ԳՐՈՂԸ ՏԱՆԻ, ԱՅՈ՛ ԿԱՄ Ո՛Չ

1

Մի պահ մտածենք. ինչու՞ ես ուզում լինել ինչ-որ մեկի հետ, ով ոգևորված չէ այն մտքից, որ դու նրա հետ ես: Հարաբերություններում կա մի մոխրագույն հատված, երբ զգացմունքներն անորոշ են կամ մեկն ավելի շատ է սիրում, քան մյուսը: Հենց այս մոխրագույն տարածքն է առաջացնում իրական խնդիրներ:

Տարբեր ամսագրեր, հոդվածներ խորհուրդ են տալիս գրել այսինչ բանը, զանգել և ասել այնինչ խոսքերը, հագնել այս հագուստը: Այս պարագայում մարդն ավելի շատ վերլուծում է պահվածքը, քան ինչ-որ գործողություն անում:

Մոխրագույն հատվածում մարդիկ անում են քայլեր, որը հանգեցնում է մանիպուլյացիայի, օրինակ՝ մոռանում են ինչ-որ իր, որպեսզի դիմացինը ստիպված լինի զանգահարել: Թվում է խելացի և ոգևորող, բայց եթե արդեն իսկ մոխրագույն հատվածում ես սկսել հարաբերությունները, ապա արդեն իսկ պարտվել ես:

Եկեք մեկ անգամ էլ մտածենք. ինչու՞ պիտի ոգևորված լինել մի մարդու հետ հարաբերություններով, եթե նա ոգևորված չէ քեզ հետ լինելու փաստով: Եթե նա երջանիկ չէ քեզ հետ հիմա, ինչու՞ պիտի հետագայում դա փոխվի: Ինչու՞ ես ջանքեր գործադրում նրա հետ հանդիպելու համար, եթե նա չի գործադրում որևէ ջանք:

Ի՞նչ է այս ամենն ասում քո մասին: Որ դու պետք է համոզե՞ս մարդկանց քեզ հետ լինել: Դա նշանակում է, որ դու ինքդ չես ուզում լինել քեզ հետ: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կառնի շուն, որն իրեն անընդհատ կծում է: Ընկերություն չես անի մարդու հետ, ով անընդհատ հրում է քեզ: Չես աշխատի մի տեղ, որտեղ քեզ չեն վճարում: Ճի՞շտ է…

Կա մի հետաքրքիր կանոն՝ «Գրողը տանի, այո՛ կամ ո՛չ»:   Եթե ուզում ես նոր-նոր ինչ-որ մեկի հետ հաաբերություններ կառուցել, կապ չունի թե ինչ հարթության մեջ, նրանք պիտի ոգեշնչեն քեզ ասել «Գրողը տանի, այո՛», որպեսզի շարունակես նրանց հետ շփվել:

Ինչպես երևում է, երկու կողմերն էլ պիտի նախընտրեն ԱՅՈ տարբերակը: Ինչու՞: Որովհետև գրավիչ, էնտուզիազմով և բարձր ինքնագնահատականով մարդիկ ժամանակ չունեն վատնելու այն մարդկանց հետ, ովքեր ոգևորված չեն իրենց հետ լինելու փաստով:

Այս կանոնը տալիս է մի քանի հնարավորություն՝

1. Կապված չլինել մարդկանց հետ, ովքեր կապված չեն քեզ հետ: Վերջ բոլոր գլխացավանքներին: Վերջ երազելուն և հույսեր փայփայելուն: Վերջ հիասթափությանը և զայրույթին, որ գալու են: Սկիզբ ինքնագնահատականի բարձրացմանը: Դառնում ես մերժող, ոչ թե մերժվող:

2. Չհանդիպել մարդկանց զուտ էգոյի և ինքնագնահատականի համար: Բոլորս էլ անցել ենք այդ փուլով: Անհասկանալի հարաբերություններ ինչ-որ մեկի հետ, որովհետև այլ՝ ավելի լավ տարբերակ չկա:

3. Լուծել թույլտվության, խնդրվելու հարցերը: Եթե ինչ-որ մեկը խաղ է խաղում, որ դժվար հասանելի է կամ ստիպում է անել մի բան, որին պատրաստ չես, ապա պատասխանդ պարզ է: Կամ, ինչպես ասում են, եթե ստիպված ես հարցնել, ապա պատասխանը պարզ է:

