ՀԱՇՄԱՆԴԱՄՈւԹՅԱՄԲ ԵՎ ԱՈւՏԻԶՄՈՎ ՉԵՆ ՏԱՌԱՊՈւՄ. ՍՅՈւՆԵ ՍԵՎԱԴԱ

2

Մենք՝ հայերս, շատ ենք սիրում տառապել՝ հնարավոր ու անհնար թեմաների համար։ Եվ սիրում ենք «տառապելը» կցել բոլոր այն ոլորտներին ու վիճակներին, որտեղ ցավի գեթ մեկ նշույլ կարող ենք գտնել։ Տառապում է անքնությամբ, տառապում է հաշմանդամությամբ, տառապում է գլխացավից, տառապում է շիզոֆրենիայով․․․Տառապում ու տառապում ենք, մինչդեռ նույն միտքը կարելի է ավելի պարզ ու կոնկրետ ասել, ուղղակի՝ ունի անքնություն, հաշմանդամություն, շիզոֆրենիա։ Վերջ։ Պարզ, կոնկրետ, հասարակ։

Երբեմն մենք  օգտագործում ենք այնպիսի նկարագրական բառեր, որոնք վիրավորում են մարդկանց։ Իսկ ո՞վ է ասել, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ «տառապում են հաշմանդամությամբ», դուք անձա՞մբ եք ճշտել աշխարհի բոլոր՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց, թե՞ համարում եք, որ եթե ինչ-որ մեկը մեզնից ինչ-որ բանով տարբերվում է, ուրեմն հաստատ տառապում է։ Շտապեմ հիասթափեցնել ձեզ՝ նրանք չեն տառապում։ Հակառակը, սովորաբար շատ ինքնաբավ, լավատես, ուրախ ու ստեղծագործ մարդիկ են։ Կարող են ունենալ դժվարություններ, հանդիպել խոչընդոտների՝ գուցե փոքր-ինչ ավելի շատ, քան մենք, բայց  սա էլ միանշանակ չէ։ Առհասարակ, ոչինչ միանշանակ չէ։ Եվ հաշմանդամություն ունեցող մարդուն մեխանիկորեն տառապողի դափնի կցելը ոչ միայն էթիկապես ճիշտ չէ, այլ շատ տգեղ է ու վիրավորող։

Կամ ո՞վ է ասել, որ աուտիզմ ունեցող մարդիկ են տառապում։ Նրանք մարդիկ են, որոնք ունեն իրենց ընկալումը, կրկնում եմ՝ տարբերվող ընկալումը, բայց «տարբերվողը»  «սխալի» հոմանիշը չէ, ուղղակի այս մարդկանց պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին որ կան։ Համապատասխան մասնագետների հետ աշխատելու դեպքում, հատուկ գրականություն կարդալու դեպքում դուք կհասկանաք, որ իրենք շատ հետաքրքիր աշխարհում են ապրում։

Հաճախ էլ երբ ուզում են մեկին վիրավորել, ասում են՝ «ուղեղից հաշմանդամ»։ Դեպքերի եմ հանդիպել, երբ  այդ կերպ անվանել են մարդու, որը վիրավորել էր հաշմանդամություն ունեցող մարդու։ Դե, պատկերացրեք պահի զավեշտը․ հաշմանդամություն ունեցող մարդուն վիրավորելու համար վիրավորողին անվանեն «ուղեղից հաշմանդամ», այսինքն՝ իրենցից անկախ «ապացուցեն», որ հաշմանդամությունը վիրավորանք է։

Մենք հաճախ ենք մեզնից անկախ վիրավորում դիմացիններին՝ ուղղակի յուրահատուկ լինելու համար։ Ոչ մեկը պարտավոր չէ նման լինել դիմացինին, և ոչ մեկը պարտավոր չէ արդարանալ իր՝ յուրահատկություններ ունենալու համար՝ լինի դա կանաչ մազերը, թե սայլակով շրջելը։ Հա, սայլակն էլ իր հատուկ «բառապաշարն» ունի։ Հանդիպած կլինեք՝ այսինչ այսինչյանն արդեն երկար տարիներ է՝ գամված է սայլակին․․․Գամվա՞ծ, ինչո՞ւ գամված։ Ինչո՞ւ եք մոռանում, որ մարդու մասին եք խոսում։ Գամված չէ, մարդն ուղղակի սայլակ է օգտագործում, պարտադի՞ր է զգայական-նկարագրական բառերն օգտագործելը։

Եվ նույնն էլ տառապելը, պետք չէ ինչ-որ մեկի փոխարեն որոշել՝ արդյոք նա տառապում է, թե ոչ։ Անգամ խիստ բարդ խնդիրներ ունենալիս մարդիկ կան, որ չեն տառապում։ Ուղղակի սեղմում են ատամներն ու լուծում դրանք։

Պետք չի ավելի մգացնել գույները, ձայնին լալահառաչ տոնայնություն տալով փորձել խղճալ մարդկանց, որոնք ամենևին էլ դրա կարիքը չունեն։ Եվ եկեք վերջապես դադարեցնենք այս ու այն առանձնահատկությանը «տառապել, գամել, տանջվել» նկարագրությունները կցելուց։

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register