7 ՀԱՐՑ. ՀԱՍՄԻԿ  ԹԱՆԳՅԱՆ

5

Խորագրի հյուրն է արվեստաբան, պարագիր («choreographer»), պարային թերապևտ Հասմիկ Թանգյանը:

Ձեր կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

 – Անկյուններ չէ, բայց հաճախ փոքրիկ դետալներ եմ գտնում քաղաքի տարբեր շենքերի վրա, մայթերին կամ բնության մեջ, որոնք շարժման մեջ ասոցիատիվ տարբեր պատկերներ են հիշեցնում: Միշտ հուզվել եմ, երբ մարդիկ ցույց են տվել իրենց բացահայտած անկյունները: Ծածուկ չէ, բայց ինձ համար գտնված մի վայր է Ավետ Տերտերյանի տուն-թանգարանը Հայրավանքում: Ինձ այնտեղ շատ է դուր գալիս և բազմաթիվ հիշողություններ ունեմ:

Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:

– Փողոցում միշտ ուշադրությունս գրավում են երեխաների ու մեծահասակների հարաբերությունները:Բարկանում եմ, երբ երեխաների վրա անտեղի զայրանում են, ինքնագնահատականի վրա ազդող տարբեր բաներ են ասում, և ավելի սարսափեցնում է, երբ դա անում են սեփական պատիվը հանրության առաջ «բարձր» պահելու համար: Ցավոք սրտի, Երևանում դա ամենահաճախն է ինձ հանդիպում՝ գրեթե ամեն օր:

Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Գուցե` Մատենադարանը: Նաև, չգիտեմ, կարող ենք դա այցեքարտ համարել, թե չէ, բայց երբ արտասահմանցիներն ինձ հարցնում են, թե ինչ խորհուրդ կտամ անել Հայաստանում, միշտ ասում եմ՝ ծանոթանալ տեղի անկախ արվեստագետների հետ:

Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Դժվար է հենց երեքը մտաբերել, հատկապես աշխարհընկալմանս վրա ազդեցություն թողածները, քանի որ ես միշտ փոքր-ինչ ավելի ուշ եմ հասկանում, որ ինձ համար կարևոր բան եմ կարդացել: Ես դանդաղ եմ մտածում, և մինչև մի բան մարսվում, եփվում է մեջս, արարքներս հաճախ արդեն փոփոխություններ կրած են լինում: Բայց, հավանաբար, ինձ համար կարևոր հարցեր են բարձրացրել ոչ թե հավանածս գրքերը, այլ՝  հակառակը: Օրինակ, Հովհաննես Իշխանյանի «Ես եմ իմ տղան» պատմվածքը, այնքան էր բարկացրել ինձ, որ սկսել էի երազումս իրեն տեսնել, հետո էլ դրդեց` ծանոթանալ իր հետ: Ռուդոլֆ Շտայների «Ինչպե՞ս հասնել բարձրագույն աշխարհների ճանաչողության» գիրքը վերջերս սկսեցի ընթերցել ու հիշեցի, որ տարիներ առաջ մի քանի անգամ փորձել էի կարդալ, բայց հետո դժվար հարաբերություններ էի ունեցել իր մյուս գրքերի հետ, այդ պատճառով անընդհատ կիսատ էի թողել այս մեկը: Եվ վերընթերցելիս պարզեցի` որքան էլ անընդհատ դժվար էի կարդում իրեն, բայց մեկ է, որոշ ասածներ ինձ համար արդեն սկզբունքային էին դարձել:

Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Նկատել եմ, որ բոլորի մոտ հետբումերանգն է աշխատում, եթե ես դրական զգացողություններ եմ փոխանցում, նույնն էլ ստանում եմ: Մեծահասակներն ավելի խիստ են հետևում այս կանոնին, բայց փոքրերն հաճախ ավելի ազատ են, իրենք ոչ թե քո` այդ պահի տրամադրությանն են նայում, այլ քեզ ընդհանրապես, լավ մարդ ես, թե չէ: Այդպիսին են գրեթե բոլոր երեխաները, ում հետ աշխատում եմ: Հարցին, թերևս չպատասխանեցի (ժպտում է, – խմբ.):

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Ժամանակակից պարի դպրոց. երազանքս է:

Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը

– Հավանաբար, գիտակցված պայքարից հետո եկող փոքրիկ, գուցե ժամանակավոր խաղաղությունը:

Գարեգին Ալեքսանյան 

Լուսանկարը՝ Նիկոլայ Ավակով

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register