ԳՎԱՐԴԻՈԼԱՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ԼԻԳԱՆ

5

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի պրեմիեր լիգայում հանդես եկող ակումբների համար ամենաիսկսկան «բնական աղետ» է դարձել: Այս խաղաշրջանում հենց նրա «ջանքերի» շնորհիվ է ԱՊԼ-ն անխուսափելիորեն զրկվելու «աշխարհի լավագույն առաջնություն» կասկածելի պիտակից. վերջին տասնամյակում ձևավորված համոզմունքի համաձայն՝ ԱՊԼ-ն այնքան զորեղ առաջնություն է, որտեղ ոչ մի թիմի այդպես էլ չի հաջողվել հսկայական առավելության հասնել, ինչպես այս տարի՝ «Մանչեսթեր Սիթիին»:

Դեկտեմբերի 16-ին «Սիթին» առաջնությունում 16-րդ անընդմեջ հաղթանակը տարավ` 4:1 հաշվով ջախջախելով նախորդ մրցաշրջանի արծաթե մեդալակրին`«Տոտենհեմին»: Անցկացրած 18 խաղից` «Սիթին» տարել է 17 հաղթանակ և ունեցել մեկ ոչ-ոքի: Ինչպես ասում են`չեմպիոնական ցուցանիշ: Պեպ Գվարդիոլայի թիմը գրավիչ, ագրեսիվ, մրցակցին շունչ չտվող խաղով է հաղթում: Այս թիմին չես տեսնի խոր պաշտպանություն նահանջած, նա ամենևին նման չէ՝ պատյանի տակ պատսպարվող կրիայի: Ընդհակառակը, «Սիթին» գիշատչի բնազդով «սպանում» է մրցակիցներին: Նախորդ մրցաշրջանում « Մանչեսթեր Սիթին» անմասն մնաց տիտղոսներից, միակ ձեռքբերումը զբաղեցրած երրորդ հորիզոնականն էր` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վաստակած ուղեգրով: Գվարդիոլան անձնական հակառեկորդ սահմանեց`մրցաշրջանում չնվաճելով գեթ մեկ տիտղոս:Մինչդեռ այս տարի «Սիթին» լիովին այլ տրամադրվածություն է դրսևորում: «Տոտենհեմի», «Լիվերպուլի» և այլ ակումբների մարզիչները խոստովանում են, որ չեմպիոնական պայքարն ավարտված է, իսկ «Սիթին» այս պահին՝ Անգլիայի լավագույն ակումբն է: Նախորդ մրցաշրջանից հետո շատերն էին կասկածի տակ առնում Գվարդիոլայի` Անգլիայում հաջողության հասնելու կարողությունը:

Քննադատները հիշեցնում էին Պեպի նախորդ ակումբների հաղթաթղթերը. «Բարսելոնայում» նա ուներ կատարյալ կազմ(Պույոլ, Չավի, Ինյեստա, Մեսսի և ընկերներ), իսկ «Բավարիան» Գերմանիայում դիտարկվում է մրցակցությունից դուրս: Անգլիայում ոչ թե երկու, այլ միանգամից 6 ակումբ է պայքարում չեմպիոնական տիտղոսի և չեմպիոնների լիգայի ուղեգրի համար, իսկ ցանկացած միջակ ակումբ մեծ հավանականությամբ միավոր կարող է խլել գրանդից: Այս մրցաշրջանում, սակայն, «Սիթին» սայթաքել է միայն երկրորդ տուրում`«Էվերթոնի»(1:1) հետ խաղում, որից հետո հաղթել է բոլորին: Անգլիայի առաջնության 18 տուրից հետո «Սիթին» վաստակած 52 միավոր ունի և երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից» առաջ է անցել 11 միավորով: Խփել է 56 գոլ(լավագույն արդյունք), բաց թողել`12-ը(լավագույն արդյունք): Թիմի կազմում փայլում են բոլորը. եզրերում Լերոյ Սանեն և Ռահիմ Ստերլինգը կայծակնային ներխուժումներ են կատարում մրցակցի տուգանային հրապարակ, կենտրոնական հարձակվողի դիրքում արդեն լեգենդար Կուն Ագուերոն է և գերտաղանդավոր 20-ամյա Գաբրիել Ժեզուսը: Նրանց գնդակներով մատակարարում են Դավիդ Սիլվան, Ֆերնանդինյոն և Քեվին Դե Բրույնեն: Վերջինս միանշանակ թիմի և Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստն է, նա ասես ֆուտբոլային կախարդ լինի: Պաշտպանությունում թեև վնասվածքները շատ են, բայց մինչ այժմ խաղը շատ ամուր է: «Սիթին» նաև հրաշալի ֆուտբոլիստներով համալրված պահեստայինների «երկար» նստարան ունի:

Մյուս կողմից հարկ է նկատել, որ այս բարձրակարգ խաղացողներից և ոչ մեկը «Սիթիի» ֆուտբոլային ակադեմիայի սաներ չեն, նրանց տրանսֆերները ձեռք են բերվել աստղաբաշխական գումարների դիմաց: Ինչպես նշում է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը` «Մանչեսթեր Սիթին» ունի բենզին և մտքեր, իսկ «Արսենալն» ունի մտքեր, բայց չունի բենզին»: Ֆրանսիացի մասնագետն ակնարկում է «Սիթիի» արաբ սեփականատերերի անծայրածիր ֆինանսական միջոցները: Հենց այս պատճառով էլ «Սիթիին» շատերը չեն սիրում, անվանում են «փողի պարկ» և արհեստական աճած, մեծ պատմություն չունեցող գրանդ ակումբ: Փաստն այն է, սակայն, որ այս մրցաշրջանում թիմը պարզապես փայլում է, մարդիկ դիտում են «Սիթիի» խաղը` ֆուտբոլից հաճույք ստանալու համար: Անգլիայի չեմպիոնի տիտղոսը գրեթե նվաճած է, թիմն ունի իրական հնարավորություն` հաղթելու բոլոր մրցաշարերում՝ Չեմպիոնների լիգայում, Անգլիայի գավաթի և Լիգայի գավաթի խաղարկություններում:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register