ԳՈՐԻՍԻ «ЗВЕРЬ»-Ը

goris4

Ղարաբաղ մեկնելու ճանապարհին թեպետ միշտ անցել եմ Գորիսով, բայց երբեք  չեմ քայլել, չափչփել քաղաքը: Գորիսն իր կարմիր, կղմինդրածածկ տանիքներով, կանոնավոր հատակագծման սկզբունքով ու համաչափ ճարտարապետությամբ յուրահատուկ քաղաքի համարում ունի: Տեղեկացնելով որ Գորիս եմ գնում, հայրիկիցս փորձեցի պարզել, թե ի՞նչ կարծիքի է Սյունիքի մարզի մեծությամբ երկրորդ քաղաքի մասին: Ասաց` Գորիսը շատ մաքուր քաղաք է: Լրագրողական գործուղման համար հետաքրքիր սկիզբ էր, հատկապես երբ պատրաստվում ես հանդիպել Գորիսում պլաստիկ աղբի հավաքմամբ և վերամշակմամբ զբաղվող պրպտուն երիտասարդների հետ:

28-ամյա Նարեկ Մկրտչյանը և հասակակից ընկերը` Դավիթ Պողոսյանը համատեղ են հիմնել «Մաքուր Գորիս» բնապահպանական հասարակական կազմակերպությունը: Այն պաշտոնապես սկսել է գործել մեկ ամիս առաջ, բայց Նարեկը, Դավիթը և ընկերները հարազատ քաղաքի մաքրությանն ուղղված գործուն քայլեր սկսել են իրականացնել դեռևս 2013 թվականից:

goris6

«Շշալցված գետը»

Նարեկ Մկրտչյան. «Չորս տարի առաջ էր, անցնում էի մեր գետի` Վարարակի մոտով ու նկատեցի, որ շատ աղտոտված է, հիմնականում պլաստիկ շշեր էին լցված: Սկզբից մտածեցի, որ կարելի է հավաքել, թափել, հետո սկսեցի հետաքրքրվել մարդկանցից, թե դրանցից ինչ կարելի է պատրաստել: Պարզեցինք, որ աշխարհում մեծ հաջողությամբ նման աղբը վերամշակում են, տարբեր ասպարեզներում օգտագործում: Այդպես 2013 թվականին  ընկերներով ստեղծեցինք փոքր խումբ, որն անվանեցինք «Մաքուր Գորիս» համայնքային խումբ: Սկզբնական շրջանում հավաքում էինք պլաստիկ աղբը, վերավաճառում էինք: Շատ դեպքերում չէինք կարողանում ավելի շատ հավաքել, քանի որ չմշակված վիճակում ծավալային է լինում:

goris2

«Սոցիալական ձեռներեցություն». դրամաշնորհային ծրագիր

2016 թվականին ծանոթացանք Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Համայնքային զարգացումը սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրին: Ներկայացրեցինք  մեր ծրագիրը, մասնակցեցինք դասընթացների: Մեր ներկայացրած  ծրագիրը հավանության արժանացավ: Ստանձնած պարտավորությունների համաձայն` մեր ունեցած շահույթի 50 տոկոսից ավելին ներդնելու ենք համայնքի զարգացմանը: Մասնավորապես` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին դպրոցական դասագրքեր և գրենական պիտույքներ ենք տրամադրելու: Նաև աջակցելու ենք խոցելի ընտանիքների երիտասարդներին՝ կաթնամթերքի և հանքային ջրերի արտադրանքի  նախաձեռնություններում: Բացի այդ, անպայման չէ, որ աջակցությունը լինի գումարի տեսքով: Եթե բակում խաղահրապարակ չկա, կարող ենք այդ ուղղությամբ աշխատել»:

«Զվեր» ինքնաշեն տեխնիկան

Նարեկը ապահովագրական ընկերության տնօրեն է, Դավիթը վարկային ավագ մասնագետ: Այնուհանդերձ, նրանք չեն վախեցել ձեռքերը «թաթախել» ու մուտք գործել իրենց համար անծանոթ հաստոցաշինության ոլորտ: Նրանք հպարտությամբ ցուցադրում են հիդրավլիկ մամլող սարքը, որի միջոցով վերամշական ենթակա աղբը՝ տոպրակներն ու շշերը ճզմվում են և ծավալով մի քանի անգամ փոքրանում, ինչի արդյունքում էլ զգալիորեն հեշտանում է դրանց պահելը կամ տեղափոխելը:

Դավիթ Պողոսյան. «Ով տեսել է, ում ասել ենք, որ մենք ենք պատրաստել այս սարքը, չեն հավատացել: Սա մեր «Զվերն» է: Եկել տեսել են մեզ՝ կոստյումներով, ու չեն հավատացել (ծիծաղում է,-խմբ): Ասում եմ՝ եկեք ժամը վեցից հետո, իմ հիմնական աշխատանքից հետո, կտեսնեք` այստեղ ես բանվորական շորերով գործ եմ անում:«Զվերի» օգնությամբ այժմ ամեն ինչ այլ է: Օրինակ` մենք պայմանավորվել ենք որոշ խանութների հետ, մեզ տալիս են նետելու ենթակա տոպրակները: Ամբողջությամբ տոպրակներով լցված «Գազելի» պլաստիկ աղբը մոտ 100 կիլոգրամ է կազմում, «Զվերով» անցնելուց հետո մնում է նույն քաշի, բայց ծավալով դառնում է երկու փոքր ուղղանկյունանիստ՝ յուրաքանչյուրը 30 սմ բարձրությամբ և 50-ական կիլոգրամ քաշով:

Հաստոցի հետ կապված ամեն ինչ մենք են նախագծել, պատրաստել:  Սարքը զրոյից հավաքել ենք: Երեք ամիս տևեց: Մասերը տարբեր տեղերից ենք ճարել: Պատրաստելուց հետո թևաթափ էինք եղել: Թե՛ ես, թե՛ Նարեկը վարկ էինք վերցրել, մեկ միլիոն դրամ ծախսեցինք: Տարբեր մարդիկ հետաքրքրվեցին, մեկ և կես միլիոն դրամ էին առաջարկում, ուզում էին գնել, բայց մենք թեկուզ հինգ միլիոն առաջարկեին, չէինք վաճառելու: Մեր ղսմաթն է, մեր թիմի առաջնեկն է»:

Վերամշակման գործընթացը

Մինչ այժմ այստեղ հավաքված հումքը վերամշակման համար Երևան էինք ուղարկում «Ֆորդ» ավտոմեքենայով: Սկզբնական շրջանում 600 կիլոգրամից ավելի չէր կարողանում տանել՝ ծավալի պատճառով: Իսկ այժմ մամլիչ սարքի գործարկումից հետո` 1.5 տոննա է տեղափոխում :

Այնտեղ վերամշակում են, ստանում երկրորդ կարգի տոպրակներ: Ընդհանրապես տոպրակները երեք կարգի են լինում: Առաջին կարգի համարվում են անգույն տոպրակները, որոնք նախատեսված են՝ հացի, սննդի համար, երկրորդ կարգի են գունավոր տոպրակները՝ տնտեսական, շինարարական ապրանքների համար: Երրորդ կարգինը՝ աղբի համար օգտագործվող սև տոպրակներն են: Եթե լվացման ցեխ ունենանք, կկարողանանք նաև առաջին կարգի տոպրակների համար վերամշակման հումք պատրաստել: Հետաքրքիր է, որ վերամշակման արդյունքում ընդհանուր քաշի քանակով գրեթե երբեք կորուստներ չեն լինում` 45 կգ հումքից ստացվում է նույնքան նոր տոպրակ: Պլաստիկ շշերի և տոպրակների մշակման միջև մեկ տարբերություն կա, խցանը պետք է հանել:

goris5

Մենք ունենք հավակնոտ ծրագրեր: Պատրաստվում ենք նոր տեխնիկական սարքավորումների միջոցով կատարել վերամշակման առաջին փուլը, գուցե հետագայում նաև ամբողջությամբ: Առայժմ բավարարվում ենք սոցիալական ձեռներեցության ծրագրով մեզ հատկացվող և հատկացվելիք ֆինասավորմամբ: Հաջորդող՝ լրացուցիչ ֆինանսավորումը մեզ վերամշակման նոր փուլի հնարավորություն կտա` արտադրողականությունից մինչև որակ: Իրականում սարքավորումները շատ թանկ են` 7000-65000 դոլարի սահմաններում: Դրամաշնորհի ֆինանսն էլ այս պահին չի հերիքում, բայց մենք փորձում ենք մեր ձեռքով էլ պատրաստել:

Առայժմ անհրաժեշտ է լվացող սարքը, աղացը (շշերի համար) և «գրանուլի» սարքը: Մեր տեղեկություններով Կապանում մտադիր են աղբի վերամշակման կետ բացել և պատրաստել տանիքի ամուր և էժան կղմինդրներ: Մեզ համար շատ հարմար կլինի, որ կուտակված հումքը տեղափոխվի ոչ թե Երևան, այլ հարևան Կապան»:

goris3

Համաքաղաքացիների արձագանքը

Գորիսցիները մեր նախաձեռնությանը մի տեսակ խորթ աչքով էին նայում: Շատերի համար հասկանալի չէ, թե մեր ինչի է պետք այս ամենը: Երևի 1-1.5 տարվա ընթացքում մարդիկ ընկալեցին, որ ոչ թե մեր շահույթի համար ենք անում, այլ ընդհանուր, հանրօգուտ գործ ենք կատարում: Մեր հիմնական նպատակն է տեսնել Գորիսը մաքուր, ազատված պլաստիկ շշերից և թափոններից: Ամենաանկեղծ և տպավորիչ փաստարկս այս է` հարցնում եմ գորիսցիներին, թե տեսե՞լ են Սիսիանի գետը, ինչո՞ւ է այն Վարարակից մաքուր: Ես Սիսյանը չեմ սիրում, բայց երբ նրանց գետը տեսնում եմ, ուզում եմ խմել այդ ջրից, լողանալ այնտեղ: Հավատում եմ, որ մի օրէլ մենք ենք այստեղ տեսնելու մաքուր Վարարակ»:

Ծրագիրը կյանքի կոչելու և ինքնաշեն տեխնիկայի պատրաստման ընթացքում Դավիթին և Նարեկին օգնել են ընկերներն ու հարազատները` Սուրեն Միրաքյանը, Սարգիս Համբարձումյանը, Վահե Տատինցյանը, Վահե Բոլունցը, Սեյրան Պողոսյանը, Սաշիկ Պողոսյանը ու Հայկ Աբրահամյանը:

 

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register