ՀԱՋՈՂՎԵԼ Է ՓՐԿԵԼ 228 ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ

ain3

2016 թվականն աչքի է ընկել արտակարգ դեպքերի և պատահարների նվազմամբ, ինչը մի կողմից  պայմանավորված մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ է, մյուս կողմից՝ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատանքով:

Անցած տարի հանրապետությունում գրանցվել է 12.992 արտակարգ դեպք և պատահար, որոնցից 8020-ը՝ տեխնածին, 392-ը՝ տարերային, 4580-ը՝ սոցիալ-կենսաբանական բնույթի: Արտակարգ դեպքերի և պատահարների հետևանքով զոհվել է 354, տուժել՝ 9232 մարդ: Զոհերի մեծ մասը՝ շուրջ 75 տոկոսը (266 մարդ), ինչպես և նախորդ տարիներին, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանք են:

2016թ.-ին հանրապետությունում նվազել է հրդեհների և ՃՏՊ-ների թիվը: 2015թ.-ի համեմատությամբ՝ հրդեհները նվազել են 2000-ով, ՃՏՊ-ի հետևանքով զոհերի թիվը՝ 88-ով: 2016թ.-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից սպասարկվել են ոչ միայն արտակարգ դեպքերին և պատահարներին վերաբերող, այլև սոցիալ-կենցաղային և այլ բնույթի կանչերը, իրականացվել է 20.000-ից ավելի ելք, հաջողվել է փրկել 228 մարդու կյանք՝ 16-ով ավել, քան նախորդ տարի:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) պետ Հովհաննես Խանգելդյանը մտահոգիչ է համարում կեղծ զանգերի ավելացումը:«500-ից ավելի կեղծ զանգ է գրանցվել: Պատճառները տարբեր են, սակայն հաճախ մարդիկ, չունենալով անհրաժեշտ և բավարար տեղեկություն, նախնական արտաքին նշաններ տեսնելուց հետո մեզ կանչ են տալիս, ինչը բերում է փրկարար ուժերի ավելորդ վատնման: Իհարկե, մենք արձագանքում ենք բոլոր զանգերին, բայց այդ միջոցներն ու ուժերը կարելի է ավելի արդյունավետ ծախսել»,- նշում է Հովհաննես Խանգելդյանը՝ քաղաքացիներին հորդորելով 911 ծառայությանը դիմել միայն իրական անհրաժեշտության դեպքում:

2016թ.-ին աճել են գազի արտահոսքով պայմանավորված արտակարգ դեպքերը. հանրապետությունում գրանցվել է 474 դեպք. հրդեհներ՝ 154, պայթյուններ՝ 8, թունավորումներ՝ 312, այդ թվում՝ 279-ը շմոլ գազից: Զոհվել է 5, տուժել՝ 684 մարդ:  Ընդհանուր առմամբ, 911 ծառայությունում 2016թ.-ին արձանագրվել է 2.1մլն զանգ, ինչը 1 մլն-ով ավել է 2015թ.-ի ցուցանիշից: Բարեբախտաբար, զանգերի մեծ մասը եղել են տեղեկատվության ձեռքբերման՝ ճանապարհների անցանելիության ճշտման, եղանակային պայմանների հետ կապված:

Մոտ 10.000 զանգ սպասարկվել է 911 ծառայության հոգեբանների և բժիշկների կողմից: «Հոգեբանական խորհրդատվության տրամադրման ծառայությունը սկսեց կանոնավոր գործել 2015թ.-ից: 2016թ.-ին մեր հոգեբանների աշխատանքի շնորհիվ կանխվեցին բազմաթիվ ինքնասպանության փորձեր: Եղել են դեպքեր, երբ ծնողների խնդրանքով այցելել ենք  նրանց բնակարաններ, հոգեբանական աջակցություն ցուցաբերել ինչպես առանձին քաղաքացիների, այնպես էլ նրանց երեխաներին»,- նշում է ՃԿԱԿ պետը: 2016թ.-ին ՀՀ քաղաքացիները 911 ծառայությանն են դիմել նաև իրենց կատուներին, շներին փրկելու խնդրանքով: Գրանցվել է նմանատիպ մոտ 200.000 ահազանգ: Ոչ մի կենդանի առանց աջակցության չի մնացել:

 

Տաթևիկ Սարգսյան

Լուսանկարը՝ armstar.am

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register