ԳՈՒԳԱՍ  ԷՐԹԱՆՔ

5

Ավտոմեքենա գնելը երբեմն հեշտ է, պահելն է դժվար: Վառելիքի և տեխսպասարկման, ժամանակ առ ժամանակ ծանուցվող տուգանքների համար վճարվող գումարները ճեղքում են ընտանեկան բյուջեն ու «պայթյունավտանգ» իրավիճակ  ստեղծում տանը: Իսկ ինչո՞ւ չփորձել գումար վաստակել նույն այդ  մեքենայով՝ չդառնալով տաքսիստ, հը՞…  Կամ ինչո՞ւ չփորձել նույն մեքենան պարզապես «կիսել»  նույն ճանապարհն  անցնել պատրաստվող ծանոթ-անծանոթների հետ: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս: Մինչ այժմ ճանապարհածախսը կիսելու վստահելիորեն գոնե մեկ եղանակ կա՝ ավտոմեքենաները կանգնում են ավտոկայանից մի փոքր հեռու ու իրերով մարդկանց հարցնում. «Կարո՞ղ է Երևան (Գյումրի, Դիլիջան, Վանաձոր…) եք գնում, եկեք՝ ես երթուղայինի գնով կտանեմ»: Իսկ համընթաց շարժվողները հայտնի են «ավտոստոպի» մշակույթով, երբ ճանապարհին վարորդը մեքենան  «կիսելով» անծանոթների միջև՝ նրանց տեղ է հասցնում գրեթե անվճար: Այժմ այս ամենը նաև հնարավոր է կազմակերպել խելացի հեռախոսների (smartphone) հավելվածների (application) միջոցով: «Gugas»(gugas.am) հավելվածը ստեղծվել է հենց Հայաստանում երթևեկողների համար: Հետաքրքիր և հեղափոխական մեծ հավակնություններ ունեցող նախագիծ է: Հեղինակները Հայաստանում Ամերիկյան համալսարանի ուսանողներ, երիտասարդ ծրագրավորողներ՝ Կարլեն Մանասերյանը, Հայկազ Բագրատյանը և Ալբերտ Համբարձումյանն են: Վերջինս արտերկրում ուսումը շարունակելու պատճառով այժմ թիմի աշխատանքներին չի մասնակցում, փոխարենը թիմը համալրել է Արփի Ջանյանը: «Ճամփորդը» զրուցել է Կարլենի և Հայկազի հետ, որոնք էլ պատմել են, թե ինչպես է աշխատում հավելվածը:

«Մտահղացումը ծնվել է դեռ 2013 թվականին, երբ ընթանում էին հասարակական տրանսպորտի ուղևարձի բարձրացման դեմ բողոքի ակցիաները:  Նպատակն էր ստեղծել հարթակ, որտեղ ուղևորները և վարորդները իրար հետ կկարողանան պայմանավորվել, կիսել  ճանապարհածախսը կամ պարզապես անվճար համընթաց երթևեկել: Իսկ «Gugas» հավելվածի աշխատանքները սկսել ենք 1.5 տարի առաջ, գործարկել ենք 2016 թվականի մայիսի 3-ին: Անվանումը ծագել է «գնալ» բայի արևմտահայերեն տարբերակից, ասել է թե՝ «գուգաս, էրթանք»:

Ունենք երկու հավելված՝ ուղևորների համար սովորական «Gugas» աշխատածրագիրը և վարորդների համար՝ «Gugas Driver»-ը: Վարորդները նշում են ճանապարհի սկզբնակետը, նպատակակետը, մեկնելու օրը և ժամը, ազատ տեղերի քանակը, սպասվող կանգառների թիվը և վայրերը, ուղևարձի չափը մեկ անձի համար կամ դրա բացակայությունը: Վարորդը կարող է մեկնաբանության բաժնում նշել  նաև հավելյալ կետեր, օրինակ՝ որ մեքենայում ծխել կամ ուտել չի կարելի կամ հակառակը: Եթե ուղևորին բավարարում են բոլոր կետերը, նա միանում է ճանապարհորդությանը: «Carpoll»(մեքենան այլ ուղևորների հետ կիսող,-խմբ.) անող վարորդներից կամ ուղևորներից մենք որևէ միջնորդավճար չենք վերցնում, այն եղել է և միշտ կմնա անվճար: «Gugas»-ի հիմնական նպատակը՝  ճանապարհածախսը կիսելու մշակույթի  ձևավորումն է Հայաստանում: Ուղևորներին անվճար տեղափոխող վարորդներն էլ կունենան նոր ընկերներ, սա ծանոթներ ձեռք բերելու կամ պարզապես ճանապարհին զրուցակից ունենալու հրաշալի հնարավորություն է»:Կարլենը և Հայկազը նշում են, որ իրենք ստեղծել են հարթակ և որպես միջնորդ են հանդիսանում: Նրանք պատասխանատվություն չեն կրում մարդկանց անվտանգության համար,

