ՍԵՐ ԵՎ ԷՄԻԳՐԱՑԻԱ
Արդեն 14 տարի ԱՄՆ-ում բնակվող Մարգարետ Դերանցին հայրենիք բերողը՝ կարոտն է ու «Սեր և էմիգրացիա» գրքի շնորհանդեսը։ Սա հեղինակի թվով չորրորդ գիրքն է, բայց առաջին շնորհանդեսը։ Ասում է՝ Ամերիկայում նման միջոցառում կազմակերպելու ոչ ժամանակ կար, ոչ էլ՝ առանձնապես ցանկություն։ Հետո ժպտալով ավելացնում է՝ եթե թոռնիկները չլինեին, երևի կրկին հետ չէր գնա, կմնար այստեղ։
«Հայ գիրք» գրախանութը րոպե առ րոպե համալրվում է նորանոր մարդկանցով, ներսում գրական աղմուկ է. խոսում են կա՛մ հյուրընկալած գրողների հետ, կա՛մ գրքերն են թերթում, կամ՝ գրքերից խոսում։
Մարգարիտ Դերանցի ձախ ձեռքին հայկական եռագույնով նուրբ ապարանջան է, որը ժամանակ առ ժամանակ ուղղում է, երևի՝ հուզմունքից ու ոգևորությունից՝ միաժամանակ։ Ջերմ ժպիտով մոտենում է բոլորին, ծանոթանում, լուսանկարվում։ Ներկաներից շատերին առաջին անգամ է տեսնում՝ չնայած հյուրընկալածների մեծ մասին սոցցանցերից գիտի։
«Սեր և էմիգրացիա» գրքի խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ ևս սկզբում սոցցանցերում են շփվել, հետո խոսել գրքից, որոշել հրատարակել ու անցել գործի։ Չնայած շփումը երկարատև չէ, գրականագետը նշեց, որ արդեն հասցրել են բարեկամանալ Մարգարիտի հետ՝ ինչպես հիմնականում լինում է գրողների հետ աշխատելու ընթացքում՝ հատուկենտ բացառություններով,իհարկե։ « Դասական առումով սփյուռքահայ գրականություն, ցավոք, այսօր այլևս գոյություն չունի, որովհետև սփյուռքահայ գրականությունը կազմավորող գլխավոր հատկանիշները՝ լեզուն, դրսի փորձառությունը մեր օրերում տեղատվություն են արձանագրում: Տագնապալի լուրեր են շրջանառվում՝ լեզվի անհետացման մասին»,- նշում է գրականգետն ու հավելում, որ գրքի միակ արժեքը հայերեն լինելը չէ։ Այն իսկապես արժեքավոր է նախ հենց իր «պարունակության» համար, գրքում ներկայացվում է «էմիգրացիոն լուսնի» հակառակ ու մութ կողմը։
Իսկ Հայաստանից մութ կողմն իսկապես չի երևում, թվում է՝ հայրենիքից գնում ու հայտնվում են դրախտավայրում, բայց արի ու տես, որ իրականությունը շատ ավելի դժվար, տեղ-տեղ էլ՝ դաժան է։ «Սեր և էմիգրացիա»-ն կոտրում է գեղեցիկ պատումների շղարշը։ Գրողը նշում է. հարցը միայն կարոտը կամ սկզբնական անհարմարությունն ու փաստաթղթային քաշքշուքը չէ։ Այլ երկիրն իր օրենքներն ունի, և իր գրքով Մարգարիտը ցույց է տալիս՝ հաճախ որքան դժվար է պայքարել դրանց դեմ ու հաղթել՝ եթե ստացվի։
Արքմենիկ Նիկողոսյանն էլ մեկնաբանում է գրքի վերնագիրը. ըստ նրա, սերը մարդուն ուղղորդող ամենաաննահանջ զգացումն է, որ անկախ իրավիճակից իր պահանջներն է ներկայացնում: Սերն ու հավատն այն կարևոր ու հիմնային կապող օղակներն են, որ օգնում են հաղթահարել դժվարություններն ու պահպանել կապը՝ հայրենիքի հետ:
Մարգարիտ Դերանցի նոր գրքում արտագաղթն ու սերը քայլում են ձեռք ձեռքի տված։ Գրողը շուտով կվերադառնա ԱՄՆ, բայց իր վերջին վեպը կմնա ու կապրի հայկական գրախանութներում։ Հուսանք, հաջորդ գրքի հայաստանյան շնորհանդեսը շատ չի ուշանա։
Լուսանկարները՝ erit.am-ի։
Սյունե Սևադա