ԳՐՔԵՐԸ ԼՍԵՔ ՀԱՅԵՐԵՆՈՎ

9

Ամենաուշագրավ նախագծերը Հայաստանում, որպես կանոն, ստեղծվում ու կյանքի են կոչվում խանդավառ մարդկանց, նվիրյալների անշահախնդիր ու հետևողական աշխատանքի շնորհիվ: Նման ձեռնարկներից է «Գրքասեր» հասարակական կազմակերպության «grqaser.org» նախագիծը: Հայերեն գրքերի էլեկտրոնային և աուդիո տարբերակները կայքում հասանելի են անվճար: Հասարակական կազմակերպության կազմում ընդգրկված կամավորներին մտահոգողը՝ հայոց լեզվի պահպանման ու հայերենով գրականության տարածման խնդիրներն են։ «Գրքասերում» կարելի է գտնել ամենատարբեր ժանրերի ու ճաշակի էլեկտրոնային գրքեր և աուդիոգրքեր. Նար-Դոս, Ջորջ Օրուել, Վիլյամ Սարոյան, Ակուտագավա Ռյունոսկե, Չարլզ Դիքենս… 2015 թվականի վերջնամասից գործուներությունը սկսած «Գրքասեր» ՀԿ-ն՝ մեկ ու կես տարվա աշխատանքից հետո ստեղծվել է Հայաստանի ամենամեծ՝ 200-ից ավել գիրք ունեցող աուդիոդարանը: Իրականացված աշխատանքի և առաջիկա ծրագրերի մասին է «Ճամփորդի» զրույցը՝ ՀԿ-ի ղեկավար Տիգրան Ազիզբեկյանի և աուդիոգրքերի պատրաստման աշխատանքը համակարգող Գոռ Հակոբյանի հետ:

Աուդիոգրքերի արդյունավետությունը

Գերծանրաբեռնված առօրյայի, ազատ ժամանակի սակավության պայմաններում մարդիկ հաճախ հարկադրված են լինում մի քանի գործողություն միաժամանակ անել: Եթե գիրք կարդալու ժամանակ չունեք, այն կարող եք լսել՝ տրանսպորտում, ավտոմեքենայի ղեկին, քայլելիս, ճաշ պատրաստելիս, աչքերին հանգիստ տալու ժամերին, լողավազանում՝ հատուկ ականջակալներով: Նախագծի հեղինակները հույս ունեն, որ լեզվի պահպանման առումով աուդիոգրքերը ևս մեծ նշանակություն կարող են ունենալ արտերկրում ապրող հայերի և տեսողության խնդիրներ ունեցողների համար:

Սկզբունքային մոտեցում

«Գրքասեր» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Ազիզբեկյանը նշում է, որ կայքում ամեն ինչ անվճար է և սկզբունքորեն մնալու է անվճար: Հրատարակչական գործին չվնասելու համար ձայնագրվում են գլխավորապես մինչ 1991 թվականը թարգմանված, հրատարակված գրքերը: Երկու դեպքում միայն, անկախության շրջանում հրատարակված գրքերը ձայնագրվել են` համապատասխան համաձայնությամբ. Սոնա Քյուրքչյանի կողմից թարգմանած և հրատարակած Ջեբրան Խալիլ Ջեբրանի «Մարգարեն» և Լևոն Խեչոյանի «Հողի դողը», «Փոխանակություն» և «Երրորդ որդին» պատմվածքները: Լևոն Խեչոյանի դեպքում գրողի որդին` Վանիկ Խեչոյանն է ձայնագրման թույլտվություն տվել:

Կարդում են հայտնիները

«Գրքասերի» հետ անվճար համագործակցում են հանածանոթ մարդիկ: Նախագիծը հանրամատչելի դարձնելու գործում օժանդակություն ցուցաբերելու նկատառումներով տարբեր գրքեր, փոքր պատմվածքներ են կարդացել Անահիտ Կիրակոսյանը, Դավիթ Թորոսյանը, Արսեն Գրիգորյանը, Կարո Բալյանը, Նարեկ Բավեյանը, Ռաֆայել Երանոսյանը, Վահագն Գրիգորյանը, Էլֆիք Զոհրաբյանը, Սերգուշ Բաբայանը:

Աուդիոգրքեր արևմտահայերենով

Կայքում առկա են արևմտահայերենով պատմվածքների ձայնագրություններ: Հակոբ Պարոնյանի, Երվանդ Օտյանի և Արշակ Չոբանյանի պատմվածքները կարդում է Սևան Քէլէշեանը: Այս բաժինը ստեղծվել է հենց նրա նախաձեռնությամբ:

Թարգմանում և կարդում են երեխաները

«Գրքասերն» իրականացնում է մեկ այլ հետաքրիքր նախագիծ ևս: 11 և բարձր տարիքի Երեխաներն ընտրելով մուլտֆիլմ, այն թարգմանում են ինքնուրույն: Տանը ձևավորվում է աշխատանքային փոքր խումբ: Ծնողները ստուգում, խմբագրում են մուլտֆիլմի թարգմանությունը,որից հետո արդեն երեխաները ձայնագրվում են ստուդիայում: Այդ կերպ էլ մուլտֆիլմերը «վերափոխվում» են հայերենի:

Աուդիոգիրք բարբառով

Հետաքրքիր է նաև կայքում զետեղված Արմեն Սարգսյանի «Արցախի բանահյուսությունը» ՝ Ղարաբաղի բարբառով գրված հեքիաթների յուրօրինակ հավաքածուն: Այն կարդում է ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը: Նախագծի վրա աշխատել են Տիգրան Ազիզբեկյանը, Գոռ Հակոբյանը, Գոռ Հարությունյանը, Միքայել Մարգարյանը: 20-ից ավել մարդ կարդացել, ձայնագրվել և ներդրում է ունեցել աուդիոդարանի ստեղծման գործում:
Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register