ԳՐՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈւՄԸ՝ ՆՈՐ ՀԱՐԹԱԿԻ ԱՆԿՅՈւՆԱՔԱՐ

4

«1dram. com» կայքը գործարկվել է հոկտեմբերի վերջից: Առաջին հայացքից`այն գրքերի փոխանակման (և վաճառքի) համար ստեղծված հարթակ է: Սակայն նախաձեռնության հեղինակներից մեկի` Նարեկ Այվազյանի հետ զրույցից պարզվեց, որ «1dram»-ը՝ Հայաստանում սկսնակ, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը նպաստելու մեծ հավակնություններ ունի:

Կայքում գրանցվելուց հետո հնարավոր է ձեզ հետաքրքրող գրքի փոխանակությամբ կամ վաճառքով զբաղվել: Եթե պատրաստվում եք փոխանակել, ապա անհրաժեշտ է կայքում նախ գիրք ավելացնել: Տեղադրել ձեր գրքի 1-ից 4 լուսանկար, նշել հեղինակին, վերնագիրը, կատեգորիան, լեզուն, գրքի վիճակը (գերազանց,լավ, միջին, վատ): Սրանք պարտադիր պայմաններն են, կան նաև կետեր, որոնք կարող եք լրացնել ըստ ձեր ցանկության` հրատարակության տարեթիվ, հրատարակչության անվանում, էջերի քանակ, փոխանակման նախընտրություն, գին , չափեր, քաշ… Կարող եք լրացնել «նկարագրությունը» և նշել «բանալի բառեր», որոնց շնորհիվ ավելի հեշտ կգտնեն ձեր տեղադրած գիրքը: Այս ամենից հետո կայքում առկա ձեզ հետաքրքրող գրքի էջում կարող եք փոխանակման համար առաջարկել ձեր տեղադրած գիրքը:

Եթե ձեր «ինվեստիցիան» չհետաքրքրի մյուս կողմին, ի վերջո կարող եք նշել այն գինը, որը պատրաստ եք վճարել տվյալ գրքի համար: «Ցանկացել ենք ստեղծել մի նոր պրոդուկտ Հայաստանի համար, որը կնպաստի փոքր և միջին ձեռներեցների, ինչպես նաև սկսնակ բիզնեսների զարգացմանը: Պատկերացրել ենք, որ կարող ենք մեր մտադրությունն իրականացնել օնլայն տիրույթում` ստեղծելով պատասխանատվության, ազատ, բաց հարթակ, որտեղից կկարողանան օգտվել թե՛ վաճառողները, թե՛ գնորդները: Նախքան այդ նաև որոշել ենք ստեղծել փոխանակման հնարավորություն. չէ՞ որ առևտուրը հենց բարտերի էվոլուցիայի ենթարկված տեսակն է: Սկսել ենք բարտերի յուրահատուկ ձևից` գրքերի փոխանակումից: Ինչո՞ւ: Քանի որ մտածում ենք` միտքը հենց գրքերի մեջ է: Գրքով մարդկանց գիտելիք փոխանցելը ամենալավ, լուսավոր  միջոցներից մեկն է: Ինքներս ցանկանում ենք անվճար և արագ գտնել ու ձեռք բերել գրքեր, որոնք չունենք: «1dram.com»-ի շնորհիվ բոլորը կարող են կիսվել գրքերով և չօգտագործվող կամ արդեն կարդացված գրքերը փոխանակել այլ մարդկանց հետ, ովքեր ունեն դրանց կարիքը։ Անկախ ամեն ինչից, գրքերի փոխանակումն իր ուրույն տեղն է զբաղեցնելու  մեր գործունեության ընթացքում, որովհետև ցանկանում ենք օժանդակել թե՛ հայ ժամանակակից գրականության զարգացմանը, թե՛ ժամանակակից  գրողի հանրաճանաչությանը, թե՛ ընդհանրապես գրքի և հատկապես ժամանակակից գրականության տարածմանը», – մեզ հետ զրույցում նշեց Նարեկ Այվազյանը:

«1dram»-ի թիմը պատրաստվում է պարբերաբար  ժամանակակից գրողների ու ընթերցողների հանդիպումներ կազմակերպել: Ընդ որում` հանդիպումները փորձելու են կազմակերպել նաև Երևանից դուրս: Օրինակ առաջիկայում` նոյեմբերի 18-ին, նմանատիպ  միջոցառում է  տեղի ունենալու Սևան քաղաքում` «Բոհեմ արվեստանոց-թեյարանում»: Ժամանակակից գրողներից  հանդիպմանը մասնակցելու են  Արմեն Սարգսյանը, Արամ Թարվերդյանը, Անի Ամսեյանը և Նորայր Սարգսյանը:  Նախագիծն ունենալու է նաև սոցիալական բաղադրիչ: Մեկական դրամներ կհավաքագրվեն կայքի առևտրային բաժինը գործարկելուց հետո՝ յուրաքանչյուր միավոր ապրանքի դիմաց՝ 1 դրամ սկզբունքով, որոնց հավաքագրումից հետո ձևավորված բյուջեն կուղղվի սոցիալական ծրագրերի։ Ենթադրաբար հավաքված գումարը կա՛մ տրամադրվելու է կարիքավոր մարդկանց, կա՛մ նրանց համար գումար վաստակելու պայմաններ ու միջոցներ ստեղծելուն:

«Մենք պատասխանատվություն ենք կրում ոչ միայն այն մարդկանց համար, որոնք օգտվում են մեր հարթակից, այլև` ընդհանրապես հասարակության համար: Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ խնդիրներ կան մեր հասարակության ներսում և փորձելու ենք մեր լուման ներդնել դրանց լուծման համար: Ամեն դրամը համարում ենք պատասխանատվություն մեզ համար: Կարծում ենք, որ ժամանակակից բիզնեսում պատասխանատվության զգացումը բարձր մակարդակի վրա չէ: Մեր երազանքն է, որ «1dram»-ը ամենաընդգրկուն հարթակը դառնա Հայաստանում ու այնպիսի ծառայություններ մատուցի, որոնք նախկինում չեն մատուցվել: Երբ մեր ուզածին հասնենք, փորձելու ենք հնարավորություն տալ ՀՀ-ում իրենց կենսական շահերը բավարարող կազմակերպություններին նաև դուրս գալ Հայաստանի սահմաններից, իրենց առևտուրն իրականացնել»,- խոստովանեց Նարեկ Այվազյանը:

Հ. Գ. Այս պահին կայքում առկա է մոտ 100 գիրք, դրանց թիվն օրեցօր աճում է: Ծանոթանալով ցանկին պարզեցի, որ նրանում առկա առնվազն երկու գիրք պատրաստվում էի ձեռք բերել գրախանութներից: Ու ահա, լավ հնարավորություն է ստեղծվել Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերոնի համար»-ն ու Հրանտ Մաթևոսյանի «Երկեր»-ը ձեռք բերել փոխանակման միջոցով:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register