ՀԱՆԳԻՍՏ, ԹԵ ԱՇԽԱՏԱՆՔ

25

Երբ մեկուկես տարի առաջ Հայաստանում կառավարության ղեկը ստանձնեց Կարեն Կարապետյանը, հասարակությունն ականատես եղավ ակտիվ   ու համարձակ  մի շարք  ռեֆորմների, որոնք խոստումնալից  ու նաև որոշ առումով անսովոր էին: Վարչապետ Կարապետյանն ընտրել էր կարճ-կոնկրետ, արդյունավետ գործելու, երբեմն  չհասկացվելու  ճանապարհը, որ ստիպում է հաճախ  չինովնիկական ընդունված կարծարատիպերը  ջարդել:

Դեռևս անցյալ տարի էր նորանշանակ վարչապետը հայտարարել, որ պետք է ամանորյա  հանգստյան  օրերի թիվը կրճատվի: Այս հայտարարությունն ի սկզբանե  հակասական արձագանքի արժանացավ, իսկ երբ կառավարությունն արդեն որոշման  տեսքով  հաստատեց վարչապետի  առաջարկը, կողմ ու  դեմ կարծիքները կտրուկ շատացան: Վերջին տարիներին  ձևավորված ավանդույթի համաձայն, Նոր տարվա տոները Հայաստանում սկսեցին տևել  յոթից տասը օր: Արդարության համար արժե նշել, որ պաշտոնապես և իրապես այս տոները վայելում են պետական ծառայության  համակարգերում, իսկ մասնավոր հատվածում  նման ճոխությունն ամենքին  չէ, որ հասանելի էր: Սակայն, ամեն  դեպքում ամառային  արձակուրդներից  հետո երկրորդ երկար հանգիստը շատերին  հնարավորություն տվեց  Ամանորը դիմավորել արտերկրում  կամ տեղական հանգստի գոտիներում, խթանելով ներքին և արտաքին տուրիզմը:

Սա՝ առավելություններից մեկը, չհաշված նաև այն, որ մարդիկ կարողանում էին կտրվել աշխատանքային առօրյայից և անգամ տանը նստելով՝ լիցքաթափվել: Մյուս կողմից՝ տոնական օրերի երկար տևողությունը մարդկանց դրդում է լրացուցիչ ծախսերի, հյուր գնալ-գալու ակտիվության: Սա էլ՝ մարդկային հարաբերությունների տեսանկյունից: Կառավարությունը  շատ  ավելի ծանրակշիռ  փաստարկներով հանգստյան օրերից երեքը 2019 թվականից աշխատանքային դարձնելու որոշում  կայացրեց, պարզաբանելով, որ հայաստանցու  հանգստյան  օրերի թիվն  աշխարհում ամենաբարձրերից  է , ինչը զարգացողի  կարգավիճակ ունեցող մեր երկրի համար, իրավ որ շռայլություն է: Իհարկե,  հանուն  վաղվա լավ օրվա արժե ավելի շատ աշխատել, սակայն եվրոպացիների օրինակը մեջբերողներին  շատերը նաև հիշեցնում են եվրոպացիների միջին  աշխատավարձերի , ցածր գների և  այլ  բարիքների մասին: Իսկ գուցե նրանք իսկապես ավելի շատ են աշխատել, որ այսօր ունենան այն, ինչ ունեն: Դժվար է ասել:

Հայաստանում որոշումը ողջունում են  մասնավոր հատվածում, հիշեցնելով, որ իրենք այսպես թե այնպես  ավելի քիչ են հանգստանում, որ արտաժամ էլ են աշխատում:  Նաև  ուրախ են, որ տոնական  երկարուձիգ  օրերին  մի տեսակ կաթվածահար լինող գործնական կյանքը ռիթմից չի ընկնի:

Ի դեպ, հունվարյան լրահոսի թոփ-թեմաները արձակուրդից հետո ձևավորվում են  դիետոլոգների  ու  հոգեբանների ակտիվ մասնակցությամբ.   առաջիններն առաջարկում են բեռնաթափել օրգանիզմը կուտակած ավելորդ կիլոգրամներից, ինչը տոնական առատ սեղանների վրեժն է, իսկ երկրորդներն էլ հակառակը՝ առաջարկում են աստիճանաբար  ծանրաբեռնել   ուղեղները՝  ամանորյա խումհարից հետո աշատանքային ռիթմը վերագտնելու  համար: Մեզ մնում է  գտնել ոսկե միջինը՝ աշխատանքն  ու   հանգիստը  ճիշտ կազմակերպելու  և համադրելու  համար, որի   անհատական  կազմակերպիչը ինքերս պետք է լինենք: Քանի որ մեկ օրում   էլ կարելի է արդյունավետ լիցքաթափվել  աշխատանքից  և  հակառակը՝   տասը օրում  հոգնել  տնային  «դիվանագիտությունից»:

Սյունե Սևադա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register