սակայն որպես ծրագրավորողներ փորձել են հարթակը հնարավորինս դյուրընկալելի դարձնել վարորդի կամ ուղևորների տվյալներին նախապես ծանոթանալ ցանկացողների համար: Հավելվածից օգտվելու, գրանցվելու համար անհրաժեշտ է լինել «Facebook» սոցիալական ցանցի օգտատեր, ինչի շնորհիվ մասնակիցները կկարողանան տեսնել վարորդի նկարը, անուն ազգանունը և մնացած տեղեկատվությունը, որ պարունակում է սոցիալական ցանցի «account»-ը(հաշիվը): Ընդ որում, կա համատեղ ճանապարհորդությունը կազմակերպելու մեկ այլ հնարավորություն ևս: Դա կատարվում է առանց հավելվածը ներբեռնելու, կամ  պարզապես՝ «Facebook»-ում «Gugas»-ի էջին («facebook.com/gugasapp») նամակ գրելու միջոցով: Այս դեպքում նամակին կպատասանի «bot»-ը (թարգմանաբար՝ ռոբոտ,- խմբ.)՝ հնարավորություն տալով փնտրել ուղի կամ առաջարկել ուղի, ինչպես նաև պատվիրել տաքսի: Վերջին հնարավորության մասին ծրագրավորողները պատմում են, որ փորձարկման փուլում է և դեռ մեծ թափով չի աշխատում:

«Gugas Driver» հավելվածում հնարավորություն կա դառնալու տաքսու վարորդ, եթե «carpoll»-ի բավականաչափ փորձ ունես: Տաքսու վարորդի մեքենայի տեղաշարժը տեսնում է հավելվածն օգտագործողը, հենց նա էլ պատվիրում է տաքսի: Վերջինս ամեն մի պատվերի համար մեզ 100 դրամ միջնորդավճար է տալիս: Թե՛ «carpolling»-ի, թե՛ տաքսու վարորդների համար գործելու է գնահատման համակարգ, որով էլ հնարավոր կլինի կողմնորոշվել:Տղաները հույս ունեն, որ ուսումնական տարվա մեկնարկից հետո «Gugas»-ից օգտվողները կշատանան և Հայաստանում էլ համապատասխան մշակույթ կձևավորվի: Հատկապես ուսանողները կարող են հավելվածի միջոցով գտնել միմյանց և կիսել մեքենան, ճանապարհածախսը՝ թե՛ քաղաքային, թե՛ միջքաղաքային ուղիներով երթևեկելիս: Ներկա պահին կա ավելի քան 1000 գրանցված օգտատեր, որոնցից մոտ 250-ը վարորդ են: Կա առաջարկված 60 անվճար ուղի: Ամռան ընթացքում ամենատարածվածները եղել են՝ Երևանից՝ Սևան, Գյումրի, Բյուրական և Թբիլիսի միջքաղաքային ուղիները: «Gugas» հավելվածում առկա է հետաքրքիր մեկ այլ կետ ևս: «Carpolling»-ը տեղի է ունենում «Facebook»-ի միջոցառումների(event) վրա հիմնված : Այսինքն, եթե «Gugas»-ում գրանցված վարորդը որևէ միջոցամամբ է հետաքրքրված կամ պատրաստվում է գնալ, այդ տեղեկությունը տեսնում են հավելվածում գրանցված ուղևորները: Այս եղանակով, հատկապես շրջաններում տեղի ունեցող միջոցառումներին մեքենայի վարորդը կարող է ուղևորվել այլ մարդկանց հետ: Կարլենը և Հայկազը ևս մեկ ուշագրավ հնարավորություն են ցանկանում ավելացնել հավելվածում՝ «MotoPooling», այսինքն նույնը մոտոցիկլավարների համար: Այժմ դեռ ձևավորման փուլում գտնվող այս ենթանախագծի համար նրանք հավաքագրում են մոտոցիլկավարների:

 

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register