ԳԻՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ. ԵՐԵՔ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ ԽԱԲԵԼ ԵՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԱՄՍԱԳՐԵՐԻ

4

Տարվա գիտական սկանդալը. կեղծ հետազոտություններ՝ կեղծ գիտությունը բացահայտելու համար:

Արևմտյան գիտական աշխարհը ցնցված է նոր սկանդալից: Երեք հարգված գիտնականներ խոստովանել են, որ մեկ տարի շարունակ բարոյական նորմերին չհամապատասխանող փորձ են արել:

Նրանք միտումնավոր կերպով գրել են անհեթեթ գիտական հոդվածներ սոցիալական գիտությունների տարբեր ուղղությունների վերաբերյալ, որպեսզի ապացուցեն, որ այդ ոլորտում գաղափարախոսությունն ավելի մեծ ազդեցություն ունի, քան բանականությունը:

Աշխատանքները ներկայացվում էին կեղծ անունների տակ, և, ինչպես և հեղինակները ենթադրում էին, կեղծ գիտական հոդվածները բարեհաջող ստուգումներ էին անցնում և տպագրվում: Հոդվածներից մեկն, օրինակ, այն մասին է, որ այգիներում շների սեքսը պետք է համարել բռնաբարության մշակույթի մի մաս: Տվյալ հոդվածն անգամ մրցանակ է ստացել:

«Գիտությունը մեր առջև պայման է դնում, որ պետք է բացահայտել ճշմարտությունը, սակայն սոցիալական հետազոտությունների ոլորտում ճշմարտությունը ոչ մեկին դուր չի գալիս», – ասում են նրանք: Կարևորը բարոյական նորմերին համապատասխանելն է:

Այդ գիտնականները Ջեյմս Լինդսին, Հելեն Պլակռոուզը և Պիտեր Բոգոսյանն են:

Լինդսին մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, հայտնի սկեպտիկ, աթեիստ  և մի քանի սկանդալային գրքերի հեղինակ. «Բոլորը սխալվում են Աստծո հարցում» և «Կյանքը մահվաn լույսի տակ»:

Պլակռոուզը Վերածննդի դարաշրջանի կրոնական գրականության մասնագետ է: Իր լուրջ աշխատություններում նա ուսումնասիրում է, թե ինչպես էին 14-17-րդ դարերում կանայք օգտագործում կրոնական տեքստերը իրենց իրավունքները պաշտպանելու համար:

Բոգոսյանը, ով այս եռյակից ամենահայտնին է, Պորտլենդի համալսարանի դասախոս է: Նա փիլիսոփայական գիտությունների դոկտոր է, ով մասնագիտացել է դասավանդման փիլիսոփայության, կրիտիկական մտածելակերպի մասին հետազոտություններում: Նաև գիրքերի հեղինակ է:

Հանդիսանալով բարձրագույն կրթության համակարգի աշխատակիցներ և գիտական հանրության անդամ՝ նրանք պնդում են, որ սոցիալական գիտությունների որոշ ոլորտներում ամուր դիրք են բռնել գիտական աշխատանքներ, որոնց հիմքում ոչ այնքան ճշմարտության Որոնումներն են, այլ չարաշահումների և սոցիալական անարդարությունների մասին գիտական աշխատությունները:

Նման աշխատանքների հեղինակները հաճախ են ազդեցություն ունենում ուսանողների, ադմինիստրացիայի և այլ ֆակուլտետների աշխատակիցների վրա՝ ստիպելով իրենց տեսակետներին աջակցեն: Իսկ այդ տեսակետները միշտ չէ, որ գիտական հիմքեր են ունենում:

2017 թվական օգոստոսից այս եռյակը կեղծ անուններով ուղարկել է շուրջ 20 գիտական հոդվածներ վստահելի և հարգված գիտական ամսագրերի: Թեմաները տարբեր էին, սակայն բոլորը ուղղված էին սոցիալական անարդարությանը՝ ֆեմինիզմ, արական մշակույթ, ռասսայական պատկանելություն, սեռական կողմնորշում և այլն:

Յուրաքանչյուր հոդվածում ինչ-որ ծայրահեղական սկեպտիկ տեսություն էր ներկայացվում, որը քննադատում էր սոցիալական համակարգը:  Միևնույն ժամանակ աշխատանքները բացահայտ անհեթեթություն էին, քանի որ հեղինակները միտումնավոր են հումորով գրել, որպեսզի հետազոտության լրջության հանդեպ կասկածներ առաջանան:

Գիտական տեսանկյունից հետազոտությունները ոչ մի քննադատության չէին դիմանա: Առաջ քաշվող տեսությունները չէին հիմնավորվում թվերով, հաճախ հղումներ էին արվել գոյություն չունեցող հեղինակներին և այլն: Աշխատանքներից մեկում առաջարկում էին տղամարդկանց դաստիարակել այնպես, ինչպես շներին: Մյուսում ճարպակալման ամենաբարձր աստիճանը դիտարկվում էր որպես առողջ մարդու բանական ընտրություն:

20 աշխատանքներից առնվազն 7-ը տպագրվել էին: Օգոստոսին Wall Street Journal-ից լրագրող է զանգահարել այգիներում շների սեքսը բռնաբարության մշակույթի մի մաս համարելու մասին հոդված վերաբերյալ: Լինդսին անկեղծ պատասխանել է, որ սա գիտական փորձ է և խնդրել է, որպեսզի սպասեն, մինչ իրենք ծրագիրը արագացված կերպով ավարտին մոտեցնեն: Արդյունքում բացահայտման մասին հոդվածը տարածվեց միայն հոկտեմբերին:

Իրենց տեսահոլովակում եռյակը ասում է, որ իհարկե գենդերային, ռասայական, սեռական կողմնորոշման խնդիները պիտի ուսումնասիրվեն, բայց այստեղ խնդիրը ուսումնասիրության մեթոդի մեջ է, ոչ թե թեմայի: Նրանք համոզված են, որ իրենց գիտական կարիերան ձախողված է, սակայն այս փորձը համարում են հաջողված:

Գիտական ամսագրերը խոստացել են հեռացնել եռյակի գրած հոդվածները իրենց կայքերից, սակայն ոչինչ չեն ավելացրել, թե ինչու են այդ հոդվածները այդտեղ հայտնվել:

Տիգրանուհի Գրիգորյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register