ՀԱՅ ԱՌԱՋԱԴԵՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈւԹՅՈւՆ ՀԿ. ԳՐԻԳՈՐ ԵՐԻՑՅԱՆ

1

Ներկայացնում ենք քաղաքագետ, Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ գործադիր տնօրեն Գրիգոր Երիցյանի հարցազրույցը:

– Հայաստանը վերածնվել է, նոր շունչ է ստացել և քայլեր է անում դեպի ազատություն, անկախություն և ժողովրդավարություն: Բայց մինչ այս ամենը նվաճելը պետք էր լուրջ և բավականին դժվար ճանապարհ անցնել, ինչը արեց մեր քաղաքացիական հասարակությունը և կարևոր էր հատկապես երիտասարդության դերը: Ըստ Ձեզ, ե՞րբ և ինչպե՞ս սկսեց ձևավորվել քաղաքացիական հասարակություն, իրավագիտակից երիտասարդություն, ովքեր եղան այս հաղթանակի գրավականը:

– Քաղաքացիական հասարակության ձևավորումը Հայաստանում ունի զարգացման բավականին երկար պատմություն, բայց ժամանակակակից քաղաքացիական հասարակությունը սկսեց վերելք ապրել Հայաստանի 3-րդ հարապետությունում՝ Խորհրդային Միության փլուզումից հետո։ Մինչև այդ սկսված ղարաբաղյան շարժումը, 88-ի երկրաշարժը, բնապահպանական շարժումները և այնուհետև պատերազմը և Սփյուռքի ակտիվացումը անկախ Հայաստանում կարևոր դեր ունեցան քաղաքացիական հասարակության ձևավորման ու զարգացման մեջ։ Քաղաքացիական հասարակության կայացումը Հայաստանում անցել է տրանսֆորմացիաների, մարտահրավերների, նվաճումների և ձախողումների երկար ճանապարհ, որն ուղեկցվել է Հայաստանի անկախացմամբ, օրենսդրական բարեփոխումներով, ինտերնետի տարածմամբ, միջազգային դոնոր կազմակերպությունների ներդրումներով, մտածելակերպի և իշխանությունների փոփոխություններով։ Այսօր արդեն քաղաքացիական հասարակությունը ուժեղ և կարևոր գործոն է Հայաստանի ներքաղաքական կյանքում և իր կարևոր դերն է խաղում Հայաստանի ժողովրդավարացման, մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ կարևոր ոլորտներում՝ ազդելով երկրում որոշումներից կայացման վրա։

Քաղաքացիական հասարակության շարժիչ ուժը Հայաստանում եղել և մնում են երիտասարդները և ազատ և գիտակից քաղաքացիներ ձևավորելուն միտված երիտասարդական պետական քաղաքանության և ադեկվատ քաղաքացիական կրթության բացակայության պայմաններում, բազմաթիվ երիտասարդներ իրենց իրավագիտակցությունը ձևավորել են հենց քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված կրթական ծրագրերի, կամավորության, սեմինարների, թրեյնինգների, շահերի պաշտպանության արշավների, պրակտիկաների և այլ ծրագրերի միջոցով։ Այս առումով պետք է նշել, որ երիտասարդները մի կողմից քաղաքացիական հասարակության շարժիչ ուժն են, մյուս կողմից քաղաքացիական հասարակությունը երիտասարդների՝ որպես ակտիվ ու պատասխանատու քաղաքացիներ ձևավորման հիմնական հարթակն է։

Թավշյա հեղափոխության օրերին հստակ էր, որ չնայած շարժումը հետապնդում է քաղաքական նպատակներ, այդ շարժման հիմքում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և հատկապես երիտասարդները, ովքեր դադարեցին հանդուրժել տիրող մթնոլորտը և հանձ առան կառուցելու սեփական ապագան իրենց իսկ պատկերացումներով։ Այս առումով շատ ողջունելի է, որ թավշյա հեղափոխության հաղթողները՝ երիտասարդները, այսօր արդեն նոր կառավարության շարքերում են և իրենց սկզբունքներով ու որոշումներով կարող են Հայաստանը դարձնել ավելի լավ երկիր ոչ միայն երիտասարդների, այլ բոլորի համար։ Պետք է վերագնահատել երիտասարդների դերը մեր պետության կառուցման գործում և հնրավորինս շատ երիտասարդների հնարավորություն տալ իրենց ուժերը փորձել որպես որոշում կայացնողներ։

– «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը կարևոր և հատկանշական գործունեություն է ծավալում երիտասարդներին կրթելու, կարևոր գիտելիքներով և հմտություններով զինելու գործում: Հատկապես շեշտը ինչպիսի՞ թեմաների վրա եք դնում՝ թե՛ տեղական և թե՛ միջազգային ծրագրերը կազմելիս, ո՞րն է Ձեր տեսլականը և ինչպիսի արդյունք եք գրանցում:

– Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ-ը շուտով կդառնա 10 տարեկան։ Այս տարիների ընթացքում կազմակերպությունը իր ներդրումն է ունեցել երիտասարդների կրթության, քաղաքացիական գիտակցության բարձրացման, երիտասարդների զբաղվածության և իրավունքների պաշտպանության ոլորտներում։

Կազմակերպությունն իր հիմնական գործունեությունը ծավալում է ոչ ֆորմալ կրթության, երիտասարդական քաղաքականության, կամավորության, բնապահպանության, ակտիվ քաղաքացիության, երիտասարդական աշխատանքի, գործազրկության և գենդերային հավասարության ոլորտներում: Կազմակերպության հիմնական նպատակն է ներգրավել երիտասարդներին քաղաքացիական հասարակության կայացման գործում և նպաստել Հայաստանում ոչ ֆորմալ կրթության և կամավորության մշակույթի զարգացմանը: Իր տեղական և միջազգային կրթական ծրագրերի միջոցով կազմակերպությունը հարյուրավոր երիտասարդների համար ստեղծում է ինքնազարգացման և կատարելագործման հնարավորություններ:

Մեր տեսլականն է ձևավորել հասարակություն, որտեղ երիտասարդներն ունեն ակտիվ մասնակցություն ժողովրդավարական գործընթացներին և որոշումների կայացմանը, քաղաքացիական հասարակությունը զարգացած է և հանդիսանում է սոցիալական և քաղաքական փոփոխությունների շարժիչ ուժը: Մենք ներգրավում ենք երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, փորձում ենք նպաստել նրանց ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցում ենք, որպեսզի նրանք ներգրավվեն հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Մեր ծրագրերի արդյունքում երիտասարդները դառնում են ավելի ազատ, պատասխանատու, ինքնուրույն, ակտիվ և գիտակից քաղաքացիներ, ովքեր պատրաստ են լինել առաջնորդներ քաղաքականության, բիզնեսի, կրթության և այլ ոլորտներում՝ պատասխանատվություն կրելով իրենց քայլերի և որոշոմների համար։ Մենք նաև կարևորում ենք երիտասարդների շրջանում այնպիսի արժեքների տարածումը, ինչպիսիք են հանդուրժողականությունը, խաղաղասիրությունը, իրավահավասարությունը, հարգանքը, սոցիալական պատասխանատվությունը, կենսակայուն զարգացումը, հակախտրականությունը բազմազանության ընկալումն ու ներառականությունը։

 – Ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում տեսնել Հայաստանում առաջիկա տարիների ընթացքում:

– Ակնկալում ենք տեսնել այն բարեփոխումները, որոնց համար օրեր շարունակ պայքարել ենք քաղաքացիական անհնազանդության օրերին։ Առաջին հերթին ակնկալում ենք օրենքի գերակայության հաստատում և այնպիսի մթնոլորտի ստեղծում, որտեղ քաղաքացիները անկախ իրենց սեռից, սոցիալական կարգավիճակից, կապերից ու ծանոթություններից կլինեն հաշվետու և հավասար օրենքի առաջ։ Մեծ ակնկալիքներ ունենք կրթության որակի բարձրացման հետ, կրթական ոլորտի արդիականացման, կրթության նոր մեթոդներ ներդրման, կրթական համակարգում կոռուպցիայի, հովանավորչության և անազնվությունների բացառման, ակադեմիական ազատությունների հաստատման հետ։

Շատ են ակնկալիքները նաև կապված երիտասարդների սոցիալական ապահովվածության, նրանց կենսամակարդակի բարձրացման, աղքատության և միգրացիայի նվազման հետ։ Սրանք խնդիրներ են, որ մի քանի ամսում լուծելն անհնարին է, բայց հույս ունեմ, որ նոր կառավարությունը չի կրկնի նախկինի սխալները և արդյունավետ, հետևողական ու քաղաքացիակենտրոն աշխատանքի շնորհիվ կապահովի հստակ դրական շոշափելի արդյունքներ, որոնք կբարելավեն երիտասարդներ և առհասարակ մեր քաղաքացիների կյանքը։ Ի տարբերություն նախկին կառավարությանը, նոր կառավարությունը կարող է իր հույսը դնել քաղաքացիական հասարակության և հատկապես երիտասարդության վրա, քանի որ վերջիններս ոչ միայն պետք է լինեն բարեփոխումների սպառողը, այլ դրանց իրականացման մասնակիցը։

Աննա Մեխակյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register