ՀԱՅ ԿԱՐԴԻՆԱԼԸ, ՈՎ ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ՀՌՈՄԻ ՊԱՊ ԴԱՌՆԱՐ

pap

1958 և 1963 թվականներին շատ քիչ էր մնացել, որ Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ դառնար հայազգի կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը:  Արդեն այն ժամանակ Սուրբ Պետրոսի գահին կարող էր նստել մարդ, ով ուներ արևելաեվրոպական ծագում և  բարեկամանական կապեր սոցճամբարի երկրների հետ: Եվ դա լինելու էր արևելաեվրոպական ծագում ունեցող լեհ Կարոլ Յուզեֆ Վոյտիլայից շատ ավելի առաջ, որը Հռոմի պապ դարձավ 1978 թվականին,  Հովհաննես Պողոս 2-րդ անվամբ: Այն, որ 1963 թվականին Հովհաննես 23-րդ պապի մահից հետո Աղաջանյանը չդարձավ Հռոմի Պապ,  բացատրվում է Վատիկանի պահպանողականների և իտալական հատուկ ծառայությունների դավադրությամբ,  ովքեր այդ նպատակին հասնելու համար որպես գործիք օգտագործեցին անձնական վարկաբեկումը: Աղաջանյանը հայազգի  կաթոլիկ էր, այսինքն  պատկանում էր Հայկական Եկեղեցու այն ճյուղին, որը ենթարկվում էր Վատիկանին և ուներ հոգևոր կենտրոն Սուրբ Ղազար կղզում: Այդ կղզում էր 1717 թվականին հաստատվել հոգևորական  Մխիթար Սեբաստացին, ով մի շարք հետևորդների հետ փախել էր Օսմանյան կայսրությունից և հանձնվել Հռոմի պապի ողորմածությանը: Նրա հիմնած միաբանությունը կոչվում էր «Մխիթարյան»: Սուրբ Ղազար կղզու վանքում կա գրադարան, որտեղ պահվում են արժեքավոր գրքեր, աշխատում է հայկական հրատարակչություն և տպարան: Հենց այս հոգևոր կենտրոնից էր Պետրոս Աղաջանյանը:

Նա ծնվել է 1895 թվականին, Վրաստանի Ախալցխա քաղաքում, հոգևորական է ձեռնադրվել 1917 թվականին, հետագայում հալածվելով բոլշևիկների կողմից`փախել է և ապաստան գտել Սուրբ Ղազար կղզում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Հռոմ, որտեղ սկսել է լուրջ կարիերային աճ գրանցել:  1937 թվականին ընտրվել է  Հայ Կաթողիկե Եկեղեցու կաթողիկոս-պատրիարք:  Ընդունել է Գրիգոր-Պետրոս 15-րդ անունը, իսկ 1946 թվականի փետրվարի 18-ին Հռոմի պապ Պիոս 12-րդը նրան շնորհել է կարդինալի աստիճան:  Վատիկանում Աղաջանյանը, ով հայտնի էր որպես մի քանի լեզուների և ոչ քրիստոնեական կրոնների գիտակ, նույն Պիոս 12-րդ պապի կողմից նշանակվեց միսիոներական« de Propaganda Fide» («Հավատքի տարածում») Ժողովի պրեֆեկտ: 1958 թվականի հոկտեմբերին, Պիոս 12-րդի մահից հետո, Վատիկանի  Կոնկլավում կարդինալ Աղաջանյանը պապի ամենահավանական թեկնածուներից մեկն էր:

Դա հաստատել էր ինքը` Հովհաննես 23-րդը, ով այդ ժամանակ ընտրվել էր Հռոմի պապ, նշելով, որ Աղաջանյանը գրեթե հավաքել էր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների քանակը: Դա բուռն արձագանքի արժանացավ արևմտյան լրատվամիջոցներում, քանի որ Սառը պատերազմի տարիներին անթույլատրելի էր, որպեսզի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ դառնա ԽՍՀՄ-ում ծնված անձը:Հովհաննես 23-րդի մահից հետո, 1963 թվականին, Աղաջանյանի անունը կրկին սկսեց շրջանառվել որպես Հռոմի պապի ամենահավանական թեկնածու: Իտալիայի քաղաքական շրջանակները սկսեցին լրջորեն վախենալ Աղաջանյանի `Հռոմի պապ ընտրվելու դեպքում Վատիկանի վրա  ունենալիք ԽՍՀՄ լուրջ ազդեցության հնարավորությունից: Այս իրադարձությունը բեկանելու համար գործի անցան իտալական հատուկ ծառայությունները, որոնք այն ժամանակ կոչվում էին «ՍԻՖԱՐ»: Վատիկանի տարբեր  ուժերի աջակցությամբ «ՍԻՖԱՐ»-ը մշակեց և իրականացրեց «Կոնկլավ» օպերացիան, որի նպատակը 70-ամյա կարդինալ Աղաջանյանի`  Հռոմի պապ ընտրվելը  խափանելն էր: Գործի դրվեց  «անձնական կոմպրոմատի» մեխանիզմը, որի էությունն այն էր, որ կարդինալ Աղաջանյանը իր քրոջ` 71-ամյա Ելիզավետի միջոցով, որը բնակվում էր Երևանում և ժամանակ առ ժամանակ այցելում էր եղբորը, կապի մեջ է ԽՍՀՄ-ի հատուկ ծառայությունների հետ,այլ կերպ ասած, գաղտնի աշխատում  է  ԽՍՀՄ-ի համար: Դժվար է ասել, թե այս թեմայով «ՍԻՖԱՐ-ի պատրաստած զեկուցագրերը որքանով ազդեցին 1963 թվականին Հռոմի պապի ընտրության արդյունքների և դրանում կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանի անհաջողության վրա, սակայն այն, որ դրանք չէին կարող  ինչ-որ չափով չվնասել նրա հեղինակությանը, կասկածից վեր է: Դրանք հերթական անգամ ապացուցեցին, որ Սառը պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ում բարեկամներ ունենալը կարող էր բացասական ազդեցություն ունենալ Արևմուտքում  ցանկացած գործչի կարիերայի վրա: Աղաջանյանը մահացավ  1971 թվականի մայիսի 16-ին, Հռոմում:

Սարգիս Սուքիասյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register