4. Ստեղծել ուժեղ անձնական սահմաններ և կիրառել դրանք: Պահպանված ուժեղ սահմանները ոչ միայն դիմացինին դարձնում է ավելի ինքնավստահ և գրավիչ, այլև օգնում են պահպանել ինքնագնահատականը:

5. Միշտ իմանալ դիմացինի համար որտեղ ես կանգնած: Քանի որ արդեն ժամանակ ես ազատում այն մարդկանցից, ովքեր քեզ համար կարևոր չեն, կամ ում համար դու կարևոր չես, ապա կարող ես վստահ լինել, որ շփվում ես այն մարդկանց հետ, ում նպատակները մաքուր են և ովքեր ոգևորված են քեզ հետ շփվելով:

«Գրողը տանի, այո՛ կամ ո՛չ» կանոնը կիրառելի է բոլոր հարաբերություններում: Բայց սա չի նշանակում, որ հենց առաջին հայացքից ես որոշում, այո՞, թե՞ ոչ: Նույնիսկ չի նշանակում, որ պիտի կատարյալ վստահ լինես, որ այդ մարդը ճիշտ է քեզ համար, որպեսզի ընտրես այո տարբերակը: Կարող ես «Գրողը տանի, այո՛» որոշում ունենալ, ինչ-որ մեկին ավելի լավ ճանաչելու համար, երկրորդ անգամ հանդիպելու համար, քանի որ կարծում ես, որ կա պոտենցիալ: Կարող ես «Գրողը տանի, այո՛» կարծել հարաբերություններին, եթե կարծում ես որ ծագած խնդիրները կարելի է լուծել:

Իմաստը նրանում է, որ դու և դիմացինդ պիտի որոշեք «Գրողը տանի, այո՛», հակառակ դեպքում ուղակի վատնում ես ժամանակդ:

Կանոնի ամենաիրական գեղեցկությունը կայանում է նրանում, որ այն հեշտացնում է խնդիրները, որոնք կարող ես ունենալ անձնական կյանքում: Կիրառման ժամանակ կան միայն երկու խնդիր, որոնց կարող ես հանդիպել:

Առաջին խնդիրը կայանում է նրանում, որ կան մարդիկ, ովքեր երբեք «Գրողը տանի, այո՛» կարգավիճակում չեն հայտնվում: Եթե անտարբեր ես բոլորի նկատմամբ, ում հանդիպում ես, ուրեմն սխալ միջավայրում ես կամ ինքդ քեզ պաշտպանում ես՝ մնալով անտարբեր: Հիշի՛ր, որ քո աշխատանքն է մարդկանց մեջ հետաքրքրություն գտնելը, ոչ թե իրենց աշխատանքն է այն քեզ ցույց տալը: Սա կյանք է, ոչ թե առևտուր: Դիմացինին գնահատելը կարողություն է, որը պիտի զարգացնել: Սա, իհարկե, չի նշանակում, որ պիտի սիրահարվես բոլոր նրանց, ովքեր քո կողմ են շնչում, բայց նշանակում է, որ պիտի պատասխանատվություն վերցնես քո վրա և մարդկանց հետ կապ հաստատես:

Երկրորդ խնդիրը նրանում է, որ չես հանդիպում մարդկանց, որ «Գրողը տանի, այո՛» են զգում քո հանդեպ: Եթե իրավիճակը այսպիսին է, ապա ժամանակն է քեզնով զբաղվելու, քեզ կատարելագործելու: Ինքդ քեզ հարցրու, թե ինչն է, որ դիմացինին կստիպի ԱՅՈ կարծիք ունենալ: Եթե հստակ պատասխանը չգիտես, ապա աշխատելու տեղ կա: Կառուցի՛ր ինքդ քեզ:

Սա բացարձակ է բոլորի համար՝ անկախ տարիքից, սեռից, սեռական կողմնորոշումից: Ինքդ քեզ կատարելագործի՛ր: Մնացած ամեն ինչ քեզ շեղում է, ապարդյուն պայքար է մոխրագույն հատվածում: Այո՛, ճիշտ հնարքներով կարող ես ստիպել քեզ հետ հանդիպել, նույնիսկ ամուսնանալ, բայց հաղթած կլինես կռիվը՝ զոհելով պատերազմում հաղթելու հնարավորությունը:

Տիգրանուհի Գրիգորյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register