխումն արդեն իսկ մեծ ծախս է: Հուսով եմ, որ առաջիկա 1-2 տարում Հայաստանում հնարավոր կլինի անցկացնել միջազգային մրցումներ: Հայաստանը, որպես նոր փորձություն՝ արտերկրացի օդաչուներից շատերին է հետաքրքում:

– Քանի՞ հոգի կարող է միաժամանակ թռչել «Skyball»-ի օդապարիկով:

– Կախված է մարդկանց ընդհանուր քաշից, օրվա ջերմաստիճանից, տարվա եղանակից, ելակետի բարձրությունից, ինչպես նաև մեր ծրագրից, թե ինչ բարձրության ենք ուզում

հասնել: Հիմնականում մեր օդապարիկը նախատեսված է օդաչուի և 4 ուղևորի համար, բայց օրինակ ամռանը օդաչուի հետ կարող են թռչել 2 կամ առավելագույնը՝ 3 ուղևոր: Դա կախված է  մարդկանց ընդհանուր քաշից, որը ամռանը չպետք է գերազանցի 230 կիլոգրամը: Աշխարհում կան հսկա օդապարիկներ, որոնք տեղավորում են մինչ 32 մարդու:

– Հայաստանում օդապարիկով թռիչքներին հիմնականում տեղացինե՞րն են մասնակցում, թե՞ զբոսաշրջիկները:

– Երևի թե հավասար: Հիմնականում զույգեր են մասնակցում, տղան առաջարկություն է անում երկնքում: Կամ ինչ-որ առիթ են նշում: Զբոսաշրջիկները հիմնականում ընտանիքներով են մասնակցում:

 – Ուշագրավ ի՞նչ դեպքեր կհիշեք օդային ճանապարհորդություններից:

– Օդագնացությունը հետաքրքիր է նրանով, որ երբեք կրկնվող թռիչք չենք ունենում: Նույն տեղից կարող ես հարյուրավոր թռիչքներ իրականացնել և ոչ մի դեպքում նույն տեղում վայրէջք չկատարես: Հետագծերն էլ միշտ տարբեր են: Ցանկացած թռիչք յուրահատուկ է: Ինչպես նշեցի՝ բավական շատ ամուսնական առաջարկություններ են արվում երկնքում: Առավել հետաքրքիր է, երբ օրինակ աղջիկը բացարձակ տեղյակ չէ, մասնակցում է թռիչքին և ասենք՝ 1000 մետր բարձրության ժամանակ երիտասարդը առաջարկություն է անում: Նման դեպքում մենք ասում ենք, որ երաշխավորում ենք դրական պատասխանը, քանի որ փախչելու տեղ չկա (ծիծաղում է, – խմբ.):

Զրույցը՝ Գարեգին Ալեքսանյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register