ՀԱՅ ԹԻԹԵՌՆԻԿԸ «VOGUE»-ՈւՄ

titernik

10 տարի առաջ մասնագիտությամբ դիզայներ Էմմա Գրիգորյանը ձեռքն է վերցնում լուսանկարչական ապարատը, մի քանի լուսանկար անում,որոնք էլ դառնում են նրա համար ճակատագրական: Նա սիրահարվում  է լուսանկարչի մասնագիտությանը: Սիրելի զբաղմունքը ժամանակի ընթացքում խորանում ու վերածվում է նոր մասնագիտացման: Ինքնակրթությունը Էմմայի առաջ դեպի ֆոտոլրագրություն տանող  նոր ճանապարհ է բացում: Հիմա արդեն նրա լուսանկարները հրապարակվում են այնպիսի հեղինակավոր կայքերում, ինչպիսիք են  «Theguardian»-ը, «Photovogue»,-ն «Fstoppers»-ը: 20-ից ավելի մրցանակային տեղ՝ միջազգային մրցույթներում: Եվ սա միայն սկիզբն է:

«Ֆոտոն իմ փրկությունը դարձավ»

 – Սկզբում լուսանկարչությունն ինձ համար ընդամենը հոբբի էր, կորչում էի ֆորումներում ու ինտերնետում, անընդհատ նոր բան էի սովորում, բայց այն ժամանակ լուսանկարիչ դառնալու ցանկություն չկար: Հետո սկսեցի պատվերներ ստանալ, ազատ օրերիս լուսանկարչությամբ զբաղվել… Այնպես ստացվեց, որ ամուսնուս հետ տեղափոխվեցինք երկրից՝ Մավրիկիա, ամեն ինչ նոր էր, էթնիկ առումով բազմազանությունն էր մեծ՝, տարվա մեծ մասն ամառ էր, կարելի էր միշտ լուսանկարել՝ առանց ցրտից վախենալու… Հենց այդ ժամանակ էլ ֆոտոն դարձավ իմ փրկությունը, լուսանկարչությունը մղվեց առաջին պլան:

titernik3

«Ուզում եմ կնոջ ուժեղ, ինքնավստահ կերպարն առաջ գա»

Լուսանկարչությունից ես առավելագույն  բավարարվածություն եմ ստանում: Լուսանկարի միջոցով ես ցույց եմ տալիս այն, ինչը մարդիկ մինչ այդ չեն տեսել: Դա շատ հետաքրքիր զգացողություն է: Սիրում եմ մարդկանց նկարել՝ աղջիկներ, երեխաներ, հասարակ մարդիկ: Նրանց լուսանկարում եմ այն վիճակներում, որ իրենք էլ իրենց չեն տեսել: Իմ նկարներում աղջիկներին ներկայացնում եմ վստահ և ուժեղ… Ուզում եմ կնոջ ուժեղ, ինքնավստահ կերպարն առաջ գա: Եղել են դեպքեր, երբ ինչ-որ մեկի մայրը զանգել ու ասել է, որ նկարվելուց հետո իր աղջկա ինքնագնահատականը շատ փոխվել է: Ինձ լավ եմ զգում, երբ մտածում եմ, որ այդ գործում  ես էլ որոշակի ներդրում ունեմ …

Միջազգային ընկերություններ

– Պատվերներ շատ են լինում, բայց բոլոր պատվերները չէ, որ նկարում եմ. չեմ սիրում ժամանակ ծախսել այն գործերի վրա, երբ էական չէ՝ ես կնկարեմ, թե ուրիշը: Մեր օրերում ինտերնետի միջոցով հնարավոր է ամեն ինչ անել, այդպես կապ հաստատեցի միջազգային առաջատար ընկերություննների՝ «Theguardian»-ի, «Photovogue»-ի, «Fstoppers»-ի հետ: Պետք է ուղղակի շատ աշխատես ինքդ քեզ վրա և քեզ երբեք չկորցնես, ստեղծես սեփական ոճ և չշեղվես դրանից:

titernik1

Լուսանկարներ, որ փոխեցին ամեն ինչ

– Երբ բալիկ ունեցա, միառժամանակ չէի նկարում: Ինչ-որ ժամանակ չաշխատել-չնկարելը ծանր էր ինձ համար. ես չէի ուզում վերադառնալ այնպիսի նախագծով,որն ինձ հեշտ կտրվեր: Մոտ 3-4 ամիս նախապատրաստվելուց հետո լուսանկարների շարք արեցի, որը շատ բան փոխեց իմ կյանքում, տվեց հետ վերադառնալու վստահություն: Այդ լուսանկարները հետագայում ցուցադրվեցին Լուվրում ու տպագրվեցին գրքում:  Լավ լուսանկարիչ լինելու համար նախ պետք է բնատուր ձիրք և վիզուալ ընկալումներ ունենալ: Բնատուրի հետ մեկտեղ անընդհատ ինքնակրթություն ու ռիսկ է պահանջվում՝ անել այն, ինչ իրոք դու ես ուզում: Պետք է միշտ նշաձողեր դնել և անցնել դրանց վրայով, միայն այդպես կարող ես ինքնակատարելագործվել և չձուլվել մյուսներին:

 

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register