ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

1

 Պոեզիա, գրականություն «vs» երգ, կինո (versus – ընդդեմ): Արվեստի արտահայտչաձևերի մեջ ծավալված կռիվը շարունակվում է: Որպեսզի հրաշալի բանաստեղծությունները հասանելի դառնան հանրության լայն շերտերին, դրանք վերափոխում են երգի բառերի: Նույնն էլ հաճախ գրականության հետ է տեղի ունենում:

Հրանտ Մաթևոսյանի «Խումհար» վիպակում կինոդրամատուրգ Իվան Վաքսբերգը` դիմելով կինեմատոգրաֆիստների բարձրագույն դասընթացների մասնակիցներին ասում է. «Կինոն արդյունաբերություն է, սիրելի բանաստեղծներ, մենք կինոյի բանվորներն ենք: Գործարանն իրեն չի արդարացնում` փակում են գործարանը: Սա սպիտակ թղթի առաջ բանաստեղծական մեր ինքնագլխությունը չէ, սա միլիոնանոց դահլիճ է, ուր չի կարելի մտնել քո անձնական հարբուխով և բանաստեղծի մանրէներ փռշտալ – նկարը դիտում են միլիոններ, գիրքը հազարներ են կարդում»: Այսպես, յուրաքանչուրս կարող է հիշել բազմաթիվ ֆիլմեր, որոնց սցենարների հիմքում գեղարվեստական գիրքն է: Ու թեև ֆիլմը ռեժիսորի և նրա թիմի երևակայության արտադրանքն է, իսկ գիրքը մեզ հնարավորություն է տալիս ուղեղում սեփական կինոն «նկարել», Վաքսբերգն իրավացի է:

1

Այդուհանդերձ, լինում են հաճելի բացառություններ, երբ գիրքն իր հանրաճանաչելիությամբ չի զիջում ֆիլմին: Նման օրինակ է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի՝ 7 մասից բաղկացած «Հարրի Փոթեր» վիպաշարը: Առաջին գիրքը` «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» հրատարակվել է 1997 թվականին,1998-ին`«Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը», 1999-ին`«Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը», 2000-ին`«Հարրի Փոթերը և Հրե գավաթը», 2003-ին`«Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը», 2005-ին`«Հարրի Փոթերը և խառնածին արքայազնը», իսկ վերջին` «Հարրի Փոթերը և մահվան պարգևները» մասը հրատարակվել է 2007 թվականին: Ընդհանուր առմամբ վիպաշարը կես միլիարդ օրինակով վաճառվել է ամբողջ աշխարհում և այս ցուցանիշով բացարձակ առաջատար է: Ֆիլմերը սկսել են նկարահանվել 2001 թվականից և ահռելի հաջողություն են ունեցել:

5

Գրքի հայերեն թարգմանությանը նախաձեռնել է «Զանգակ» հրատարակչությունը: 2016 թվականին հրատարակվել են առաջին երկու մասերը, իսկ երրորդ մասի` «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ վերջերս: Երեք դեպքում էլ գրքի թարգմանությունը կատարել է հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը, ում աշխատանքը բարձր են գնահատում թե՛ մասնագետները, թե՛ ընթերցողները:

3

«Գի՞րք, թե ֆիլմ: Ես իհարկե գերադասում եմ գիրքը: Ինձ համար և, կարծում եմ շատերի համար, ֆիլմն ինչ-որ չափով հետ է մնում գրքից իր երևակայական հնարավորություններով, թեև, եթե գիրքը կարդացած չլինեի, ֆիլմն ինձ վրա մեծ տպավորություն կթողներ»,- խոստովանում է Ալվարդ Ջիվանյանը:
Տիկին Ջիվանյանին հարցնում ենք հանրության շրջանում գիտական ֆանտաստիկայի և ֆենթզի ժանրի գրականության կարևորության մասին: Մտաբերում ենք Չինաստանի օրինակը, երբ XX-րդ դարում տևական ժամանակ Չինաստանում արգելված էր ֆանտաստիկ գրականությունը և որի բացասական հետևանքները մինչև այժմ էլ զգացնել են տալիս. հանրությունը դարձել է սակավ ստեղծագործող:

7

«Ցանկացած հասարակության երևակայության գրաված տիրույթը շատ կարևոր է: Մի կողմ թողնելով Չինաստանի օրինակը` չէի ասի, թե մեր հայ իրականության մեջ ֆենթզի գրականությունը շատ զարգացած է, դրա համար էլ կկարևորեմ թարգմանական ֆենթզի գրականության հրատարակումը, որովհետև այն՝ հայ հրաշապատում հեղինակային գրականության զարգացումը խթանելու հզոր միջոց է,- նշում է Ալվարդ Ջիվանյանը:

Շնորհանդեսը լի էր անակնկալներով: Մարդիկ ազատորեն փորձում էին «Նիբուս 2000» ավելը, կախարդի գլխարկը և թիկնոցը, լուսանկարվում Ազքաբանի կալանավորներին հատուկ պաստառով: Մեկ այլ անկյունում սև ագռավ էր վանդակում փակված`նման երրորդ գրքում նկարագրված հիպոգրիֆի` Բաքբիքի փոքր տեսակին:

6

Իսկ գլխավոր անակնկալն անչափ տպավորիչ էր և վախեցրեց նույնիսկ տողերիս հեղինակին: Շնորհանդեսի միջնամասում աննկատ տարածք ներթափանցեցին ամբողջովին սև հագնված, դեմքերը ծածկած «դեմենթորները», որոնք, ինչպես գրքում է նկարագրված`Ազքաբանի բանտի հսկիչներն են. «Դեմենթորները մարդու մեջ եղած ողջ ուրախությունը քաշում կլանում են: Ազքաբանի բանտարկյալների մեծ մասը խելքը թռցնում է»: Դեմենթորները սարսափազդու պար իրականացրեցին, իսկ մինչ այդ ցուցադրաբար «կլանեցին» տարաբախտների ուրախությունը:

4
Ավելացնենք, որ արդեն այս տարի սպասվում է «Հարրի Փոթեր» վիպաշարի 4-րդ մասի հայերեն թարգմանության հրատարակությունը:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register