ԳՈՀԱՐ ԱՔԵԼՅԱՆ

Gohar-Aqelyan

Խորագրի հյուրն է գրականագետ, «Հանրային լրագրության ակումբ»-ի նախագծերի համակարգող Գոհար Աքելյանը:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»: – Ուսուցչի, աշակերտի, ուսանողի հանդեպ բացառիկ հարգանքը: Կրթարանները պիտի պայծառ, լուսավոր հաստատություններ լինեն` ֆիզիկական և բարոյական իմաստներով, որ ուսումնական գործընթացն էլ հոգևոր տոնի վերածվի:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը: – Քաղաքապետարանին հատկացված բյուջեի կրճատում` հօգուտ ՀՀ այլ քաղաքների: Այնուհետև խիստ հսկողություն կսահմանեի առկա ռեսուրսների նպատակային կիրառման վրա:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը: – Երբ օրենքի առաջ հավասար դառնան բոլորը, ստեղծվեն ձեռներեցության համար արդար մրցակցային պայմաններ, քաղաքացին իր ձայնի` քվեի տերը լինի, իսկ սփյուռքն էլ  դադարի ընկալվել իբրև «առատության եղջյուր»…այ այդ ժամանակ էլ Փոքր Մհերը դուրս կգա ժայռից (ժպտում է, –խմբ):

– Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ: – Դժվար է երեք հոգու ընտրել, և որքան երկար մտածեմ, այնքան ավելի շատ պայծառ ու հեղափոխական դեմքեր կհայտնվեն աչքերիս առաջ, այնպես որ պատասխանս խիստ պայմանական է՝ Մեսրոպ Մաշտոց, Եղիշե Չարենց, Վիկտոր Համբարձումյան։

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք: – Սրբագրումով դժվար գործը գլուխ գա, ահագին խմբագրելու բան կա, նույնիսկ՝ որոշ էջեր «զրոյից գրելու» կարիք կլինի, օրինակ բոլոր այն «էջերը», որոնցում հատ առ հատ կոտրվում է ազգի ողնասյունը՝ հասնելով 1915-ի։

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել: – Տղայիս՝ մի քանի ամսվա ընթացքում մարդուկ դառնալը, օր օրի նոր հմտություններ ձեռք բերելը, մարդու միջի բնությունն առհասարակ, և էվոլյուցիան. զարմանալի է՝ ինչպես են նախամարդիկ (նախամայրերը) մինչ քաղաքակրթության հասնելը դիմացել երեխաներ մեծացնելու դժվարությանը:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը: – Ոչ մի բաղադրատոմս էլ չունեմ, պարզապես անում եմ անելիքս և աշխատում եմ լավ անել։

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register