ՀԱԼԱԼ ԶՈւԼԱԼ

zulala

Հայ-ամերիկյան «Զուլալ» ակապելլա տրիոն առաջին անգամ հանդես է գալու Երևանում: Հուլիսի 17-ին հայ երաժշտասերների հետ հանդիպումը տեղի է ունենալու Երևանի կամերային երաժշտության տանը: «Զուլալի» անդամները՝ Թենի Ապելյանը, Անայիս Տեկերյանը և Երազ Մարգարյանը , համերգին ընդառաջ պատասխանել են «Ճամփորդի» հարցերին:

-Խնդրում ենք պատմել` ե՞րբ և ինչպես է հիմնադրվել «Զուլալ» խումբը: Կազմը մշտապես նո՞ւյնն է եղել:
– Հայերը խոսք ունեն՝ քո բախտը՝ ճակատագիրը, գրված է քո ճակատին: Կարծում ենք «Զուլալի» ստեղծումը ինչ-որ չափով բախտի բան էր: Թենին Մանհեթենի փողոցներից մեկում պատահականորեն հանդիպեց իր հայաստանցի ընկերներից մեկին: Այդ հանդիպման արդյունքում նա ծանոթացավ Անաիսի հետ: Երազը մեկ անգամ լսելով Անաիսի կատարումը՝ միասին երգելու առաջարկություն արեց և որոշեցին կապվել Թենիի հետ: Մենք գաղափար չունեինք, որ մեր ձայներն այսպես կներդաշնակվեն իրար: Առանց մեծ ծրագրերի մասին մտածելու սկսվեց կազմակերպչական և երգելու գործընթացը: Մենք ճանաչեցինք միմյանց և սկսեցինք միասին խորապես ուսումնասիրել հայկական ժողովրդական երաժշտությունը: Մի գիշեր մենք հանդիպեցինք Թենիի Մանհեթենի բնակարանում, և ընտրեցինք «Բինգյոլը» որպես մեր առաջին երգ՝ հասկանալով, որ հանդիպեցինք մի բանի, որ նոր էր թե՛ մեր, թե՛ մեր ունկնդիրների համար: Դա հեռավոր 2002-ի աշնանն էր: Այդ օրվանից մինչ օրս՝ 14 տարիների ընթացքում, մեր տրիոյի կազմը մնացել է անփոփոխ:
– Ինչպե՞ս ընտրեցիք խմբի երաժշտական ուղղությունը:

– Տարբեր ժամանակների հայկական ժողովրդական երաժշտության վրա թողած ուրույն հետքն ու մեղեդայնությունը պահանջում են կատարողական ճշգրտություն: Բալկանյան երաժշտության մեջ, ջազում և ռոքում մեր ներգրավվածությունը օգտակար եղավ: Հայկական ժողովրդական երաժշտությունը արևելյան և արևմտյան ավանդույթների միջև ուրույն տեղ է զբաղեցնում, հետևաբար երկուսի տեսանկյունից էլ մենք այն ուսումնասիրում էինք: Վոկալային պարապմունքները ապահովում են վերահսկողություն և ճկունություն, այս երաժշտությունը փոխանցում է ավելին: Այն ոգեղեն է, ինչպես հարյուրամյակների փորձությանը դիմակայած երաժշտությունների մեծամասնությունը, եւ դրան արժանին մատուցելու համար կատարողին պետք է հասանելի լինի ավելի խոր մի բան: Քոլեջում մեզանից յուրաքանչյուրը սովորել էր երգել առանց նվագակցության, և մենք սիրում էինք ներդաշնակ հնչողությունն ու չգործիքավորված ձայնը: Մենք համագործակցեցինք գործիքավորողների հետ, սիրում ենք երգել նաև այլ երաժիշտների հետ: Սակայն ամենասրտամոտը մեր համատեղ ձեռնարկումն է:
– Ստեղծագործական ոգեշնչման համար հաճա՞խ եք այցելում Հայաստան:

– Մենք շատ կցանկանայինք Հայաստանում ավելի հաճախ լինել: Մենք մեր ոգեշնչումը գլխավորապես ստանում ենք արխիվային ձայնագրություններից և տարբեր շրջանների երաժշտական գրքերի ուսումնասիրությունից, ինչպես նաև Կոմիտասից, Գրիգոր Սյունուց և այլ հեղինակներից: Մեր նպատակը, ինչպես գիտեք, հայկական ժողովրդական երգերի կատարումն է՝ հայտնի և քիչ հայտնի ստեղծագործություններ, որ մեր համայնքը և աշխարհը դեռ չեն լսել: Վերջերս ուսումնասիրում էինք Բալուի և Վանի երգերը և ոգեշնչում գտանք այդ շրջաններում: Մեր երազանքն է ճամփորդել Արևմտյան Հայաստանում, ինչպես նաև այսօրվա Հայաստանում, հանդիպել մարդկանց և սովորել նոր երգեր:
– Խմբի անվան ընտրությունն ինչպե՞ս կատարեցիք:

– Դա իրոք բավականին խրթին գործ էր՝ երեխայի անուն ընտրելու նման: Զուլալը և՛ անվանում, և՛ առաքելություն է մեզ համար: Այս անունը արտահայտում է մաքրության գաղափարը, զուլալ ջուր, որում հնարավոր է ընկղմվել և միևնույն ժամանակ պարզ տեսնել:

