Սեպտեմբերը Հայաստանում փառատոնաշատ է լինելու. Արցախյան գինու փառատոնից մինչեւ «Քյավառա կարտոլ»

Թեժ ամռանը Հայաստանում փոխարինելու է գալիս բերքառատ աշունը: Պատահական չէ, որ ողջ սեպտեմբերին Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպվելու են համեղ ու բերքաշատ փառատներ՝ Գաթայի փառատոնը Վայոց ձորի Խաչիկ գյուղում, Գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնը Երեւանում, «Մեծ փուռ» փառատոնը Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքում (Քյավառա կարտոլ), Գինու փառատոնն Արցախի Տող համայնքում եւ այլն:
Փառատոների մասին «Ճամփորդն»-ն առաջիկայում կպատմի առանձին-առանձին: Այժմ առաջարկում ենք տրամադրվել Արցախում արդեն ավանդական դարձած գինու փառատոնին մասնակցելուն:
Սեպտեմբերի 15-ին Արցախի Տող գյուղում (Հադրութի շրջան) կհավաքվեն Հայաստանի և Արցախի լավագույն գինեգործները՝ արդեն 5-րդ անգամ միասին տոնելու Արցախյան Գինու Փառատոնը: Հյուրերին սպասվում է գինու տոնավաճառ, արվեստի և արհեստի ցուցադրություն, մշակութային ծրագիր ու համերգ: Արցախյան գինու փառատոնը հրաշալի առիթ է բերքահավաքի սկիզբն ու ամռան հրաժեշտը տոնելու համար:
Գինու տոնավաճառը բաց է լինելու առավոտյան ժամը 10։00-ից, իսկ մշակութային ու համերգային ծրագիրը կսկսի ժամը 15։00-ից։
Ժամը 10:00-ից մինչև 13:30-ը ամեն կես ժամը մեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ավտոբուսներ կգործեն դեպի փառատոնի անցկացման վայրը և հակառակ ուղղությամբ (ժամը 19:00-ին): Տոմսերը կարելի է ձեռք բերել Վերածննդի հրապարակում գտնվող զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնից: Մեկ տոմսի արժեքն է 1000 դրամ: