3 գիրք՝ ամռան համար

6928929-mood-girl-relax-book (1)

«Արձակուրդում եմ, ի՞նչ կարդամ»․ այս հարցը հաճախ է պտտվում սոցցանցերում, կամ իրական կյանքում՝ մեր ընկերների մոտակայքում։ «Ճամփորդն» առաջարկում է մի քանի տարբերակ՝ ամառային արձակուրդը գրքաշատ դարձնելու համար։  Ուրախ կլինենք տեսնել նաև ձեր առաջարկները, կիսվեք ձեր սիրելի  գրքերով, չէ՞ որ լավ գրքերը  բավարար չեն լինում։

Ռեյ Բրեդբըրի-Խատուտիկի գինի

Աշխարհում առկա ամենաարևոտ ու լուսավոր գրքերից մեկը արժե հենց  տարվա ամենաշոգ օրերին կարդալ․ չէ՞ որ գիրքը հենց սկսում է ամռան առաջի օրվա գալստյամբ։ Գրքում ավելի շատ պատկերավոր նկարագրություններ են, չարաճճի մտքեր, աշխուժություն, շատ-շատ, էլի շատ, անվերջ շատ արև ու ջերմություն։ «Խատուտիկի գինին»  տեքստային էսթետիկայի  փունջ է, ունի դանդաղ սյուժե, որն ամռանը բնորոշ ծուլությամբ դանդաղ հոսում է մի էջից մյուսը։ Պետք չէ շտապել, ուղղակի օրական երեսունից հիսուն էջի սահմաններում վայելեք արևը, գլխավոր հերոսի մտքերն ու բրեդբերյան ամենագեղեցիկ բառախաղերն ու նկարագրությունները։

Միլան Կունդերա – Կեցության անտանելի թեթևություն

Իրականում, այս գիրքը դժվար է դասել ամառային ընթերցանության գրքերի շարքին՝ մի խաբնվեք վերնագրում տեղ գտած «թեթևություն» բառին։

Բայց ամառը նաև մտածելու համար է։ Հենց դրա համար էլ Կունդերան լավ ընտրություն է՝ թեթև ձեռագրով խոսում է կյանքի, ընտանիքի, հարաբերությունների, ներսի խռովությունների ու խմորումների մասին։ Այսինքն՝ թեթև ոճով ծանր թեմաներ են արծարծվում, բայց գրքից հետո  լիակատար բավարարվածություն կզգաք։ Կունդերան կարողանում է վարակել ու ստիպել կտրվել աշխարհից՝ գիրքը մի քանի օրում կուլ տալով։ Ամառը լավագույն շրջանն է՝ «Կեցության անտանելի թեթևությունը» կարդալու համար, որովհետև այս գիրքը որոշակի ժամանակ է պահանջում՝ «մարսվելու» համար։ Ուրեմն նվիրեք գրքին ձեր հանգստյան օրերը, վստահ եմ՝ չեք փոշմանի։

Էլիզաբեթ Գիլբերտ- Կեր, Աղոթիր, Սիրիր

Համանուն ֆիլմը հավանաբար տեսած կլինեք։ Եթե չեք տեսել՝ դիտեք, Ջուլիա Ռոբերթսի վարակիչ ծիծաղը հաստատ կբարձրացնի ձեր տրամադրությունը։

Գիլբերտի այս գիրքն ավելի «կանացի գրականություն» է համարվում՝ սիրո, ինքդ քեզ գտնելու, կանացի առօրյա խնդիրների մասին է։ Ուղղակի մարդու մասին է, որը մի օր զարթնում ու որոշում է, որ էլ չի ուզում ապրել նախկինի նման, դուրս է գալիս կոմֆորտ զոնայից ու սովորում է ճանաչել ինքն իրեն ու հասկանալ՝ ինչ է ուզում իրականում։

Եթե անկեղծ, «Կեր, աղոթիր, սիրիրը» դժվար է համեմատել վերոնշյալ գրքերի հետ․ այն ավելի թեթև է, բարդ գրականություն սիրողներին գուցե մեկ անգամ հետաքրքրի, բայց անընդհատ չեն հիշի նրա մասին։ Բայց այն շատ հարմար է ամառային արձակուրդների համար՝ ոգեշնչում է,  թեթևություն տալիս, սովորեցնում, որ ցանկացած պահի էլ կարելի է փոխել կյանքը՝ ցանկություն է պետք։ Իսկ էլ ի՞նչ է անհրաժեշտ ամռանից՝ իհարկե խոստումներ, որ արձակուրդից անմիջապես հետո ավելի լավն ենք դառնալու։ Թեթև գրականությունը ժամանակ առ ժամանակ ևս անհրաժեշտ է։ Այս գիրքը «ֆասթֆուդ» է, բայց՝ որակյալ, այնպես որ արժե համտեսել։

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register