ՀԱՂԹԱՆԱԿ ՄԱԼՅՈՐԿԱՅՈւՄ

2

Բալեարյան կղզիների սրտում` Պալմա դե Մալյորկայում ավարտվեց ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարի եզրափակիչ` 4-րդ փուլը (առաջին փուլն անցկացվել էր Շարջայում, երկրորդը` Մոսկվայում, երրորդը` Ժնևում): Ավարտական 9-րդ տուրից հետո 5.5-ական միավորով 1-2 հորիզոնականները կիսեցին Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանն ու  Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան): Նրանցից կես միավորով հետ մնացին Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Եվգենի Տոմաշևսկին և Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Դինգ Լիրենը(Չինաստան),  Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա) և Թեմուր Ռաջաբովը(Ադրբեջան):

 Թեև Արոնյանը և Յակովենկոն գրավեցին առաջատար դիրքեր, նրանք մարզական տեսանկյունից պայքար չէին մղում ընդհանուր մրցաշարում հաղթանակի հասնելու համար: «Գրան Պրի»-ի մրցաշարերում հավաքած գումարային միավորներով վերջնական աղյուսակում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած շախմատիստները վաստակում են 2018 թվականի մարտին՝ Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք: Հիշեցնենք, որ «Գրան Պրի»-ի մասնակիցները պայքար են մղում նրա շրջանակում կազմակերպվող 4 մրցաշարից` 3-ում:

3

Վերջին տուրից առաջ Պալմա դե Մալյորկայի մրցաշարին մասնակցող շախմատիստներից ուղեգիր վաստակելու ռեալ շանս ունեին Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան) և Մաքսիմ Վաշյե-Լագրավը(Ֆրանսիա): Վերջիններս կարող էին շրջանցել մինչ Մալյորկայի մրցաշարի մեկնարկը առաջատար  համարվող Շահինյար Մահմեդյարովին(Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկին(Ռուսաստան): Սակայն դա  տեղի չունեցավ, քանի որ  ֆրանսիացին պարտվեց Յակովենկոյին, իսկ ադրբեջանցին ոչ-ոքի խաղաց Ռիչարդ Ռապորտի(Հունգարիա) հետ: Այսպիսով ուղեգրեր վաստակեցին Մամեդյարովը և Գրիշչուկը: Լևոն Արոնյանն այս մրցաշարում հանդես էր գալիս առանց մեծ լարվածության, իր հաճույքի համար,քանի որ դեռևս սեպտեմբերին, նվաճելով աշխարհի գավաթը, նա արդեն իսկ վաստակել էր աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգիր:

4

Եվ այսպես, 2018 թվականի առաջին կեսի գլխավոր մրցաշարին մասնակցելու են Լևոն Արոնյանը (Հայաստան) և  Դինգ Լիրենը (Չինաստան)` որպես աշխարհի գավաթի եզրափակչի մասնակիցներ, Սերգեյ Կարյակինը(Ռուսաստան)` որպես աշխարհի թագի համար վերջին մրցաշարում պարտված շախմատիստ, Շահինյար Մամեդյարովը (Ադրբեջան) և  Ալեքսանդր Գրիշչուկը(Ռուսաստան)` որպես ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարի ընդհանուր հաշվարկով առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած գրոսմայստերներ, Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) և Ուեսլի Սոն(ԱՄՆ)` որպես ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում ամենաբարձր վարկանիշ ունեցող երկու շախմատիստ, ինչպես նաև Վլադիմիր Կրամնիկը` որպես մրցաշարի կազմակերպչի կողմից առաջադրված գրոսմայստեր: Նշենք, որ հավակնորդների մրցաշարում առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը 2018-ի աշնանը աշխարհի թագի համար պայքարելու է գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register