Զուլալ, հոսող ջուրը վերափոխման առաջնային աղբյուրն է, այն խորհրդանշում է մաքրություն ու հստակություն, որ մենք ձգտում ենք հաղորդել մեր երաժշտությանը և կատարումներին, մեր միավորմանը: Զուլալը հղում է նաև գերազանցության գաղափարին՝ այն ամենին, ինչ անվնաս է եւ անվերջ փոխանցվել է մեր նախնիների մեղեդիների միջոցով: «Զուլալ» բառը արմատներ ունի նաև այլ լեզուներում և պատմական Հայաստանի երաժշտական ավանդույթներում, որտեղ մեր մեղեդիներն ապրում էին պարսկական, թուրքական և քրդական երգերի հետ: Աշուղները երբեմն նմանատիպ երգեր էին երգում այս բոլոր լեզուներով: Կարևոր է այն փաստը, որ մեր անվանումը իմաստակիր է նաեւ հայերենի սահմաններից դուրս:

– Ինչպե՞ս է ստացվել, որ մինչ այժմ համերգով հանդես չեք եկել Հայաստանում:

– Մինչ այժմ մեզ ոչ ոք չէր հրավիրել: Դիմի և Թումոյի (Deem Communications և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, -խմբ.) շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք այցելելու մեր հայրենիք և կիսվելու այս բազմամյա և գեղեցիկ երգերի շուրջ մեր հեռանկարներով, երգեր, որոնք դյութել են մեզ: Թերևս կարող ենք ավելացնել նաև, որ այս երգերն աշխարհով մեկ գերում են նաև ոչ հայկական լսարանները:
– Հուլիսին Երևանում կայանալիք համերգին առանձնահատո՞ւկ եք պատրաստվում:

– Մեզ համար մեծ պատիվ է հայաստանյան բեմում հանդես գալը և խոնարհաբար կցուցադրենք մեր կատարումները: Մենք, որպես կանոն, ներկայացնում ենք երգերը անգլերենով, քանի որ հիմնականում մեր լսարանները հայկական չեն: Հուլիսյան համերգի համար մենք փորձում ենք ընտրել երգերի լեզուն: Մի կողմից մենք հանդես ենք գալու Հայաստանում և ցանկանում ենք հասանելի լինել մեր լսարանին: Մյուս կողմից՝ մեզ համար կարևոր է ցույց տալ մեր հայաստանյան լսարանին, թե ինչպես ենք հայկական երաժշտությունը ներկայացնում աշխարհին:
– Հայտնի է, որ Հայաստանում հանդիպելու եք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում սովորող պատանիների հետ: Դրանից բացի այլ ծրագրեր ունե՞ք Հայաստանում:

– Հայաստանում մենք ամեն օր սեմինարներ ենք անցկացնելու Թումոյում՝ սովորեցնելով այնտեղի երիտասարդներին, թե ինչպես ընտրել և կատարել ժողովրդական երգեր: Համերգից առաջ փորձեր ենք անելու և հուսով ենք, որ որոշ այցելություններ կկարողանանք կատարել Երևանում, կկարողանանք հանդիպել մեր ընկերներին ու ընտանիքի անդամներին:
– Երաժշտական ի՞նչ ծրագրեր ունեք, որ մտադրվել եք անպայման իրականացնել:

– Մենք վերջերս կյանքի կոչեցինք մեր 3-րդ՝ «7 գարուններ»ալբոմը: Սիրով ենք արել և շատ ենք հպարտանում, նաև անհամբերությամբ սպասում ենք մեր երկրպագուների հետ կիսվելուն: Մենք համերգների և համագործակցության հրավերներ ունենք հաջորդ տարվա համար. Անցած տարվա վերջում մենք մասնակցեցինք «AGBU WebTalks» նախագծին, որը մեծ փորձառություն էր: Դուք կարող եք դիտել՝ «Հայ կանայք. ձայները երգի միջոցով» տեսագրությունը, ինչպես նաև՝ այլ հրաշալի վեբ-զրույցներ http://agbuwebtalks.org/ կայքում:Մեր գալիք նախագծերից մեկը, որով մենք շատ ենք ոգևորված, «Կարնեգի Հոլ»-ի «Երաժշտախույզներ» («Musical Explorers») նախագիծն է: Նորարարական այս ծրագրի շրջանակներում «Կարնեգի Հոլ»-ի գործընկերները դպրոցական ուսուցիչների հետ մեկտեղ՝ Նյու Յորքի դպրոցներում դասեր են անցկացնում երեխաների մոտ տարրական երաժշտական հմտություններ զարգացնելու նպատակով, ինչպես նաև երեխաներին ներկայացնում իրենց տեղական համայնքներում առկա մշակութային բազմազանությանը: «Զուլալ»-ն ընտրվել է այս մեծ նախագծի մասնակից, և մենք Նյու Յորքում երեխաների բավականին մեծ (8000 հոգանոց) լսարանին սովորեցնելու ենք հայկական ժողովրդական երաժշտությունը, որը մեզ համար այդքա՜ն հոգեհարազատ է: Մենք նաև սովորեցնելու ենք երեխաներին թամզարա պարել:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register