«ՀԱՑ Ու ԿԱՑ». ՓԱՌԱՏՈՆ ՈւՐՑԱՁՈՐՈւՄ

Ամառը լավագույն ժամանակն է շոգերից հեռու հանգստանալու համար: Ավանդույթի համաձայն՝ «Ճամփորդը» ներկայացնում է ամենահետաքրքիր իրադարձությունները՝ ձեր հանգիստն անմոռանալի ու հաճելի անցկացնելու համար:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և Օրգանական հողագործության հիմնադրամը (FOF) հուլիսի 14-15-ին հրավիրում են «Հաց ու կաց» գյուղական զբոսաշրջության փառատոնին։ Փառատոնը տեղի կունենա հուլիսին Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում։
Փառատոնի ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան մասնակցելու լավաշի պատրաստման ու օղու թորման գործընթացին, ձիավարել, այցելել գյուղացիների տներ ու թարմացնել մանկության հիշողությունները, խաղալ գյուղի երեխաների հետ, մասնակցել կավագործության և խաչքարագործության աշխատարանների:
Կլինի գյուղմթերքի տոնավաճառ, որի ընթացքում հնարավորություն կունենաք գնել գյուղական մթերք՝ հենց արտադրողից:
Ֆուտբոլասերները ևս տխրելու առիթ չեն ունենա: Ժամը 18։00-ից կարող եք բացօթյա պայմաններում վայելել Ֆուտբոլի ԱԱ 2018 երրորդ տեղի խաղը: Ֆուտբոլին կհաջորդի փառատոնի մշակութային մասը: Adana Project-ը հյուրերին խոստանում է բարձր տրամադրություն: Այնուհետ մասնակիցները կտեղավորվեն վրաններում. գիշերակացը հենց այնտեղ է նախատեսվում: 23.00-24.00-ն հրավիրված դիջեյը կապահովի պարային տրամադրություն:
Փառատոնի մուտքն անվճար է։ Գործելու է Երևան-Ուրցաձոր-Երևան անվճար երթուղի։ Գիշերակացը նախատեսվում է սարերում՝ վրանների տակ։
Փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ:
Այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով փառատոնի ֆեյսբուքյան էջ կամ զանգահարել՝ 077 38 20 88, 077 00 94 60:
Փառատոնի բացմանը ներկա կգտնվեն Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Ուրցաձոր գյուղը գտնվում է Արարատի մարզում։ Տարածքը հայտնի է իր կենսաբազմազանությամբ։ Գյուղից 7 կմ հեռավորության վրա գտնվում է Խոսրովի անտառ պետական արգելոցը և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR), որը մասնավոր կառավարվող բնապահպանական միակ տարածքն է Հարավային Կովկասում։
Տաթևիկ Սարգսյան