ՀԱՐՑԱԶՐՈւՅՑԻ ԱՐՎԵՍՏ ԿԱՄ ՍԵՄԻՆԱՐ ԼՈւՐՋ ԶՐՈւՅՑԻ ՄԱՍԻՆ

17

ՀԲԸՄ («Հայկական բարեգործական ընդհանուր միություն») դահլիճում օրերս կայացավ «Հարցազրույցի արվեստը» խորագրով սեմինար-քննարկում, որի նախաձեռնողը «Ճամփորդ» հասարակական հիմնադրամն էր: Հանդիպման բանախոսներն էին` «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանը, Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն, լրագրող Մարկ Գրիգորյանը և «168 Ժամ» թերթի խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի վարող Սաթիկ Սեյրանյանը: Սեմինարին մասնակցում էին արդեն իսկ գործող և ապագա լրագրողներ:

23

Հարցազրույցն իրավամբ համարվում է լրագրության ամենաբարդ ժանրը: Այս դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե բլից, ռեպորտաժների համար պահանջվող տեղեկատվական հարցազրույցներին, այլ`դեմ առ դեմ ընթացող լուրջ զրույցին, որը հաճախ «փոխելով հունը» վերաճում է ամենաիսկական ճակատամարտի, բռնցքամարտի ռաունդներով և նոկաուտով ուղեկցվող մտքերի բախման: Այդ զրույցների ընթացքում լրագրողը հանդես գալով որպես յուրատեսակ հոգեվերլուծող՝ հաճախ բացահայտում է մարդու` հասարակությանը ցայդ անծանոթ կողմերը:

Առաջին բանախոսը Պետրոս Ղազարյանն էր: Նա գլխավորապես անդրադարձավ լրագրողի պատրաստվածությանը, սեփական «զինանոցի» օրինակներով «հուշելով», թե ինչ է անհրաժեշտ՝ հարցազրույց տվողի ծուղակը չընկելու համար, ինչ տարածություն է պետք ընտրել, ինչպես կահավորել տաղավարը, որպեսզի այն «մրցակցության» մեջ չմտնի հարցազրուցավարի հետ, ինչ հագուստ ընտրել, որ դեպքերում նախահարցազրույց անցկացնել և այլն:

16

Պետրոս Ղազարյանը լրագրողների խնդրանքով խոսեց ամենատարածված ծուղակներից մեկի մասին. «Փորձառու հարցազրույց տվողները՝ «Ինձ դեռ նման հրաշալի հարց չէին տվել», «Ձեզ նման վերլուծող չկա» բնույթի հաճոյախոսություններով փորձում են «գնել» լրագրողին: Նման դեպքերում հարցազրույց անցկացնողը (հատկապես եթե անփորձ է) «վաճառվում է» և հոգեբանորեն դժվարանում է սուր հարցեր տալ, թեև դրանք նախապես պատրաստել էր»: Դուք` որպես ուշադիր ընթերցող կամ հեռուստադիտող, հետագայում արդեն կարող եք նկատել և հետևել նման հնարքների կիրառմանը:

22

Մարկ Գրիգորյանն էլ պատմեց իր հաջողված և չհաջողված որոշ հարցազրույցների մասին: Ինչ անել, երբ զրուցակիցը բացահայտորեն խուսանավում է պատասխանից: Ինչպես է հնարավոր այլ բաներից խոսելով` աստիճանաբար զրույցը բերել հարցազրույց տվողի համար անցանկալի, սակայն հասարակության համար կարևոր խոսակցությանը:

20

Սաթիկ Սեյրանյանը նույնպես անդրադարձավ հարցազրուցավարի պատրաստվածությանը` նշելով, որ լուրջ հարցազրույցը պահանջում է պրոֆեսիոնալիզմ, մարդկային հասունություն ու որոշակի տեղեկացվածություն: Երբ նշվածները կան, հարցազրույց տվողը հարգանք և զգուշավորություն է ցուցաբերում: Բոլոր զեկուցողներն էլ անդրադարձան մի կարևոր խնդրի: Նրանք մատնանշեցին, որ երբ հարցազրուցավարը սկսում է ցուցադրել իր տեղկացվածությունն ու գիտելիքը, անցնում է սահմանը` հարցազրույց վերցնողից վերածվելով հարցազրույց տվողի: Ստացվում է ինքնահաստատման փորձ, որը, ցավոք, Հայաստանում տարածված է: Լավ հարցազրույցի (և կյանքում էլ ցանկացած գործ հաջողելու համար) հարկավոր է իսկապես հետաքրքրված լինել:

21

Պետրոս Ղազարյանի ճշգրիտ դիտարկմամբ՝ տվյալ մարդը տվյալ պահին պետք է լինի հարցազրուցավարի կյանքի ամենահետաքրքիր ու սպասված զրուցակիցը: Սեմինարի ընթացքում հնչած հետաքրքիր մեկ այլ դիտարկման մասին ևս. Ճիշտ է, գիտելիքը թեև շատ կարևոր է, սակայն երբեմն հարց տալու ընթացքում հարկ է դրսևորել երեխայի հետաքրքրասիրություն և պարզամտություն: Հանդիպումը տևեց գրեթե 4 ժամ և անցավ ակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով: Ինչպես հաճախ է լինում, փորձառու մարդկանց ունկնդրելուց ժամանակի զգացումն անհետանում է: Նույնիսկ հանդիպման ավարտից հետո մասնակիցները դեռ երկար քննարկում ու զրուցում էին:

19

«Հարցազրույցի արվեստը» «Ճամփորդ» հիմնադրամի կազմակերպած թվով 4-րդ սեմինարն էր: Մինչ այժմ սեմինարներ էին կազմակերպվել տնտեսական և մշակութային, ինչպես նաև` պատերազմական իրավիճակներում աշխատող լրագրողների համար: Հիմնադրամի հիմնական նպատակը՝ անկախ լրագրության զարգացումը, երիտասարդ լրագրողների կայացմանը նպաստելը, մարդու իրավունքների իրազեկումը, ժողովրդավարության հիմնարար արժեքների քարոզումը, քաղաքացիական հասարակության զարգացումը և որակյալ տեղեկատվության ապահովումն է:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register