7 ՀԱՐՑ. ՍԵՎԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

yntr

Խորագրի հյուրն է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի ղեկավար:

– Ձեր կողմից  բացահայտված ամենածածուկ, շատերին անծանոթ անկյունը Հայաստանում: – Ծածուկ անկյուններ չգիտեմ, ուղղակի կնշեմ տարօրինակորեն տպավորիչ, թռչելու ցանկություն առաջացնող վայրերից մեկի մասին: Արարատի մարզում՝ ամենաոչ ծածուկ ու հարթ շրջաններից մեկում, դեպի Քասախ գնացող ճանապարհին մոտ 10 կիլոմետրանոց մի հատված կա, որտեղ երկու կողմում դաշտ է, ամռանը ձմերուկ վաճառողների վրաններ, ուրիշ ոչինչ: Ձմեռ-ամառ դատարկ է, նույնիսկ ամայի: Այդտեղով անցնելիս ազատության զգացողություն եմ ունենում, միայնությունն ապահովություն է ներշնչում:

– Կա՞ մի բան Երևանում, որն անասելի նյարդայնացնում է Ձեզ:– Բաներ կան, որ կուզեի այլ կերպ լիներ: Հատկապես մեծամասնության մասը լինելու ակնկալիքը: Զորավոր համայնքից տարբերվելու, դրանից դուրս գալու, այլ կերպ ապրելու, մտածելու, շնչելու անթույլատրելիությունն ու պատժելիությունը խանգարում են ինձ: Դրա արդյունքում ստեղծագործականությունը, պայքարը, այլախոհությունն ու այլակերպությունը, հետևաբար դրական կամ բացասական փոփոխությունն ու շարժը բացառվում կամ դանդաղում են:

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ աշխարհում։– Մի ամբողջ երկրի այցեքարտ լինելն ինձ համար անհասկանալի է: Ոչինչ չի կարող այդքան մեծ խմբի համար ընդհանուր լինել, նույնիսկ ձեր նշածները: Ուրիշ բան, որ փորձենք տուրիզմի զարգացման համար բրենդներ փնտրել, որի ոչ մասնագետն եմ, ոչ էլ դա իմ հետաքրքրությունների շրջանակում է: Երբ փորձում եմ Հայաստանը ներկայացնել այլերկրացու, պատմում եմ  իրենից մեծ սփյուռք, սառեցված կոնֆլիկտ, զարգացող այթի, շոգ ամառ ու ցուրտ ձմեռ ունեցող հետխորհրդային  փոքրիկ երկրի մասին…

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:– Այ սա՝ անասելի նյարդայնացնող հարցերից է (ժպտում է,-խմբ.): Բազմաթիվ են,իհարկե: Միանգամից մտքիս եկած երեքը նշեմ` Սիմոն դը Բովուարի «Երկրորդ սեռը», Ալբեր  Կամյուի «Օտարը», Մարգըրեթ Դյուրասի «Սիրեկանը» երևի, քանի որ պարմանուհի տարիքում եմ ընթերցել ու երեքից ստացած շոկը դեռ հիշում եմ:

– Մերօրյա ընդօրինակելի մարդկանց անուններ կարո՞ղ եք նշել։– Բոլոր այն կանայք ու տղամարդիկ, ովքեր փորձարկում են, չընդունված, նոր կամ արդեն շատ հնացած ու շրջանառությունից դուրս եկած հարցեր են առաջ քաշում ու դրանք գործ են դարձնում՝ իրենց նյարդերի ու հեղինակության հաշվին:

– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։ – Կպահպանեի ու կբարեկարգեի Հայաստանի հատկապես մեծ քաղաքներում եղած քաղաքային նյութական  ու մշակութային ժառանգությունը:

– Շոգից փրկվելու Ձեր  «բաղադրատոմսը»։ – Սառը ցնցուղ ու կիտրոնի ֆրեշ:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register