ԳՐՔԻ ՎԵՐԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

book

«ԱՌԱՆՑ ՃՈԽ ՍՆՆԴԻ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՊՐԵԼ,ԱՌԱՆՑ ԳՐՔԻ՝ ԵՐԲԵՔ…»

«Արեգ» հրատարակչությունը հիմնադրվել է 1993թ-ին, երբ հետխորհրդային Հայաստանում հայ մարդն ամենօրյա պայքար էր մղում ցրտի, մթի ու սովի դեմ… Ստեղծվել է այն տարիներին, երբ օրախնդիրը հաց վաստակելն էր, սահմանն անառիկ պահելն ու երկրաշարժի աղետը հաղթահարելը: Այս օրերին է «Արևիկ» հրատարակչության նախկին տնօրեն ՍամվելԳասպարյանը որոշում մասնավոր հրատարակչություն հիմնել: Հենց նույն տարում իրավաբանական բրոշյուրներ տպագրելու պատվեր է ստանում: Սամվել Գասպարյանի հետ զրույցը՝ Հայաստանում գրքի բիզնեսի, ամենավաճառվող գրքերի ու հայ ընթերցողի մասին է:

 90-ականներին Հայաստանում միայն մի տպարան էր 24 ժամ աշխատում: Նախագահի նստավայրի առաջին հարկում էր գործում (հիմա տեղափոխվել է՝ հեղ.), օրական 2 ժամ էին լույս տալիս: Առաջին պատվերները հենց այդ տպարանում իրականացրինք: Այդ օրերին գիրք ո՞վ էր առնում: Գիրքը վառում էին, որ տաքանան:

Այդ ժամանակ միայն մեկ նպատակով էինք գիրք հրատարակում, որպեսզի հետո եթե մեկը հետաքրքրվեր գրահրատարակչական գործով, չմտածեր որ այդ շրջանը դատարկ է եղել: Ներկա պահին Հայաստանում գործող հզոր հրատարակչություններ կան: Նրանք հզորացել են միայն դասագրքերի հրատարակման հաշվին: Դասագիրքը երաշխավորված վաճառք է՝ մեծ տպաքանակներով, Համաշխարհային բանկը ֆինանսավորում է 98թ-ից… Շահողը շահեց այդ մրցույթները. գիտեք, Հայաստանում ոնց են շահում: Այդ պատճառով էլ մեր դասագրքերը շատ վատ վիճակում են:

Հրատարակչությունը ես նմանացնում եմ աստղագիտությանը: Աստղագիտությունը հենվում է մաթեմատիկայի, ֆիզիկայի և փիլիսոփայության վրա, իսկ հրատարակչությունը՝ պոլիգրաֆիայի, գրքի առևտրի և հրատարակչական գործի իմացության: Եթե դու չիմանաս, որ թուղթը թարս դրեցիր, այն ջարդվելու է: Եթե չիմանաս որ այս կամ այն գույնը լավ չի տպագրվելու, չես կարող լավ գիրք տպագրել: Հրատարակիչը պետք է լեզուներ, գրականություն, արվեստ իմանա, ճաշակ ունենա, այլապես ցանկացած անճաշակություն կարող են բերել և տպագրել:Բառարաններ, հանրագիտարաններ, թարգմանական գրականություն…Առաջին հայ-անգլերեն բառարանը «Արեգ»-ում է տպագրվել: Սովետական միության տարիներին բոլոր ժողովուրդներն ունեցել են նման բառարան, իսկ մենք՝ ոչ: Հայ-անգլերեն բառարանից հետո սկսեցինք նաև այլ լեզուներով՝ ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, ռուսերեն, բառարաններ տպագրել, շատ լավ էին վաճառվում մինչև այն պահը, երբ օնլայն բառարանները սկսեցին տարածում գտնել:

girq

Շառլ Ազնավուրից 4-5 գիրք միայն ես եմ թարգմանել ու տպագրել: Հպարտանում եմ դրանցով: Քրիստոնեությանը, շախմատին և այլ թեմաների վերաբերող  հանրագիտական հրատարակություններ ունենք, որոնք արտասահմանում ևս մեծ պահանջարկ են վայելում: Դպրոցական տարիներին շախմատով էի հետաքրքրված: Մի օր էլ մտածեցի որքան էլ  դժվար լինի՝ շախմատի հանրագիտարան տպագրել: «Հայաստանի հրաշալիքները» գիրքը մոտ 10 տարի է՝ վաճառում ենք: Մեր գրքերը շատ լավ են վաճառվում, երբ շատ զբոսաշրջիկ է գալիս մեր երկիր: Վերջին տարիներին մարդիկ սկսել են շատ կարդալ:1990-ականներից մինչև 2007-2008թթ. մարդիկ չէին կարդում, բայց հիմա սկսել են շատ կարդալ: Երևի սերունդը փոխվեց: Հրատարակչությունները սկսեցին հետաքրքրվել,  թե ընթերցողներին ինչն է հետաքրքրում: Պետությունը սկսեց խառնվել գործին, ֆինանսավորել հրատարակչություններին, շատ գիրք սկսեց տպագրվել…

Այն ժամանակ ընթերցողին միայն հետաքրքրում էր, որ գիրքն էժան լինի, բայց հիմա որակն էլ է հետաքրքրում. հիմա գիրքը պետք է գրագետ և գեղեցիկ լինի: Մեր հրատարակիչները վերջապես հասկացան, որ սրբագրիչի գործը շատ կարևոր է, որովհետև մարդիկ չեն ուզում սխալներով գրքեր կարդալ: Հիմա շատ լավ վաճառվում է մանկական գրականությունը, որոշ չափով՝ նաև արտասահմանյան գեղարվեստական գրականությունն ու բառարանները: Առաջիկայում  մտածում ենք գիտահանրամատչելի գրքեր հրատարակելու  մասին, որովհետև դրա պահանջարկը ևս կա:Ինչ պետք է կարդա յուրաքանչյուր ընթերցո՞ղ: Դասական գրականությունն ամեն ինչի հիմքն է՝ լինի ռուսական, համաշխարհային, թե հայ՝ Դոստոևսկի, Բալզակ, Շեքսպիր, Շիլլեր, Եսենին… Առանց ճոխ սննդի, թանկ հագուստի, հարմարավետ պայմանների ես կարող եմ ապրել, բայց առանց գրքի՝ երբեք»:

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register